Ապրիլի 29-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Վեհանուշ Թեքյանի (ԱՄՆ) «Աղօթքներ ուռկանի մէջ» (բանաստեղծություններ) և «Խօսող լերան պատմութիւնը» (գրավերլուծականներ) ժողովածուների շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Վ. Թեքյանը, ապրելով Լիբանանում, ոգեկոչման թրթիռներով կապված էր Հայաստանի երիտասարդ բանաստեղծների հետ: «Մեր բանաստեղծությունը, որքան էլ 60-ականներին որակվում էր եվրոպականի ազդեցություն կրող, համենայնդեպս մոտ էր արևմտահայ բանաստեղծների պոեզիային և այդ առումով Վեհանուշի բանաստեղծությունները հարազատ էին մեզ»,- ասաց ՀԳՄ նախագահը: Անդրադառնալով «Աղօթքներ ուռկանի մէջ» ժողովածուին` Էդ. Միլիտոնյանը մասնավորապես նշեց. «Այս գիրքը ամփոփում է ոչ միայն նրա թեմատիկ բնագավառը, որը ցեղասպանություն, հայրենալքություն, օտար ափերում ապրող մարդու գիտակցության առկայծումն է, այլ նաև հավաքել է մեր բանաստեղծների և նկարիչների, Արշիլ Գորկու ոգեկոչումները և մի խճանկարի մեջ ամփոփել, որն է հայոց պատմություն ու հայոց ճակատագիր»:
Ըստ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի` Վ. Թեքյանը փնտրված անուն է մեր գրականության մեջ, որի բանաստեղծության պոետական գույները ժամանակի ընթացքում առավել խտացել և այսօր ներկայացել են բոլորովին ուրիշ հասունության մեջ:
Գրականագետ Սուրեն Դանիելյանը, անդրադառնալով բանաստեղծական ժողովածուին, նշեց, որ այս բանաստեղծությունները հեղինակի գնահատության սահմաններն են, իսկ «Խօսող լերան պատմութիւնը» ժողովածուում, ըստ բանախոսի, հեղինակը մատը դրել է այսօրվա վերքերի վրա, այստեղ արևմտահայերենի ճակատագրի նկատմամբ իր մտահոգությունն է, որը չի վերաբերում միայն լեզվին, այլ առաջին հերթին՝ արևմտահայ գրականության շարունակականությանը: ««Լեռը» իմ տպավորությամբ ներկայացնում է արևմտահայ մշակութային լեռը, բարձունք, որը գուցե աղմկում է շատ, ներկայացնում է իրեն, բայց ինքը պատմություն չէ, ներկայություն է»,- ասաց Ս. Դանիելյանը:
Ըստ գրականագետ Ազատ Եղիազարյանի` Վ. Թեքյանի գործերում ըմբոստություն կա կարծրացած գնահատականների, կարծրացած հեղինակների դեմ, որը թարմություն է բերում:
Գրականագետ Նորայր Ղազարյանի հավաստմամբ` Վ. Թեքյանի ստեղծած պատկերները արդիականություն չունեն, բայց ունեն զորեղ կենսականություն: «Բանաստեղծություն է, որը ոչ թե գնում է դեպի ժամանակները, այլ որի մեջ իսկապես նստած է ժամանակը` անցյալին գերակայող, և որը գալիս է դեպի այսօրը»,- ասաց նա:
Ելույթ ունեցան Հրաչօն, Արևշատ Ավագյանը, Սուրեն Մուրադյանը, Արմեն Շեկոյանը, Անուշ Վարդանյանը, Արա Արթյանը, Հակոբ Չոլաքյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Վեհանուշ Թեքյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