ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՑԱՎՆ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՐԴԻ ՀԱՅ ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ / Լիլիթ ԱՆՏՈՆՅԱՆ

A-group-photo-with-the-dead-and-the-immortals-500x500Սուսաննա Հարությունյանը բանավեճի դրդող դրամատիկ կերպարների հեղինակ է: Խոշորացույց պետք չէ նկատելու համար, որ յուրացնելով 20-րդ դարի հայրենասիրական գրականության ավանդույթները, նա փորձում է շարունակել ազգային ցավը գիտակցող, բայցև նորագույն պատմության այգը ներշնչող գրողների ուղին (Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Ե. Չարենց, Հ. Մաթևոսյան): Նրա առաքելությունը հոգեբանական մտրակի, ընդվզման, սթափության գրականության արարումն է: Լիովին պատճառաբանված է, որ նրա «Խմբանկար մեռյալներով ու անմահներով» ժողովածուի արժեքավոր բաժինը պատմական պատմվածքն ու նովելն են՝ ազգային խոսքարվեստի բազմաձև զարգացման ճանապարհը հարթող բարերար իրողությունները: Դրանցում կանոնարկված ենք տեսնում հեղինակի գրելաոճի հատկանիշները՝ փոքր ծավալ մեկ իրադարձության գեղարվեստական սևեռման մեջ, միաբնակ դիպաշար, պատումների սրընթացություն, հանգուցալուծում և վերջաբան՝ անսպասելի կամ հավանական ու ակնառու: Մյուս կողմից, սյուժեների ներքին միությունը ելնում է ազգային իրականության՝ փաստական համապատկերի ստեղծման նպատակից, հաստատում հեղինակի «սառը» գրելու կարողությունը: Ապահովված են նաև կերտված բնավորությունների համոզիչ զարգացումները արհավիրք-երկրաշարժի, ազգամիջյան պատերազմի, Արցախի ազատագրության, հայորդիների ինքնազոհումի բարոյական հենքի վրա: Այսպիսով, «Խմբանկար մեռյալներով ու անմահներով» գրքի բովանդակությունը յուրօրինակ էթնիկ հուշարձանի կառուցումն է, և գրողը տիրապետում է պատմաքաղաքական ենթահամակարգի և գեղարվեստական այլ բաղադրիչների դետալացված համադրության գաղտնիքին: Արձակագիր, որ ունի ընտանեկան և անհատական ժառանգականության իմացություն, սոցիալաբանական խտացումներ է կատարում վարպետորեն, հայտնաբերում արդի պատմության ոգեղենիկ արժեքները: Եվ սխալ պիտի գործեինք, անշուշտ, այսպիսի գրականության լրջությունը շրջանցելու դեպքում:
Սուսաննա Հարությունյանն օժտված է ազատ, անկաշկանդ արտահայտվելու գեղագիտական շքեղ շնորհով: Վերջինս, մասամբ, արտահայտվում է նրա՝ սպիտակ բանաստեղծության ավանդույթի յուրացման մեջ, որն ի հայտ է գալիս հատկապես խորագրերի ընտրության խստապահանջ բնագավառում: Ռիթմիկան ազատաչափ բանատողերի տպավորություն ստեղծելու հնարանքով Ս. Հարությունյանն ուժեղացնում է մեկ պատկերի ազդեցությունը մյուսների վրա, որոնց նաև իր հոգին ու շնչառությունն է տալիս. «Արևը/Աստծո դեմքն է,/ և մենք այն /տեսնում ենք/ ամեն օր»/, «Հրեշատակի/վերերկրային/իրավունքը»/, «Բոլորն էլ/այդպես են/ հեռանում»/, «Նա Աստված էր փնտրում/և քիչ մնաց գտներ»/, «Այստեղով/անցել է/ Աստվածը»/, «Տերը որոշեց/լավանալ/դժոխքը»/, «Չհասած դրախտ՝/այս կողմերում»/: Պետք է նկատել գլխավորը: Այն, որ ինչպիսին էլ լինի Հարությունյան գրողի պատումային արտահայտումը՝ խոհական, չոր ու կոշտ, առնացի, զտված զգացմունքից՝ ենթակա միջավայրի առարկայական կոնկրետությանը՝ խորշակահար ներքին աշխարհի պատկերով թե հուզական, զգայնոտ ու զգայական, գործում է վերարտադրության կամային ինքնահատուկ եղանակը, որն ուղղակի ծագում է չշռայլվող կյանքից, և որը կարող էր դարբնել մեր պատմության վերջին երկու տասնամյակը՝ հոգեկան մեծ տանջանքներով լի: Ճիշտ ինչպես կերպարներից մեկն է նշում, այդպիսին է նրա հայտնագործած հայ մարդը (պատումը գրված է առաջին դեմքով՝ «ես»-ով, որը նշանակում է, թե պատմողին կարող ենք նույնացնել հեղինակի հետ)՝ «Սիրտս մղկտում էր, բայց լացս չէր գալիս» («Զորավոր վախճանը»): Ինչպես տեսնում ենք, գործում է և՛ գոյատևման համար նախասահմանված կյանքի նկարագրությունը, որի հիմնական պատկերը տառապանքն է, և՛ գրողը, որն անուղղակի տալիս է եղածին իր գնահատականը՝ հաստատումը:
Սուսաննա Հարությունյանին խորթ չէ նաև անզարդ բնատիպ զգացողության պոետիկան: Վերջինս հյուսում է ոչ այնքան զգացմունքի հոգեկան մեծ խանդավառությունից դրդված, որքան երջանկության խաբուսիկ, վաղանցիկ, բայց ընտանեկան-ավանդական իմաստներից, որոնք արժևորվում են մարդկային հավատարմության՝ նրա որդեգրած, նրան հոգեհարազատ պատկերներում: Վճռականը կյանքից պատռված լուրջ գրականության համար ավելի, քան իրադարձությունը և բուն երկի ֆաբուլան, հայ մարդու այն հատկությունների բացահայտումն են, որոնք լուսավորում են նրա էթնիկ կերտվածքի խորությունը: Բնագավառ, ուր երկու ոտքով գրողն ամուր կանգնած է հողին: Տառապանքը այսպես պատկերված ապրելակերպի աղն է, և եթե մարդը չի տառապում, ուրեմն, չի տոկացել ու վերընձյուղվել: Խոսքը մարդու նոր տիպի մասին չէ, այլ նոր հատկանիշներով՝ հին տիպի:
«Խմբանկար մեռյալներով ու անմահներով» ժողովածուի մուտքը, այսպիսով, «Երկրաշարժը» պատմական կերտվածքն է, ավարտը՝ «Անմահության սահմանով»-ը: Այդպես մահն ու հավերժությունը՝ երկրային կյանքի ելակետն ու հանգակետը, հարևանությամբ դրված են կողք-կողքի, իսկ դրանց միջև «Լուրեր կյանքից»-ի, «Հուշարձան Վարդուշ»-ի, «Թաց աղաչանքներ»-ի կենսական տարածքն է (հեղինակը երբեմն պատմվածքի և վիպակի ժանրային սահմանները մոտեցնում է իրար՝ դրսևորելով գեղարվեստական ազատ արտահայտման տարերքը): Տրամաբանական հյուսվածքով, պատկերային ու կերպարային համակարգով կապված ստեղծագործություններ են բոլորն էլ, որոնցում գրողի՝ արդի հայոց պատմությանը, ժողովրդի անցյալին ու մարտահրավերներին ուղղված սթափ հայացքն է:
Առհասարակ, կերպարի ուժեղ, կամային, հայրենական տեսակի կենսազգացողության խտացումը Ս. Հարությունյանի պոետիկայի հիմնախնդիրն է: Նրա «Երկրաշարժը» նովելը գրված է հոգեբանական բևեռադրման կառուցվածքային սկզբունքով, իսկ գաղափարի վրա տիրում է քսաներորդ դարասկզբի ազգային-հայրենասիրական բանաստեղծության էլեգիական, ընդվզող ոգին («Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար/Թալանված, ջարդված/ Ու հատված-հատված/Տանում է իրեն վերքերն անհամար/ Հայոց լեռներում/ Սուգի լեռներում»): Հայրենականություն, որ իրենով եզրագծում է Ս. Հարությունյանին: Այն նաև ներքին զգացողության դրսևորում է՝ ուղղված ազգի պատմության փիլիսոփայությանը, որի ընդգրկումը արտահայտման իր ձևն