ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի
ՄԱՆԻԿ ԱՃԵՄՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԻՆՔՆ ԷԼ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՐ 60-ԻՆ
…Դժվար է հավատալ, որ իմ և Մանիկ Աճեմյանի ժամանակը նույնն է եղել, որ նա արդեն 60 տարեկան է: Չհավատալուս պատճառը հենց Մանիկի կենսագրությամբ է պայմանավորված` միշտ մանուկների ու պատանիների կողքին, միշտ նրանց հետ և նրանց համար ու մտածել եմ` ոչ թե 1955, այլ առնվազն 80-ականների ծնունդ է: Վստահ եմ, Մանիկն ինքն էլ չի հավատում իր 60-ին, որովհետև նրա երկխոսությունը մանուկների ու պատանիների հետ շարունակվում է ու այդ երկխոսության վերջը չի երևում: 1994 թ. «Պիոներ կանչ» մանկապատանեկան թերթում շարունակեց «Բողբոջներ» գրական խմբակի ավանդույթները: 22 տարվա աշխատանքային տարիներով իմաստնացած՝ ՀԳՄ-ի աջակցությամբ հիմնեց «Արեգնածին» գրական ակումբը: Նպատակը` հայրենիքը պաշտպանող, հայրենիքի սրբություններով ապրող քաղաքացիներ ու զինվորներ դաստիարակելն էր:
2006 թվականին «Արեգնածինը» գրանցվեց որպես գրական բարեգործական հասարակական կազմակերպություն, իր գործունեությունը շարունակելով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող Նորքի հայորդաց տանը` գրական-ստեղծագործական հեղինակային դասընթացների շրջանակում, պահպանելով Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում իր սկզբնավորած «Գրական սրճարանի» գաղափարն ու ոգին: Նույն 2006-ին, «Եթեր» թերթում հեղինակած «Փոքր Մհեր» գրական էջը նրա ինքնաարտահայտման նոր դրսևորումն էր, մանկապատանեկան միջավայրին հաղորդակցվելու նոր հնարավորություն, որի օգնությամբ Մանիկը փորձում է 20-րդ դարի հայ մշակութային ժառանգությունը 3-րդ հազարամյակի սերունդներին փոխանցել: Եվ այս ամենը ոչ միայն կենսագրական շտրիխներ են, այլև ապրելակերպ ու կենսաձև, բովանդակություն ու այլևս ճակատագիր: Լուսավորի, մաքուրի, մանկական գունավոր երազանքների միջավայրը նաև Մանիկի պոեզիայի աշխարհն է, աշխարհ առանց հավակնությունների, անմիջական, ինչպես իր նվիրումը սիրած գործին: Վստահ եմ, Մանիկի համար 60-ը ընդամենը թվաբանություն է և ոչ տարիք: Տարիքի համար նա դեռ ճանապարհ ունի անցնելու:
Սամվել ԿՈՍՅԱՆ
Մանիկ ԱՃԵՄՅԱՆ
Բանաստեղծության հետադարձ հասցեն
1
Վերադարձի համար
Երգդ պիտի հառնի
Կանչող ելևէջի
Սպասման մեջ.
Նույնն է օրվա ժամը.
Կրկնվում է ԲԱՐԻՆ,
Նորը գալիքն է դեռ
Խոստումի պես ուրախ,
. . . . . . . . . . . . . . . . . . . . .
Կյանքը մեր երազն է`
Հույսի օրը երազ…
2
Օրվա նորահայտ
Ճամփաբաժանում
Հառնում է ԲԱՐԻՆ.
Ի վերուստ ընծա`
Յուրաքանչյուրիս:
Բայց…
Համբերություն.
Այս ժամին ուրախ
Երազանքներն են
Օրորում մարդուն
Քնած, արթմնի…
. . . . . . . . . . . . . . . . . .
… Միայնության մեջ
Լույսն ու ստվերը
Չի էլ նշմարվում:
Նա, ով չի քնում.
Իր համար օրը
Ժամանակն է նույն,
Ցերեկը` կեսօր,
Իսկ երեկոն` ուշ:
3
…Գարնանային օր է,
Տոն է
Այգում:
Իրիկունի հյուսած
Ելևէջում
Տոն է կրկին
Ու նոր
Ուրախություն:
Հիշողության պարգև,
Հույսի մտերմություն,
Եվ… կրկնվող երգ է
Մեր որոնած
Օրվա
Փախչող ստվերներում…
4
Վստահեցիր
Օրվան ԲԱՐՈՒ
Համբավ,
Ուղեկցեցիր
Ամռան
Արահետով,
Մեր ետևում մնաց
Գարնան դայլայլը,
Երբ`
Երգը հնչում էր դեռ`
Արձագանքում…
Վստահեցիր
Օրվան
ԲԱՐՈՒ համբավ.
Հորիզոնում
Աշուն
Դեղնագանգուր:
. . . . . . . . . . . . . . . . . .
… Կես քայլ միայն
Եվ ճանապարհ`
Դեպի անհունները
Անվերադարձ ու լուռ:
… Ելքը ժամանակն է
Հորիզոններ չափող:
5
Ընդվզեց
Բարու ակնթարթը և…
Ժպտաց հողեղեն:
Գարնան անձրևը
Նա նաև սիրեց:
Ձնհալից առաջ
Հողմերի վայրագ
Շառաչյունի մեջ
Սերն իր անթեղեց:
Երբ ժամը վերուստ
Հնչել էր արդեն,
Անհետացել էր
Հուսախաբ հոգու
Հառաչանքի մեջ:
6
Երբ անսկիզբ օրը
Նույնանում է հոգուդ,
Շուրջը ճերմակում է,
Ձյուն է իջնում վրադ,
ԲԱՐԻՆ տխրության հետ
Մթնշաղ է դառնում,
Ժամանակը վերջ է
Ուրվագծում…
7
Օրը լռում է
Վերածնված երգ է,
Անդորր:
Լսողությամբ
Կրկին
Հույսի ելևէջ է:
Քեզ ընծայված
Ժամը
Լույսի հետագիծն է
Վերջին անգամ տրված
Ու անկորուստ:
8
Հեռու,
Միայնակ, առանձին.
Կորուստը` կարոտ,
Իսկ գտնվածը`
Ուրախության օր,
ԲԱՐՈՒ հիշատակ՝
Ապրում ու զղջում:
9
Բանաստեղծության
Հետադարձ հասցեն
Նույն հարկի տակ է,
ՈՒր ժամանակը
Ապրելիք օրվա
Ակնկալիքն է:
Հուշ է անցյալը,
Որ կրկնվում է
Հորիզոններում:
. . . . . . . . . . . . . . . .
Լույսը ժպիտ է,
Հմայքը` նորի
Մտերմություն…