Հունվարի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրությանը նվիրված 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բացման խոսքում նշեց. «Գրողները մասնակցել են և՛ բանակաշինությանը, և՛ պետականաշինությանը և այսօր իրենց գործերով բորբոք են պահում հայոց զինագործ, զինավառ ոգին»: Հավելելով, որ գրողը ժողովրդի հավաքական կերպարն է և իր ստեղծագործությամբ, իր մարդկային նկարագրով, ժամանակների փորձառությամբ ի մի է բերում ներկայի բազում կնճիռներ և նաև որոշակի ուղիներ նշում, Էդ. Միլիտոնյանը հպարտությամբ տեղեկացրեց, որ Գրողների միությունից է սկիզբ առել Երկրապահ կամավորականների «Երկրապահ» կազմակերպությունը, որը հիմնավորել էր երիտասարդ գրող Վազգեն Սարգսյանը:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը ուրախությամբ փաստելով, որ այս տարի ընդլայնվել է մասնակիցների շրջանակը, ընդգրկվել են նաև գրողներ Սփյուռքից, նկատեց, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ավելի հետաքրքիր աշխատանքներ են ներկայացվել, և բոլոր գործերն էլ ուշադրության են արժանացել հանձնաժողովի կողմից:
«Բանակին նվիրված գործերի ժանրը հնուց է գալիս՝ դեռևս Ավարայրի ճակատամարտի պատմիչներից, և շարունակվում է մեր ամբողջ գրականության մեջ: Դերենիկ Դեմիրճյանը 1942-43 թթ. գրեց «Վարդանանք» վեպը, որը կարդում էին զինվորները և նետվում մարտի: Սա սրբազան թեմա է մեր գրականության մեջ և պիտի շարունակություն ունենա»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը և առաջարկեց ներկայացված նյութերին ընդարձակ հոդվածով անդրադառնալ «Գրական թերթում» կամ որևէ այլ գրական մամուլում:
Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը հանձնեց մրցանակները:
Բանակաշինության գործում ունեցած վաստակի համար Հատուկ մրցանակը շնորհվեց Արտեմ Հարությունյանին և Վարդան Հակոբյանին: Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Գրիգոր Ջանիկյանին («Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի), երկրորդ մրցանակը՝ Հովիկ Գրիգորյանին («Արարատի կանչող լույսը» գրքի) և Սաթենիկ Ղազարյանին (մամուլում տպագրած պատմվածքների), երրորդ մրցանակը՝ զինծառայող Երվանդ Վարդանյանին («Անհետացող դաշտերի քարտեզը» պատմվածքի) և Սալբի Թաշճեանին (Լիբանան) («Վերջին այցելութիւն…» պատմվածքի համար):
Պոեզիայի անվանակարգում բանաստեղծական շարքերի համար առաջին մրցանակի արժանացան Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը, երկրորդ մրցանակի՝ Գոհար Գալստյանը և Սուրեն Դավթյանը: Երրորդ մրցանակը հանձնվեց Սամուել Վեմին («Ձմեռը երկնքում չի մնա» գրքի համար):
Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակի արժանացավ Ռուզան Ասատրյանը («Վավերագիր» գրքի համար):
Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն անվանակարգում մրցանակ ստացան Ֆելիքս Բախչինյանը («Հոգին ավելին է, քան արտացոլանքը» հրապարակման) և Ժաննա Հակոբյանը («Հայի գենը» գրքի համար):
Խրախուսական մրցանակների արժանացան Տիգրան Պետրոսյանցը («Հայաստան, իմ սեր» գրքի), Հրանուշը («Սարի արջեր» հրապարակման համար), ինչպես նաև Արա Ալոյանը, Լիանա Մայիլյանը, Սամվել Մաճկալյանը:
Մասնակցության համար պատվոգրեր հանձնվեցին Աշուղ Աստղանուշին և Նազիկ Սարգսյանին:
Այս տարի առաջին անգամ ՀԳՄ-ի և ԵԿՄ-ի հետ համատեղ սահմանվեց Վազգեն Սարգսյանի անվան մրցանակ, որը գրական տուրք է նրա պայծառ հիշատակին և նաև «Երկրապահի» հիմնավորմանը: ԵԿՄ մրցանակը շնորհվեց Էդուարդ Խաչիկյանին:
ԵԿՄ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծեց, որ բոլոր ժամանակներում հայ գրողները ունեցել են մեկ հիմնական առաքելություն՝ սերունդներ կրթել: «Մեր սերունդը ժամանակին հայրենասիրության դասեր ստանալով մեր հայ դասականներից մինչև Մուշեղ Գալշոյան, Խաչիկ Դաշտենց, Հրանտ Մաթևոսյան և մյուսներ՝ կարողացավ ոչ միայն անկախություն կերտել մեր ժողովրդի համար, այլև պահպանել, պաշտպանել ու զարգացնել՝ հաղթանակ տանելով դարավոր թշնամու դեմ պատերազմում: Ես վստահ եմ, որ դուք ևս ունեք այդ առաքելությունը՝ այսօրվա, վաղվա սերնդին կրթելու հայրենասիրության դասերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում պահպանեն մեր փոքր, բայց հզոր հայրենիքը»,- ասաց նա և ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ» մեդալով պարգևատրեց Էդվարդ Միլիտոնյանին, Էդուարդ Խաչիկյանին, Վահագն Մուղնեցյանին, Սամվել Բեգլարյանին, Արա Նազարեթյանին և Հովիկ Վարդումյանին:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցան Ռուզան Ասատրյանը, Գոհար Գալստյանը, Նոնա Պողոսյանը, Սաթենիկ Ղազարյանը և ուրիշներ: