Փետրվարի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրական հանդիսություն «Իմ Թումանյանը» խորագրով՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 150ամյակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ այս օրերին ամբողջ հայությունը լցված է մեծ բանաստեղծի ոգով, ընդգծեց, որ Հովհ. Թումանյանն իր ստեղծագործություններով ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր տարիքային խմբերը և հավերժության ճանապարհի անձնագիր է տալիս իր հրաշալի գրվածքներով, իր ոգեղեն ծալքերով, նպատակայնությամբ: «Իսկապես, երկնքի, երկրագնդի խորքերի, հողի հետ կապվելու այս ամբողջ տիեզերական, ողնաշարային մտածողությունը նա դրեց իր ստեղծագործության հիմքում», ասաց ՀԳՄ նախագահը՝ հավելելով, որ Թումանյանը վերևից, կողքից, խորքից նայելու հայացքը ուներ: Ամփոփելով խոսքը՝ Էդ. Միլիտոնյանը Թումանյանին համարեց անմրցելի, աննկարագրելի մեծություն, մարդկայնության, այլոց օժանդակելու, համախմբելու առումով, որն այսօր անհրաժեշտ է բոլորիս, և վստահեցրեց, որ Թումանյանի անվան, նրա գրվածքների, ստեղծածի շնորհիվ մեր ժողովրդին նորից դեպի գիրը, գրականությունը, գրողի հարգանքը, պատիվը վերադարձնելու հնարավորություն է ստեղծվում:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ևս նկատեց, որ այս օրերին թումանյանական հորձանքը բոլորին առավ իր մեջ՝ որպես ինքնաբուխ երևույթ համախմբելով բոլորին: «Մեր խնդիրն է՝ ամեն մեկս մեր չափով նպաստենք, որ այս բարերար ալիքը հանկարծ չկտրվի: Ողջ տարին պետք է լինի թումանյանական: Թումանյանն ու իր ժամանակակիցները ոսկե սերունդ կազմեցին», ասաց նա և նշեց, որ բացառիկ առիթ է՝ հիշելու նաև Պերճ Պռոշյանին, Ղազարոս Աղայանին, Ավետիք Իսահակյանին, Դերենիկ Դեմիրճյանին, Վահան Տերյանին, քանի որ նրանք այն սերունդն էին, որ դեմք ու դիմագիծ տվեցին հայ ժողովրդին:
Բանաստեղծ Սուրեն Մուրադյանի հավաստմամբ՝ ժողովուրդները աշխարհ են բերում հանճարներ, որոնց շնորհիվ ապահովում են իրենց անմահությունը: «Թումանյանն այդ հանճարներից է: Որքան ապրի հայ ժողովուրդը, այնքան պիտի ապրի Թումանյանը, որքան ապրի Թումանյանը, այնքան պիտի ապրի հայ ժողովուրդը», ասաց Ս. Մուրադյանը և խոսքն ավարտեց Թումանյանին նվիրված ձոներգով:
«Մեր ժողովուրդն առ այսօր, որպես անսխալական ճանապարհի ուղի, ոմանք բնազդով, ոմանք գիտակցաբար, ոմանք անգիտակից ձևով, բնական ճանապարհներով, ուղղորդում են իրենց կյանքը՝ թումանյանական շնչի վրա հենվելով», նկատեց արձակագիր Ռոլանդ Շառոյանը և վստահեցրեց, որ Թումանյանի նման մեծերն են հավերժացնում իրենց ժողովուրդների ֆիզիկական կյանքը, նկարագիրը:
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն անդրադարձավ թանգարանի գործունեությանը, որն ուղղված է հանրահռչակելու Թումանյանի թողած հարուստ ժառանգությունը: «Մենք պիտի մատուցենք աշխարհին Թումանյան, բայց նաև այդ աշխարհը պիտի պատրաստ լինի փնտրելու, գտնելու իր Թումանյանին», ընդգծեց Ա. Եղիազարյանը և այլազգիների կողմից Թումանյանին նորովի ճանաչելու համար լավագույն մեթոդը համարեց այդ լեզուներով Թումանյանին թարգմանելը, ինչին էլ ձեռնամուխ է եղել թանգարանը՝ ողջ աշխարհին հասկանալի դարձնել այն ուղերձը, որ Թումանյանը հղում էր իր որևէ ստեղծագործությամբ:
«Գրել այնպես, որ նույն տեքստը գանձարան լինի թե՛ մեծի, թե՛ փոքրի համար, յուրաքանչյուրն իրենը գտնի այնտեղ: Դրա համար մեծագույն համբերություն, ոսկերչի բծախնդրություն, նրբանուրբ հոտառություն է պետք», նկատեց բանաստեղծ Ռուզաննա Ոսկանյանը և ամփոփելով հավելեց, որ բանաստեղծն իր յուրաքանչյուր օրն է դրել մեր զոհասեղանին:
Հովհ. Թումանյանին որպես գրողի, հրապարակախոսի, քաղաքական գործչի արժևորեցին նաև բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Անուշ Վարդանյանը, Վահան Անդրեասյանը, թումանյանագետ, բան. գիտ. դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը, արձակագիր Վրեժ Սարուխանյանը:
Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Արտակ Ստեփանյանը (խոսք՝ Հովհ. Թումանյանի, երաժշտ.՝ Հարո Ստեփանյանի, «Դեղնած դաշտերին», դաշնակահար՝ Լևոն Հարությունյան), Արսեն Համբարյանը (խոսք՝ Հովհ. Թումանյանի, «Գութանի երգը», «Մեր ուխտը»): Մոսիի արիան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից կատարեց Արտակ Ստեփանյանը (դաշնակահար՝ Լևոն Հարությունյան): Գրական հանդիսությունը վարում էր Ամիրան Գալստյանը: