Էդվարդ Միլիտոնյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հունիսի 24-ին Նկարիչների միությունում բացվեց Էդվարդ Միլիտոնյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը բացման խոսքում Էդ. Միլիտոնյանի աշխատանքները բնութագրեց իբրև պայծառ, լուսավոր, շատ երազկոտ ու դրական ստեղծագործություններ, որոնք թույլ են տալիս հեղինակին լիցքաթափվել, ազատվել օրվա հոգսերից և դրական լիցքեր ստանալ: «Շատ երազկոտ, շատ ազատ և՛ ոճային առումով, և՛ մտածելակերպի մեջ,- ասաց նա և հավելեց,- Էդ. Միլիտոնյանը եթե փորձեր ստեղծագործել ծավալային կերպարվեստում, ապա կստեղծեր հոյակապ քանդակներ: Եթե գնար կինոարվեստ, կունենայինք Էդվարդ Միլիտոնյան հրաշալի ռեժիսոր: Բայց նա ընտրեց այս ուղին և տարիներ առաջ դարձավ Նկարիչների միության պատվավոր անդամ»:
Ըստ արվեստաբան Մարտին Միքայելյանի՝ Էդ. Միլիտոնյանի մեջ ազատությունն է ապրում, որն ավելի հետաքրքիր է ու անսպասելի: «Իր ինքնատիպությամբ միշտ թարմություն է բերում»,- ասաց նա: Գեղանկարիչ Սամվել Սևադան հիշեց տարիներ առաջ ԱՄՆ-ում կազմակերպված Էդ. Միլիտոնյանի անհատական ցուցահանդեսը, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Նրա հավաստմամբ` հազվադեպ է, երբ նկարչի ցուցահանդեսին մասնակցում են նաև գրողներ, որովհետև «սովորաբար գրողների միջոցառումներին գրողներն են մասնակցում, նկարիչների ցուցահանդեսներին` միայն նկարիչներ»:
«Ինձ ուրախացնում է, երբ ստեղծագործողն իր գործերում ներկայացնում է իրականության, երևակայության, ներշնչանքի այն լիցքերը, որոնք ստանում է երկնքից ու կարողանում է հողին կանգնած լինելով, երկրային լինելով՝ ներկայացնել գեղարվեստական խոսքը: Էդ. Միլիտոնյանն իր մեջ կրում է գրական-գեղարվեստական, գեղանկարչական, նաև մյուս արվեստների հետ կապվող ներունակությունը»,- ասաց բանաստեղծ Արևշատ Ավագյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։