ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ – 175

Բոլնիս-Խաչենում, հայրական տան բակում նշվեց հայ գրականության «դասական պապ» Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Երևանից, Թբիլիսիից, Հայաստանի և Վրաստանի այլ վայրերից ժամանած մտավորականներ, մշակույթի գործիչներ, ՀԳՄ պատվիրակության անդամներ, դպրոցականներ, համագյուղացիներ:
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ղեկավար, գրող և հասարակական գործիչ Ժորա Սնխչյանը, ներկայացնելով մեծ գրող, մտավորական Ղ. Աղայանին, նշեց, որ նա ուսուցիչ է եղել շատ ու շատ սերունդների համար, դասագրքեր է գրել տարբեր դասարանների համար:
ՀԳՄ գրողների պատվիրակության ղեկավար, արձակագիր, լրագրող Վանիկ Սանթրյանն ընթերցեց ՀԳՄ ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ողջունելով հոբելյանական այս միջոցառումը` Հայաստանի գրողների միությունը իր երախտագիտությունն է հայտնում Բոլնիս-Խաչենի հայ համայնքին` մեր ժողովրդին, գրականությանը, մեր սերունդներին այսպիսի վիթխարի մի մեծություն` Ղազարոս Աղայան ծնելու և պարգևելու համար»: Վ. Սանթրյանը նաև հավելեց, որ ՀԳՄ-ն այս տարի աշնանը հանդիսավորապես նշելու է գրողի հոբելյանը: Նա նաև փոխանցեց ՀՀ լեզվի տեսչության պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի շնորհավորանքը և գյուղի ու դպրոցի գրադարաններին նվերեց իր հեղինակած ու խմբագրած գրքերից: Ելույթ ունեցան նաև լրագրող Վան Բայբուրթյանը, Բոլնիս-Խաչենի դպրոցի տնօրեն Մեխակ Սարգսյանը, բանաստեղծուհի, թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը և ուրիշներ: Միջոցառումը հագեցած էր երաժշտական կատարումներով: Հնչեցին Ղ. Աղայանի բանաստեղծություններից, ինչպես նաև նրա խոսքերով գրված երգեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։