ունի այստեղ՝ կապված գրողի հոգուց դեպի ազգային ոգին ձգտող զգացմունքի պարզությանը: Այդպես է մանավանդ, քանզի իբրև կին՝ նա զգացմունքը չափելու ուրիշ միավոր չունի, քան հոգու վրա վերջինի թողած անդունդի խորությունը: Ծագումնաբանական տեսանկյունից Հարությունյան գրողի նախընտրած տիպական կերտվածքն ամենից առաջ աչքի է ընկնում զսպվածության, մաքառումի, հողի հետ արյունով կապվածության ազնվական հատկանիշներով (կանանց դեպքում՝ տղամարդկանց կերպարներին հավասար չափով, գուցե նաև այն պատճառով, որ ակունքն իրական-կենսագրական է): Արձակագրի գերխնդիրը գրական նախաղբյուրներում մշակման ենթարկված կին կերպարի նորովի հայտնագործումն է: Կին, որն ազգային ձուլվածք ունի, ազատագրված է պատրանքներից, կոփված է, թրծված նույնիսկ ոչ թե մեկ դարի պատմությամբ, այլ՝ նախանտիկ և միջնադարյան ժամանակաշրջանից (վկայված է Մ. Խորենացու ««Տիգրան և Աժդահակի» Տիգրանուհով): Պարզ զգում ենք տեսակի ձուլումը էպոսին, գործառվելով-հասունանալով հյուսված լինելը Հ. Մաթևոսյանի «Աշնան արևի» Աղունի բնութագրին՝ մի առանձնաշնորհ կանացի էության, որն արշալույսի նման բացվում է հետպատերազմական հայ գյուղի վրա: Հենց Հ. Մաթևոսյանն է նրա բնույթի դասական, մատենագրական կողմին ժամանակակից երանգավորում տվել: Ս. Հարությունյանի շնորհիվ հայուհու այդ տեսակը միացել է անկախության տարիների արարումներին՝ արտահայտելու համար հայոց ազնիվ գենի՝ հավերժի մեջ գոյության գաղտնիքը: էականն այն է, որ Հ. Մաթևոսյանի և Ս. Հարությունյանի միջև այդ կերպարի ընտրության հարցում բնատիպային փոփոխություններ չկան. երկու դեպքում էլ նույնն են կանացի էության հիմնական ամրաձույլ հատկանիշները: Նրանք արտաքուստ բոլորովին զգայական չեն, բայց հուզում են զգայականության աստիճան, պատրաստ են ապրելու հիշողության ներգործումով, բայց արժանավայել՝ միշտ սեփական մաքառման հետ («Զորավոր վախճանը»): Կարելի է նույնիսկ չափազանցությունից չխուսափելով ասել, որ Ս. Հարությունյանի կանացի կերպարն այնպիսին է, ինչպիսին կլիներ Հ. Մաթևոսյանի Աղունը, եթե ստեղծագործված լիներ արցախյան պատերազմի ճակատագրական օրերին: Միայն թե գրողը հայուհու այս տիպն արդեն հարստացնում է պատմական արդի ժամանակի նորոգ ընկալումով, շռայլաբար թույլ տալիս, որ հենց նա դառնա պատերազմական տանջալից իրադրությունների տերը: Եթե հնարավոր լիներ, նա էլ զինվորների հետ պատերազմը կկրեր՝ ինչպես Հիսուսը՝ խաչը չկիսելով որևէ մեկի հետ: Իսկ «Զորավոր վախճանը» պատմական պատմվածքում հայտնագործված են արդեն միանգամից երկու տոկացող հայուհիներ՝ ժառանգորդաբար կապված միմյանց ու հողին: Ավագը կյանքի հիմնականը դարձրել է պատերազմին դիմագրավելը, խնամքոտ քննում է ճակատամարտից վերադարձած վիրավոր զինվորներին՝ մոռանալով իրեն ու ամեն ինչ, կրտսերը դիտում է նրա հերոսությունը, որը սովորական բան է թվում, ուրիշ ոչինչ: Չկա կանացի պարզունակ մտածողության ու գործելակերպի դրսևորման ոչ մի պատկեր: Ամեն ինչ հաշվարկված է Սուսաննայի գեղարվեստական տարեգրության մեջ. սարսափազդու է ու վեհ: Այստեղից էլ՝ պատճառաբանված է նրա պատմվածքի երիտասարդ կնոջ խոսքի ապացուցողական-արձանագրական, չոր բնույթը, որն