Այժմ՝ հարյուր տարի անց, դժվար է հավատալ, երևակայել անգամ, որ 1915 թվականի Մեծ եղեռնը չէ՛ր լինելու, միլիոնավոր մեր հայրենակիցները չէի՛ն նահատակվելու, Արևմտահայաստանը չէ՛ր հայաթափվելու, եթե…
1913 թվականի սեպտեմբերի 7-ին, ռումինական Կոստանցա քաղաքում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության պատգամավորական ժողովը, որի պատվիրակները, կանխազգալով համազգային նախճիրի վերահաս վտանգը, որոշեցին բռնասպանությամբ վերացնել նախճիրը հղացողներին և այն իրագործել ձգտողներին՝ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին: Այդ վճռականությամբ համակված՝ համագումարի պատգամավորները Պոլիս վերադարձան, զենք-զինամթերք հայթայթեցին, անգամ Կովկասից դիպուկահարներ հրավիրեցին: Վերջին պահին, սակայն, երբ նվիրական նպատակի իրականացումը այնքան մոտ էր թվում, մատնվեցին: Թուրքիայի ռազմական ատյանը քսան ամենակարկառուն հնչակյաններին մահվան դատապարտեց, 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Բայազիդ հրապարակում կախաղանահանեց…
Թուրք ժողովրդավար ընկերվարական Քադիր Աքինը, որը Ստամբուլից Երևան է ժամանել հնչակյան քսան հեղափոխականների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու՝ զեկուցմամբ հանդես գալու համար, ասում է.
– Մանկությանս տարիներին ես ֆուտբոլ եմ խաղացել Բայազիդ հրապարակում ու մտքովս էլ չեմ անցկացրել, որ այդ նույն վայրում կախաղանի չվաններից ճոճվել են Փարամազն ու նրա 19 համախոհները: Երբ հասակ առա, աններելի ուշացումով հասու եղա մե՛ր իսկ անցյալի իրադարձություններին, մեղավորության զգացումով համակվեցի Քսանների՝ հատկապես Փարամազի նկատմամբ, որը դեռևս Օսմանյան կայսրությունում արմատավորել, տարածել է ժողովրդավարական գաղափարախոսությունը, պայքարել ինչպես հայ, այնպես էլ թուրք, քուրդ, հույն, ասորի բռնաճնշված ժողովուրդների ազատագրության համար:
Փարամազը, նույն ինքը՝ Մաթևոս Սարգսյանը, հեղափոխական գաղտնանվամբ ռոդոստոցի Համբարձում Գրիգորյանը, ծնվել էր 1863-ին, Գողթան գավառի Մեղրի գյուղում, սովորել ծննդավայրի ծխականում, ուսանել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1883-ին ըմբոստ նկրտումների համար արտաքսվել էր ճեմարանից, 1897-ին ասպատախումբ էր կազմավորել, տասներեք մեծ ու փոքր ճակատամարտերով մտել էր Վան, ձերբակալվել, մահվան էր դատապարտվել, Վանի ռուսական փոխհյուպատոս Մաևսկու միջնորդությամբ փոխադրվել էր Կովկաս, որտեղ երեք տարվա բանտարգելությունից հետո ազատ էր արձակվել ու կազմակերպել էր փոխարքա Գոլիցինի մահափորձը: 1905-ին իր ասպատախմբով մասնակցել էր հայ-թաթարական բախումներին, 1908-ին, Սահմանադրության հռչակումից հետո, վերադարձել էր Օսմանյան կայսրություն, քարոզարշավ էր նախաձեռնել երկրի ղեկավարությունն ստանձնած «Միություն և առաջադիմություն» կուսակցության դեմ, հակակառավարական ելույթներով հանդես էր եկել Վանում, Ատաբազարում, Դիարբեքիրում, Հայնիում, Արղնի-Մատենում, Մալաթիայում, Խարբերդում, ամենուր երիտթուրքերին անվանել էր «hայերի դահիճներ», 1914-ի հուլիսին, Թալեաթի, Էնվերի, Ջեմալի դեմ մահափորձ կազմակերպելու, անկախ, ինքնավար Հայաստան ստեղծելու նպատակով վերադարձել էր Պոլիս: Ձերբակալվել, նպատակները չէր հասցրել իրագործել:
Փարամազը նաև գրող, հրապարակագիր էր, հեղինակել էր «Պաքո», «Քամու բերածը քամին կտանե», «Ձեռքերը վեր կամ ճուղուպրիստները» թատերգությունները, «Իմ դատավարությունը Տաճկաստանում» պաշտպանաճառը, «Հայի պահանջը», «Բարենորոգումները Հայաստանում» խոհագրությունները:
