Մարտի 9-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նշվեց Արամ Հայկազի ծննդյան 115-ամյակը: Հանդիպման վերջում ներկաները նվեր ստացան «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ե հատորը, որի շնորհանդես-քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 21-ին:
Բացման խոսքում գիրքը կազմողը և ծանոթագրողը՝ Մարգարիտ Խաչատրյանը, համառոտ ներկայացրեց հատորում ամփոփված նյութերը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես Շապին Գարահիսարի հերոսական դիմադրությանը, Մեծ եղեռնին նվիրված էջերին: «Կարծում եմ՝ ժամանակն է բարձրաձայն խոսել ջարդարար ոհմակներին դիմադրած մեր հերոսական պապերի մասին ու ազգովին կրկնել Արամ Հայկազի բանաձևումը՝ «Կռուեցանք,- ասաց նա:- Այդ ոգին կա՛, ապրո՛ւմ է ամեն հայի մեջ, և ա՛յդ ոգու շնորհիվ ենք հաղթահարում դժվարությունները»:
Տիրանուհի Մարգարյան-Կարապետյանը և Կամո Տեր-Պետրոսյանը ներկայացրին «Նշանածս կ՚ըսէ, որ…» և «Փա՜ռք մեր խենթերուն» պատմվածքները:
Ծավալվեց հետաքրքիր քննարկում:
Գրքի խմբագիր Գևորգ Յազըճյանը խոսեց մեր պահանջատիրության մասին. Արամ Հայկազի սերնդակիցները ոչ միայն մեր հերոսական դիմադրության մասնակիցներն ու Մեծ եղեռնի ականատեսներն ու բացառիկ փրկվածներից էին, այլև պահանջատիրության ոգին պահողն ու հաջորդ սերունդներին փոխանցողը: «Պատահական չէ, որ Մեծ եղեռնի հիսուներորդ տարելիցին Երևանի փողոցները դուրս եկած հայ մարդիկ վանկարկում էին՝ հողե՜րը, հողե՜րը,- ասաց նա:- «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը պիտի ունենա կոնկրետ նպատակ՝ հայրենազրկված հայ ժողովրդին վերադարձնել կորցրած տարածքները»:
ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը, գրող, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ), երգահան և ազգագրական երգերի կատարող Արսեն Համբարյանը, ուշիաբնակ մանկավարժ Մարգար Շարաբխանյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը խոսեցին ոչ միայն Արամ Հայկազի այս հատորի, այլև Մեծ եղեռնին, հայ ժողովրդի հերոսական դիմադրությանն առնչվող խնդիրների մասին:
Տ. Մարգարյան-Կարապետյանը պատմեց, որ Արամ Հայկազի գրականությանը ծանոթ է Հալեպում ուսանելու և դասավանդելու տարիներից, բայց գրողի՝ Հայաստանում հրատարակվող հատորները նորովի են բացում նրա գրական դաշտը: Կ. Տեր-Պետրոսյանը պատմեց 1965 թ. ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին և ներկաներին հիշեցրեց Եղեռնի ականատես նշանավոր դերասան Արման Կոթիկյանի երրորդած պատվիրանը՝ Մի՛ մոռացեք 1915-ի ապրիլի 24-ը: Հուզիչ էր Հրաչօյի խոսքը. նա Արամ Հայկազի գրականության մեջ տեսնում է հայի հաղթող, աշխարհի ու մարդկության անմտության վրա ծիծաղող տեսակի հոգեբանությունը: Մ. Շարաբխանյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանն է հայության բնօրրանը, իսկ պահանջատիրության խնդիրը լուծելու համար պետք է ազգովին համախումբ աշխատենք: Վ. Սարգսյանը խոստովանեց, որ մի կողմ է դնում գրած խոսքը և միանում է նախորդ ելույթ ունեցողների կարծիքներին՝ Արամ Հայկազի ամեն մի նոր հատոր հայ մարդու համար դառնում է ինքնաճանաչման շատ հետաքրքիր միջոց:
Ամփոփիչ խոսքում Մ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, պատմեց գրքի հաջորդ հատորների աշխատանքի մասին, առաջարկեց բոլոր նրանց, ովքեր ժամանակի սղության պատճառով չհասցրին ելույթ ունենալ, ներկայացնել իրենց խոսքը, որն անպայման կընդգրկվի «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Է հատորի «Հավելված» բաժնում: «Նպատակս է,- ասաց նա,- որ 50-60 տարի հետո ընթերցողն իմանա, թե Արամ Հայկազի գրականության առթած հարցերից որո՞նք են մեզ այսօր հուզել, և որո՞նք ենք հասցրել ազգովին լուծել այդ տարիների ընթացքում: Օրինակ՝ բռնի իսլամացած հայերի խնդիրը: Արամ Հայկազը չորս տարի ապրեց քրդերի ու թուրքերի մեջ՝ համոզված, որ դժոխքից փրկվել են միայն ինքն ու մի քանի բախտակից հայեր… Կամ Մեծ եղեռնից փրկված, բայց այլադավանների կին դարձած հայուհիների ճակատագիրը…»:
Հայտնի ճշմարտություն է՝ գրողն ապրում է, քանի դեռ ընթերցող ունի:
Արամ Հայկազը՝ մեր պատմության ամենահերոսական էջերից մեկի՝ ծննդավայր Շապին Գարահիսարի հերոսամարտի մասնակիցն ու Մեծ եղեռնից դավանափոխության շատ ծանր գնով փրկված հայը, անկեղծ ու համարձակ խոսում է բազմաթիվ հարցերի մասին, և նրա գրականությունը շատ ասելիք ունի մեզ և հաջորդ սերունդներին:
Սեփ. թղթ.