էական ընդգծված երանգներ չունի, երկխոսության մեջ վիճաբանական է, ուղղված է ոչ թե վիճաբանող կողմին, այլ՝ պատերազմին: Գեղարվեստորեն զուսպ գրամշակույթին տիրապետելու համար Ս. Հարությունյանը ռեալ նկարագրերից հեռու գնալու, մշուշում խարխափելու անհրաժեշտություն չունի: Նա զտում է իր կերպարների հոգեբանության տարբեր գործառույթները, հաշվարկում է դրանք ավելի, քան նույնիսկ կյանքում է այդ չափով անհրաժեշտ: Արմատապես վավերական, պատմական սյուժեի գրական մշակումը հատկանշվում է ծավալվող կյանքի կարծրությամբ: Գրողի խնդիրն այն չէ, թե ո՛վ է իր կերպարն աշխարհում, այլ, թե ի՛նչ է հայրենի աշխարհը նրա՛ համար և այդ դիրքից՝ ո՛վ է նա սեփական աչքում: Հուզում է այդ կերպարը պատմական պահի տենդոտ կենսազգացողության կրողը լինելով, նրանով, որ կյանքի ու մահվան հակադրության միջև ոչ մի նահանջ չի հանդուրժում: Երևում է, որ ազգային բնավորության, վարքագծի և արդի հայոց պատմության միջև Ս. Հարությունյանն անխզելի միություն է ընկալում և համոզում է ընթերցողին, որ մարդն այն է, ինչը նա հաստատում է բացառապես գործողությամբ: Վերջին պատմվածքը հանգուցալուծվում է մայրության խորհուրդը կրողի մահով, որ հետո կրտսերը անգիտակից հետևողականությամբ շարունակի նրանից ավանդված գործը: Եվ դա է հայության գոյատևման պատճառաբանված խորհուրդը. «Ես հենվել էի սայլին և մտածում էի՝ որտե՞ղ փորեմ մորս գերեզմանափոսը. հո՞րս կողքին, տատի՞ս, թե՞ բոլորովին նոր տեղում, և նրանց հարևանությամբ տեղ թողնեմ նաև ինձ համար»: Մտահանգումը հետևյալ ընդհանրացումն է. նա՛խ, երկինքը հաշտ կլինի մեզ հետ, եթե մեր դժբախտությունների, վշտերի հանգրվանը՝ հայրենի եզերքը, չդատապարտվի թողլքության: Հայրենական հողը սթափեցնում է մեզ, քանզի տոկալով պահում է և՛ տառապողներին, և՛ նրա ընդերքում՝ մեր հայրերին ու նախնիներին: Յուրօրինակ գտածո է թվում նույնպես «Արևը Աստծո դեմքն է, և մենք այն տեսնում ենք ամեն օր» պատմական պատմվածքը: Հողի և արևի հետ լինելու բնապաշտական-ինքնապաշտպանական մղումը գործում է, ըստ գրողի, երբ հերթական անգամ ամեն ինչ կորցնելու առջև ենք կանգնում: Անձնական և պատմական սյուժեները ուղղություն են տվել ներկա պատումին, բայց կարևորվել է մեկը, որովհետև ազգամիջյան պատերազմը հորինովի մեղք ու տանջանք չէ. «Արագ քայլիր, շուտ գնանք, զինվորների դիակները հասցնենք հարազատներին… Ողջ թափքը… Տասնութից-քսան տարեկան… Ծածկված բրեզենտի հաստ կտորով…»: Ի վերջո, Սուսաննա Հարությունյանը զուգահեռներ է ստեղծում անդունդի եզրին մարմնավորված մարդկային վարքի և մեր գոյության միջև, իսկ նրա ժողովածուի գերակա գաղափարը անօգնականության հաղթահարման պահանջն է, երկրպագությունը՝ առ մեր չթուլացող համառությունը, և անգամ առ հավատը՝ Արևին, որը տեսնում ենք ամեն օր, զի Արևը մեզ նայող Աստծո դեմքն է և նրա օրհնությունը:
Թվում է, ուր որ է, ահա՛, ևս մի քանի տարի, բծախնդիր կերպով գրված ևս մի քանի ժողովածու, և ավելի կնպատակաուղղվի, կհաստատվի արդի հայ պատմվածքի հարությունյանական ապրեցնող գիծը, որով նա պատմական թեմատիկան կփորձի կրկին դարձնել անշրջանցելի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։