Սեպտեմբերի 20-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մասնակցեց եվրասիական գրողների համաժողովին: «Բառի էներգիան ժամանակակից աշխարհում» խորագիրը կրող համաժողովում տարբեր երկրների մասնակիցները ներկայացրեցին իրենց երկրների, նաև սեփական գրական, թարգմանական իրողությունները և առաջարկեցին համագործակցության նոր ծրագրեր: Հետաքրքիր էր, որ տարբեր երկրների գրողներ հիշատակեցին ոչ վաղ անցյալի հայ գրողների անուններ, որոնց ստեղծագործությունները թարգմանել և տարածել են:
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ժամանակակից հայ գրականության ուրվագծերը, հատկապես անդրադարձավ պոեզիային, ինչպես նաև ընդգծեց գրական կապերի կարևորությունը: Ապա ներկայացնելով Հայաստանի գրողների միության հնարավորությունները, կատարած աշխատանքները վերոնշյալ ասպարեզներում՝ նա առանձնացրեց եվրասիական պետությունների հետ կատարված և ընթացիկ աշխատանքները: Անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի հետ գրական համագործակցությանը՝ Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ երկկողմանի թարգմանական գործունեություն է ծավալվում, և նախագծվում են գրական նոր ծրագրեր: Նա ներկայացրեց հենց այդ օրերին տպագրված «Միջնադարից մինչև 20-րդ դարի վերջ ստեղծագործած հայ բանաստեղծների անթոլոգիա»-ն (ղազախերեն, հրատարակված՝ Ակտոբեում), որի ակունքում կանգնած է Հայաստանի գրողների միությունը՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի զգալի ներդրումով: Ուրախալի է, որ այդ գիրքը ներկայացվեց Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ համաժողովի փակման օրը՝ սեպտեմբերի 21-ը զուգադիպում է Հայաստանի անկախության տոնի հետ, ինչի առիթով մասնակիցները շնորհավորեցին ՀԳՄ նախագահին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրական գործունեության համար արժանացավ համաժողովի հուշամեդալի: