Կյանքի զգացողություն «Երիտասարդ գրողների անթոլոգիայում»

Երիտասարդ գրողների անթոլոգիաՄարտի 5-ին ՀԳՄ «Բանավեճի ակումբում» տեղի ունեցավ «Երիտասարդ գրողների անթոլոգիա» գրքի քննարկումը: Անթոլոգիայում ընդգրկված են 16 բանաստեղծի, 18 արձակա­գրի և 1 դրամատուրգի ստեղծագործություններ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ուրախալի փաստ համարեց անթոլոգիայի հրատարակումը, որտեղ ընդգրկված հեղինակների մի մասը գրքեր ունեն, ՀԳՄ անդամներ են և արդեն որոշակի քայլեր են արել գրականության մեջ, ինչպես նաև` կան անուններ, որոնք դեռ գրքերի հեղինակ չեն, տպագրվել են թերթերում, ամսագրերում: «Այս հեղինակների` իրար կողք լինելը տարբեր գույների, ձևերի, ասելիքների, գրական խոսքի կառուցվածքների և այլնի հետաքրքիր ցուցափեղկ է դառնում»,- ասաց նա: Էդ. Միլիտոնյանը կարևորեց ասելիքի մեջ բառի ունեցած դերը` ոչ թե անաղարտ գրելու կոչ անելով, այլ պարզապես բառը գրելիս նրա նշանակության, նպատակի, դերի վրա ուշադրություն դարձնելով: «Հայհոյանքը խիզախում չէ: Դա գրականության համար երբեք խիզախում չեմ համարել, կարող են բաց տեսարաններ նկարագրվել, բայց գրականություն լինի: Իմ ցանկությունն է ոչ թե գրականությունը մաքրել նման բաներից, այլ բառը իր տեղում տեսնել»,- ընդգծեց նա:
Դրամատուրգ, «ԳԹ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը կարևոր համարեց անթոլոգիայում ընդգրկված ստեղծագործություններում կյանքի զգացողության առկայությունը: «Այսօրվա երիտասարդությունը հորինովի թեմաներով չի խաբում ո՛չ իրեն, ո՛չ էլ ընթերցողին»,- շեշտեց նա: Կ. Խոդիկյանը հանգամանորեն անդրադառնալով Մ. Քոչարյանի, Ա. Պետրոսյանի, Մ. Բեյլերյանի, Գրիգի, Ա. Ազատյանի, Հ. Իշխանյանի, Ռ. Գրիգորյանի արձակ գործերին, նշեց. «Պատմվածքների մեծ մասը մի մարդու կյանքի պատմությունն է, ինչը ես շատ եմ կարևորում: Գրողի կիզակետը դառնում է մարդը, որն ընդհանրացումների է տանում»:
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի կարծիքով երիտասարդները շահագրգռված են կյանքը ընկալելու և գեղարվեստորեն արտացոլելու նոր միջոցների որոնմամբ: Ո՞րն է այսօրվա մեր իրականությունը, ինչի՞ց է բաղադրվում, ի՞նչ բնորոշիչներ ունի և այդ ամենը երիտասարդ գրողները ինչպե՞ս են ընկալում` իր ելույթում բանախոսը հիմնականում անդրադարձավ այս հարցերին: Ըստ նրա` իրականության դառնությունները, արատները մեր գրականության մեջ որոնումների հարցեր են առաջացնում: «Եթե մի գրականություն ինձ լույսի տեղը ցույց չի տալիս և չի տալիս այն ջերմությունը, որ ինձ պիտի ապրեցնի, մղի լավատեսության ու դուրս գալու վատթար իրականությունից, այդ գրականությունը կորցնում է իր ընթերցողին»,- ասաց նա: Պ. Դեմիրճյանն անդրադարձավ նաև բառերի, արտահայտչամիջոցների խնդրին: Դեմ լինելով փողոցային ժարգոնի լեզվով գրված պատմվածքներին` նա ընդգծեց, որ ցանկացած ժարգոն կամ բարբառ պետք է լինի հերոսի կերպարի տիպականացման միջոց: Որպես ամփոփում, գնահատելով կատարված աշխատանքը` անհրաժեշտ համարեց նման ժողովածուներ կազմելիս խստորեն հետևել գեղագիտական չափանիշների պահպանմանը: «Գրականության մեջ ամենաթողությունը ամենավտանգավոր բանն է»,- ասաց նա:
Արձակագիր Սուսաննա Հարությունյանը նշեց, որ աշխատել են ընդգրկել բոլոր այն հեղինակներին, ովքեր քիչ թե շատ ներուժ ունեն վաղը գրող դառնալու: Ըստ նրա` այս անթոլոգիան ավելի շատ սոցիալական, քան գրական հետազոտության առարկա է:
Ըստ թատերագետ Լևոն Մութաֆյանի` թե՛ ասելիքի, թե՛ արտահայտչամիջոցների, թե՛ վարպետության, թե՛ թեմատիկ բազմազանության, թե՛ ժանրա-ոճային խնդիրներ լուծելու առումով շատ հասուն են երիտասարդ գրողները, ավելի կայացած, ինքնատիպ և ավելի ժամանակահունչ: Միևնույն ժամանակ նշեց, որ հատկապես բանաստեղծների մոտ աչքի է զարնում գավառային մոդեռնի նկատմամբ ծնրադրումը, այնինչ անցել են հիացնելու, զարմացնելու ժամանակները: «Այսօր համաշխարհային և մեր ազգային գրականությունը այնքան բազմազան ու բազմաշերտ է դարձել, որ պարզունակ, սրճարանային մթնոլորտին բնորոշ հիացումներով կամ բառի, պատկերի արտառոցության միջոցով կառուցել գրական երկը պարզապես ծիծաղելի է»,- ասաց Լ. Մութաֆյանը: Նրա հավաստմամբ` համաշխարհային պոեզիայում տեղի ունեցող կերպափոխումների, մետամորֆոզների արտացոլումներ կան Գոռ Հարությունյանի, Արա Ալոյանի, Հրաչյա Մելիք-Սարգսյանի, Դավիթ Մշեցու բանաստեղծությունների մեջ: Խոսելով Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» պիեսի մասին` նշեց, որ սյուժեի կառուցման առումով հեղինակը տարորոշումների մեջ է: «Ինձ հետաքրքրում է այն գրականությունը, որը կռիվ ու պայքար է բերում»,- հավելեց Լ. Մութաֆյանը:
Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի կարծիքով անթոլոգիայի նպատակն է` ներկայացնել ժամանակակից գրական դաշտը որքան հնարավոր է սեղմ տարածքի մեջ, այն ցույց է տալիս ժամանակի պատկերը, թե ժամանակը, հասարակարգը, իրավիճակը ինչպես են ազդում գրականության վրա: Այս իմաստով` «երևում է, թե այս ժամանակահատվածի սերնդի վրա ինչ ազդեցություններ են եղել»,- նշեց նա:
Ելույթ ունեցան նաև Անի Տեր-Գուլանյանը, Արա Ալոյանը, Գոռ Հարությունյանը և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.