– Մենք՝ թուրք մտավորականներս անգամ, մեր ոչ վաղ անցյալի, հատկապես հայերին առնչվող իրադարձությունները վատ գիտենք: Թուրքական Հանրապետությունը հիմնադրել էին հանցագործներ, որոնք սանձազերծել էին հայերի, հույների, ասորիների, այլ ոչ իսլամ ժողովուրդների ցեղասպանությունը, այդ պատճառով էլ սերունդներից հետևողականորեն քողարկում էին իրենց ոճիրները, ավելին՝ խռովարարության, դավաճանության, անջատողականության մեջ մեղադրում էին իրենց զոհերին: Պատմական ճշմարտությունը բացահայտելու, իմ ժողովրդին իր իսկ անցյալի հետ առերեսվելու հնարավորություն ընձեռելու համար ես, իմ համեստ կարողությամբ, ձեռնամուխ եղա Փարամազին նվիրված գրքի հեղինակմանը, որը գրելիս, հատկապես մեր երկրի կարծրատիպերը հաղթահարելու առումով, ահռելի ջանքեր ներդրեցի ու վերջնական նպատակս իրականացրի: «Հայ հեղափոխական Փարամազ» գիրքը լույս տեսավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սգահանդեսի օրերին:
Քադիր Աքինը, միայն Փարամազի գաղափարախոսական ու մարտական գործունեությունը նկարագրելով, նրան, նրա մարտընկերներին «նաև մեր», այսինքն՝ թուրք ժողովրդի հերոսներին ներկայացնելով չի գոհացել, անդրադարձել է Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությանը, որպես անմիջական հակադարձություն Սասունի, Զեյթունի, Վանի ապստամբություններին, օսմանյան դրամատան բռնագրավմանը, Ադանայի 1909-ի կոտորածին: Հատուկ ծավալուն բաժիններ են նվիրված Հնչակյան կուսակցության պատմությանն ու գաղափարաբանությանը, 1915-ի Ցեղասպանությանը:
Հեղինակը, իր դրույթները հիմնավորելու համար, լայն տեղ է հատկացրել լուսանկարներին, վավերագրերի պատճեններին, փաստական այլ բազմաբնույթ նյութերի:
«Հայ հեղափոխական Փարամազ» գիրքն այս տարվա ապրիլին 1350 օրինակով լույս է ընծայել Անկարայի հեղինակավոր «Դիփնոթ» հրատարակչությունը: Տպաքանակը 20 օրում սպառվել է: Երկրորդ խմբաքանակը, դարձյալ 1350 օրինակ, սպառվել է մեկ ամսում: Շուտով հրատարակիչը երրորդ անգամ լույս կընծայի գիրքը:
«Հայ հեղափոխական Փարամազը» գրքի մասին դրվատական գրախոսականներ են տպագրել թուրքական «Թարաֆ», «Ռադիկալ», «Էվրասիա», «Բիրկյուն» օրաթերթերը, հեղինակի հետ հանդիպումներ են ունեցել Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի, Նյուրնբերգի, Բեռնի, Փարիզի առաջադեմ թուրք ընթերցասերները: Այնուամենայնիվ, նա իր ամենաբարձր գնահատականը համարում է Քոբանիում իսլամ ծայրահեղականների դեմ մարտնչող Սուփհի Նեժաթի՝ Փարամազ հեղափոխական անվամբ վերամկրտվելը: Ու չնայած մի քանի օր առաջ Սուփհին զոհվել է, իշխանությունները որոշել են Փարամազ վերանվանել Միշթենուր լեռնապարը, որտեղ նա իր վերջին մարտն է մղել:
Քադիր Աքինի հետ զբոսնում ենք աղջամուղջում ընկղմվող Երևանում, և նա նրբանկատորեն չի հարցնում, թե Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում որտե՞ղ է գտնվում Փարամազի հուշարձանը, նրա անունը կրող փողոցը, դպրոցը, թանգարանը: Փոխարենը ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս է նա պատկերացնում հայ-թուրք ժողովուրդների ապագան: Ժողովրդավար ընկերվարականը ոգևորվում, համոզված պնդում է, որ արդարությունն ի վերջո հաղթանակելու է, թուրք, հայ, քուրդ ժողովուրդները այսօրվա Թուրքիայի տարածքում իրենց անկախ պետականություններն են ստեղծելու, հաշտ ու համերաշխ համադաշնությունում են ապրելու:
Թե ինչպե՞ս է կոչվելու այդ նոր պետությունը, Քադիրը չի ասում: Գուցե չի ուզում: