Եթե և՛ հեղինակն եմ ես, և՛ բեմադրող ռեժիսորը, թե որ ասեմ. այս պիեսի բեմադրության առաջնաելույթը պարզապես հրաշալի էր, անպայման պետք է ժողովրդական ասացվածքը հիշեք.
– Ագռավն իր ձագին սև չի ասի…
Է՛հ, ագռավն ասի-չասի, հո բոլորն են տեսնում, թե ով ինչ գույնի է, ուստի՝ ըստ այդմ էլ, եթե ներկայացումն իսկապես բոլորի հավանությանն ու ծափերին արժանացած չլիներ, «գլուխգովանությունս» անմիջապես կիմացվեր:
Պատահական չէր, որ առաջնաելույթը Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ: Ուրիշ որտե՞ղ պետք է լիներ, եթե պատանի դերասաններ Դավիթ Մինասյանը, Անահիտ Անանյանը, Անուշ Ամիրաղյանը, Դավիթ Բեգլարյանը, Քրիստինե Մինասյանը, որ մեծերին հավասար լրջությամբ ու «վարպետությամբ» մարմնավորեցին իրենց կերպարները, բոլորն էլ այս դպրոցում են սովորում: Միայն Մշակույթի կենտրոնի պարուսույց Ինեսա Ասատրյանն է, որ ավագ դպրոցի շրջանավարտ է, բայց կրտսեր խաղընկերներին ոգևորելով՝ հրաշալիորեն մարմնավորեց իր բարդ ու դժվարին կերպարը:
Վարագույրը բացվելուց առաջ քաղաքի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը հակիրճ ներկայացրեց պիեսը, որը մեր օրերի՝ պայթյուններով, զոհերով ու դժվարություններով առլեցուն կյանքի մասին է:
Դպրոցական թատերասերները իրենց ուսուցիչների հետ համակ ուշադրությամբ և քար լռությամբ էին հետևում բեմում կատարվող, կրակոցներով ուղեկցվող բարդ ու հակասական գործողություններին, որոնք, այնուամենայնիվ, լավատեսական ավարտ ունեցան…
Պատերազմը չարիք է մարդկության, ամբողջ աշխարհի համար, և երբ լռում են կրակոցները, աղավնիներն են երկինք ճախրում… Երեխաներն էլ կյանքի, մարդկության շարունակություն-աղավնիներն են, որ գոչում, հրամայում և պահանջում են ի լուր աշխարհի.
– ԱՂԱՎՆԻՆԵՐԻՆ ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ…
Այս բառերով է ավարտվում ներկայացումը, որին հաջորդեցին բուռն ու երկարատև ծափողջույնները:
Այն, որ առաջնաելույթն իսկապես կայացավ, փաստեց դպրոցի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանի շնորհակալական ջերմ խոսքը:
Ես պատանի դերասաններին ուղղված գովեստի և նրանց ծնողներին, ուսուցիչներին հղված շնորհակալության խոսք ասացի:
Եթե առաջնաելույթ, ուրեմն նաև ծաղիկներ, որ վարպետ դերասանուհի Նաիրա Աբրահամյանը մատուցեց իր պատանի գործընկերներին, որպեսզի նորանոր բեմադրություններ լինեն, և կայանան այսպիսի կարևոր միջոցառումներ.
– ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ, ՄԻ՛ ԿՐԱԿԵՔ ԱՂԱՎՆԻՆԵՐԻՆ…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