ԴԺՎԱՐ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ / Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Անահիտ Թարյանը տարիների ընթացքում՝ գրքից-գիրք, ստեղծել է բանաստեղծական իր աշխարհն ու պոետական վառ նկարագիրը: Շուրջ մեկուկես տասնյակի հասնող բանաստեղծական ժողովածուներում հավատարիմ և անդավաճան մնալով թե՛ իր մարդկային բարձր նկարագրին, թե՛ իր բանաստեղծական սկզբունքներին, անընդհատ կատարելության է տարել գեղագիտական իր դավանանքը: Ասել է թե՝ հոգևոր արժեքներն ու հատկանիշները փոխանցվել են նրա բանաստեղծություններին և, առհասարակ, նրա մտածողական համակարգին: Սա այն իրողությունն է, երբ մարդկային ազնիվ գծերը ներկայանում են որպես բանաստեղծական խտացված բնավորություն ու կերպար:
Մտքի անմիջականություն և խորություն, զգացմունքի անաղարտություն ու անկեղծություն, բանաստեղծական խոսքի պատկերավորություն և պարզություն. ահա այն հիմնական առանձնահատկությունները, որոնք բնորոշ են բանաստեղծուհի Անահիտ Թարյանի քնարերգությանը: Այդ գեղարվեստական որակներն իրենց ցայտուն դրսևորումն են գտել բանաստեղծուհու «Արևային աստղաթափ» ժողովածուում (Երևան, «Անտարես» հրատարակչություն, 2012 թ., 240 էջ, հրատարակված է պետական աջակցությամբ):
Նախ՝ գրքի վերնագրի մասին: Ասենք, որ «աստղաթափ» հասկացությունը հայկական ժողովրդական բանահյուսության մեջ ունի բազմապիսի մեկնաբանություններ, որոնցից մեկն էլ այն է, որ երկնքից թափվող աստղերն անհետ չեն կորչում. «ընկնում» են մարդու հոգու մեջ՝ առանց նրա իմացության, մարդուն դարձնում բարի, շնորհներով օժտված, այլ կերպ ասած՝ աստղով մարդ, ընկնում են ջրերի մեջ, և ջրահարսերն ավելի են գեղեցկանում, ընկնում են հողին, և ծաղիկներն ավելի բուրումնավետ ու լուսավոր են դառնում… Կա նաև «աստղաթափ» հասկացության մեկ այլ մեկնաբանություն. դա այն է, երբ մերօրյա կեղծ և շինծու «աստղերն» ու «աստղիկներն» են վար թափվում թվացյալ (ոչ իրական) երկինքներից և չեն կարողանում դիմանալ բանաստեղծուհու քննադատական խոսքի դիպուկ հարվածներին… Նման «աստղաթափերից» հետո մաքրվում է երկինքը, դառնում առավել ջինջ ու լուսավոր՝ տեղ ազատելով իրական ու ճշմարիտ արժեքների, այսինքն` արևի ու արևայինի համար: Անահիտ Թարյանի էությունից բխող անսպառ լավատեսությունը հուսադրում և կենսական լավատեսությամբ են համակում ընթերցողին… Թե սրանցից ո՞ր «տարբերակն» է նկատի ունեցել Անահիտ Թարյանը, դժվար չէ կռահելը, քանի որ ժողովածուի յուրաքանչյուր բանաստեղծության մեջ դա հստակ երևում է: Իրական և ճշմարիտ աստղերը բարության լույսով են ողողում երկիրն ու մեր կյանքը: Ահա՛ թե ինչու՝ աստղաթափ, մանավանդ՝ արևային: Այսինքն, արևային աստղաթափի մեջ ոչ միայն ցերեկն ու գիշերը (արև և աստղեր), այլև աշխարհն է ամբողջանում: Գրքի վերնագիրն այլաբանական իմաստավորում է ստանում՝ դառնալով բանաստեղծուհու ապրումների, ընկալումների, զգացմունքների ու տագնապների գեղարվեստական ուրույն ամփոփումը:
Անահիտ Թարյանի «Արևային աստղաթափ» ժողովածուի հենց առաջին բանաստեղծությունն ընթերցողի առջև բացում է մի աշխարհ, ուր հավերժական պայքարի մեջ են Չարն ու Բարին, Լույսն ու Խավարը: Սրանք միայն հեքիաթների «հերոսներ» չեն: Այս թեման խիստ արդիական է բոլոր ժամանակների համար: Եվ բնավ պատահական չէ, որ մարդ արարածի շուրթերին փիլիսոփայական նոր բովանդակություն է ստանում բանաստեղծուհու «Բարի լույս» մաղթանքը՝ միջնադարյան մեր «հանճարեղ ճորտերի» լուսերգությանն արձագանքող ինքնատիպ լուծումներով.
