Հոկտեմբերի 12-ին, Երևանի «Ոսկեվազ» սրճարանում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված Նորայր Ադալյանի «Վիպասանք Ազատության հրապարակի» գիրք-վերլուծականի շնորհանդեսը: Միջոցառումը փոքրիկ նախաբանով բացեց և վարում էր «Վերլուծականի» հրատարակիչ, արձակագիր, կինոգետ Վան Արյանը: Ինչպես գրքի, այնպես էլ միջոցառման սրահի ձևավորման համար ընտրվել էին Ռուբեն և Րաֆի Ադալյանների ստեղծագործություններից: Մտավախությունը, որ շատ մարդիկ, որոշ ԶԼՄ-ներ, հատկապես չափազանց ակտիվ ու բացախոս համացանցը կմեղադրեն իրեն իշխանությանը հաճոյանալու մեջ, Ադալյանի գրքի սկիզբը, որը ժանրին ոչ հարիր ավելի «արդարացում» է, առիթ տվեց տարաբնույթ խորհրդածությունների: Ելույթ ունեցողները, մի շարք հանգամանքներ նշելով, համակարծիք էին, որ նման մտայնությունն, իսկապես, խանգարում է մի շարք երևույթների համակողմանի և արդարացի գնահատմանը, մանավանդ այս դեպքում, երբ խոսքը ոչ թե վարչապետի, այլ նրա վիպասանության մասին է: Եվ գնահատելի է, որ կարճառոտ վերլուծականում Ադալյանին հաջողվել է ըստ էության ներկայացնել գիրքը, լուսաբանել նրա բարոյական, հասարակագիտական և գեղարվեստական արժանիքները: «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, վեպն, ըստ էության, յուրօրինակ ոդիսական է, որի վերջնական նպատակը նոր Հայաստանի տեսլականն է: «Ցավոք, այն մի քիչ ուշացած է արժանանում գրականագիտական քննարկումների, և այդ համատեքստում կարևորում եմ Նորայր Ադալյանի գիրքն ու այս միջոցառումը»: Վեպի հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ գիրքը շարունակում է պահանջված մնալ ընթերցողների շրջանում: «Արդեն իսկ գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով, նրա հիման վրա բեմադրություն է եղել և հիմա էլ Ադալյանի գրքի քննարկումն է այդ ստեղծագործության մասին»: Ելույթն ունեցան նաև գրաքննադատ Սուրեն Աբրահամյանը, նկարիչ Րաֆի Ադալյանը, Տիգրան Մանսուրյանը, արձակագիր Վանուշ Շահրամազյանը, բանաստեղծուհի Գոհար Գալստյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, Ավ. Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Դ. Դեմիրճյանի անվան թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը` վերջնակարծիք ընդունելով, որ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վիպասանքը բոլոր կողմերով առողջ, համարձակ ու բովանդակալից ստեղծագործություն է, մի տեսակ ուղենիշ` երկրի հակառակ կողմից դեպի այս, դեպի ժողովրդավար, օրինապաշտ Հայաստան անցնելու ճանապարհին:
Ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ Նորայր Ադալյանը: