Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՀՍԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՆ…
Տղերքը կանգնած են սահմանում,
Հույս ու լույս ամենքը մի տան…
Արթուն եմ, քունս չի տանում.
Տղերքին չլինի մի բան…
Տղերքը կանգնած են սահմանում,
Կրակում, կռվում են շարունակ,
Սիրտս տագնապ է մանում.
Ինչու ես կանգ առել, ժամանակ…
Տղերքը կանգնած են սահմանում,
Աղավնիս պետք է լուր բերի,
Բայց անգղեր են օդում սավառնում,
Լսում եմ զարկերը թևերի…
Տղերքը կանգնած են սահմանում,
Աղավնիս տեղ հասնի երանի,
Բայց այս ով է շարունակ ձայնում.
– Գիշերը աղավնի կլինի…
Տղերքը կանգնած են սահմանում,
Արթուն ենք ես ու աղավնին…
Աշխարհին նա լուր է տանում.
– Տղերքը հսկում են ՀԱՅՐԵՆԻՆ:

ԵՐԲ ԴՈՒ ԳՆԱՑԻՐ…
Տանիքներից վայր է ընկնում գիշերը,
Առավոտը քսվում է պատուհանին,
Լույսը շոյում է օրվա փեշերը,
Տերևները թափվում են քնատ մայթերին-
Դու գնում ես…
Դատարկությունն է ճչում մահճակալից,
Ես քո անգո ստվերն եմ շոյում,
Մատներիս արցունքդ է սառչում,
Կարոտն է մնում ինձ քո նվերը-
Դու հեռանում ես…
Իմ ձեռքից սահում եք անդարձ.
Դու, հույսն ու աղոթքը,
Այս ինչ ծանր են ցավն ու մորմոքը,
Ավա՜ղ, էլ չկա վերադարձ-
Դու հեռու, հեռու ես…
Այսպես չեն լքում նույնիսկ օտարին,
Դու ինձ ես թողնում բոլոր ցավերը,
Մարմինս ես խաչում մթի տաճարին,
Տանջվում եմ… գրկած բոլոր մահերը-
Դու հանգչում, մարում ես…
Անուժ ելնում եմ տնից,
Ստվերս ուշաթափ է մայթին,
Ուր որ է մի երգ ծղրիդից,
Եվ արցունքը գիշերվա այտին-
Դու արդեն չկաս….

ԲԱՅՑ ԴՈՒ ՉՏԵՍԱՐ
Թառամում են ծաղիկները,
Օրվա աչքերից թափվում է կարոտ,
Տես, ինչ գույնի է
ՍՊԱՍՈՒՄՍ…
Մոլոր ու ցավոտ են քայլերս,
Կորցրել եմ ճամփաներս բոլոր,
Տես, ինչ այրող է
ԿԱՐՈՏՍ…
Արյունս գալարվում է ցավից,
Այլևս չկա սփոփանք,
Տես, ինչպիսին է
ՏԱՆՋԱՆՔՍ…
Հավքերը երգում են տխուր,
Մայրամուտը խոստանում է թախիծ,
Տես, ինչ աղի է
ԱՐՑՈՒՆՔՍ…
Երկինքը հագնում է ծիրանի,
Ծառերն՝ այրվող մոմեր,
Տես, ինչ տխուր է
ԱՂՈԹՔՍ…
Անհույս գրկում եմ գիշերը.
Խավարին խոստանում մեծ սեր,
Տես, թե ինչ խենթ է
ՍԵՐՍ…

***
Մի աղջիկ էր այգում շրջել,
Դուրս էր գալիս լուսադեմին,
Գոգնոցի մեջ վարդի փնջեր
Ու մրգեր-շաղը թշին
Ու մորի-ճաքը շուրթին…
Ոտքը հանկարծ դիպավ քարին,
Կամ մասրենին քաշեց փեշից
Ու բաց թողեց գրկից փերին.
Ալ վարդերը, միրգն ու մորին
Ու բոլորը փռվեց մեկից
Պաղ լեռների թարթիչներին…
Միջով տեսա իմ փանջարի,
Հիմի ելնեմ, այգին գնամ,
Անցնեմ կողքով փուշ-բանջարի,
Ծաղկի թիկնած փունջը բանամ
Ու երբ տեսնեմ փերուն իմ կույս,
Ախր ինչպես չխենթանամ…
Ոտքն է ցավում- էլ ուր գնա,
Մնացել է լուռ ու անհույս.
Ու չի կարող ծածկել հիմա
Կրծքերն իր բաց, կրծքերն իր լույս…
Սակայն ինչու պիտի փակի,
Այդպես բացված թող միշտ մնա,
Այդ է ճամփան Արեգակի…
Աղջի՛կ, ջա՛նս, այդպես մնա,
Լուսաճամփով գալիս է ՆԱ…

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ…
(Կեսակատակ)
Ցուրտ է ու անձրև,
Ստվերներ տձև,
Ամեն ինչը գորշ,
Օրդ` անորոշ,
Բախտ բաժանելիս
Ուր էիր ման գալիս,
Չստացար ոչինչ…
Հիմա ասա. ինչ,
Հո չես լացելու,
Արցունք թափելու,
Հավատա. շուտով,
Արևն իր ոտով
Կգա քեզ այցի,
Դու դուռդ բացի…
Նստիր քո թախտին,
Սպասիր բախտին…
Բախտ բաժանելիս
Քեզ էր ման գալիս,
Իսկ դու` հիմարդ,
Ազնիվ, արդարդ.
Չիմացա՞ր արդյոք,
Հենց այնպես ոչ ոք
Քեզ մոտենալու
Եվ բախտ չի տալու…
Եթե չես տվել ոչինչ նախապես,
Ասա, էլ ումից դու բախտդ կուզես…
Մինչև չլինի կաշառքի փողը,
Քեզ չի մոտենա բախտ բաժանողը…
Էլ մի՛ նեղանա քո ձախորդ բախտից,
Ինչ որ եղավ, քո հիմար խելքից…
Ցուրտ է ու անձրև…
Բախտ ստանալը ունի լոկ մի ձև…

***
Լույսը-սարին լարախաղաց,
Մութը-գետնին կպավ, մնաց…
Լույսը սարից կամաց իջավ
Ու քարափի ծոցը մտավ,
Ապա տոտիկ ու խորոտիկ.
Եկա՜վ նստեց արտին մոտիկ,
Ասաց.- «Ցորեն, ծափ – ծփանի,
Գիտե՞ս քունս ոնց կտանի,
Ծոցիկդ բաց, մի քիչ քնեմ,
Օրը բացվի, նոր կելնեմ»:
Արտ ու ցորեն խիստ զարմացան,
Սվսվացին, իրար անցան.
– Վա՜յ բոլորին, մեր սև օրին,
Քանի ժամ կա դեռ կեսօրին,
Դու ինչ կանես, ա՛յ սերմնացան,
Հնձի օրերն եկան – անցան,
Թե որ քնի Լույսը հանկարծ,
Ոնց կհնձես արտը հասած…
Սերմնացանը եկավ մոտիկ,
Նայեց Լույսին շողատոտիկ.
– Մի սխալ կա, կա երևի,
Դստրիկը չես դու Արևի,
Թե չէ ինչպես քուն ես մտնում,
Հանդ ու սարեր թողած մթում…
Լույսը լսեց սերմնացանին
Ու հիշեց Լուսին նանին.
– Ես քո տատն եմ, իմ լուսերես,
Արեգակն էլ մայրդ է հրկեզ,
Իսկ աստղերը, որ տեսնում ես,
Հարազատ քույրեր են քեզ…
Լույսը հիշեց խոսքը նանի
Ու էլ քունը ոնց կտանի,
Ճախրեց նորից, թառեց սարին
Ու նայեց այս աշխարհին.
– Արտ ու ցորեն մով դաշտերի,
Առեք լույսը իմ թևերի,
Ինչպես կարա քունս տանի,
Երբ թոռնիկն եմ Լուսին նանի,
Ոչ մի կասկած, կամ երևի…
Հաստատ դուստրն եմ ես Արևի,
Արի, մայրի՛կ, փռենք ԼՈՒՅՍԸ,
Թող միշտ լինեն կյանքն ու հույսը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։