Բարի լույսի հետ ծնվում է բարին.// Շուրթերիս երգի տող է տրոփում,// Արևն իր թագն է նվիրել սարին.// Սրտիս մեջ սիրո շող է տրոփում:// Գարնան համբույրից ծաղկել է քարը.// Ոտքիս տակ քաղցրիկ հողն է տրոփում,// Խառն է աշխարհը, դաժան է դարը.// Իմ մեջ տագնապի դողն է տրոփում… («Բարի լույսի հետ»)
Պետք է ասել, որ Անահիտ Թարյանն իր գրքում խիզախել է՝ դիմելով խոր միջնադարից եկող մեր հայրենների ազգային ժանրաձևին, որը, խոստովանենք, մեծ պատասխանատվություն է պահանջում, դրան զուգահեռ՝ գեղարվեստական վարպետություն: Քուչակյան հայրեններն այսօր էլ չեն իջնում ժողովրդի շուրթերից: Արդի հայ քնարերգության մեջ հայրենների զարգացման գործում անուրանալի դերակատարություն ունեցավ, անշուշտ, անզուգական Համո Սահյանը: Ինչպես տեսնում ենք, հայրեններին դիմելու համարձակությունն Անահիտ Թարյանին «ձեռնունայն» չի թողել, ավելին, նա մեր մեծերի ավանդները համադրել ու սահմանել է այս ժանրի «կիրառման» իր կարգն ու կանոնը՝ հասնելով բարձր արդյունքների. «Մի լավ երգն, ա՛յ, ի՜նչ է անում…» («Լավ երգ»): Իր բանաստեղծական ճշմարտությամբ գրողն արձագանքում է Րաֆֆուն. «Մի լավ գիրքը կարող է մի ազգ փրկել»: Այս գաղափարը հայ մտքի համար արդիական է միշտ: Եվ գեղեցկանում է նվիրումը, դառնում կենսակերպ.
Պատրաստ եմ լույսը փառքիդ// Աշխարհից աշխարհ տանելու,// Երակս կապած երակիդ՝// Արյունս կաթ-կաթ քամելու… («Երկի՛ր իմ»)
Անահիտ Թարյանի «Արևային աստղաթափ» գիրքն, իրավամբ, աչքի է ընկնում մտքի ու զգացմունքի ներքնատար շարժման բազմաթիվ որակներով, որոնց մեջ առանցքային տեղ ունի քաղաքացիական ազնիվ կիրքը՝ գրողի պոլեմիկան, առանց որի ցանկացած գործ կորցնում է իր գեղարվեստական արժեքը. «Ես ինչպե՞ս գրիչն իմ դնեմ վար. Ինձ կռվի մի սուր է հասել…» («Այսքան էլ անարդա՞ր…»):
Հրաշապատում հեքիաթներից եկած մի կախարդանք ու «դժվար վարժությամբ» (Եղիշե Չարենց) ձեռք բերված մի խորը պարզություն ընթերցողին ուղեկցում են «Արևային աստղաթափ» ժողովածուի առաջին տողից մինչև վերջին ստեղծագործությունը: Եվ «Ես եմ ձեր մեջի Մոխրոտը…» («Գիտեմ հաստատ») տողով խոստովանության գնացող բանաստեղծուհին, որն իր վրա է վերցրել մեր կենաց դաշտը պատած-ճարակած մոլախոտի դեմ անզիջում պայքար-կռիվը՝ որպես ազնիվ ցորեն, աճում է անգամ լերկ քարի վրա՝ դառնալով «արդար ու հանճարեղ հաց» («Ազնիվ ցորեն»): Եվ այդ ամենին Անահիտ Թարյանը հասնում է անճիգ ու դյուրին, ասես, բնության կախարդանքով, դառնում է հզոր ու անմրցակից, երբ ձեռքը մեկնում է ծաղկին, երբ բնությունն իր հետ է ու իր մեջ.
Թիթե՜ռ է նստել իմ ծամին… («Ես կմրցեմ»)
Ամփոփեմ խոսքս: Իսկապես, հետաքրքիր ու արժեքավոր գիրք է ստեղծել (գրքի խմբագիր և առաջաբանի հեղինակ՝ Արքմենիկ Նիկողոսյան) անվանի բանաստեղծուհի Անահիտ Թարյանը: Այսօր արդեն, կարելի է ասել, բանաստեղծությունների սույն ժողովածուն մեծ պահանջարկ է վայելում ընթերցողների լայն շրջաններում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։