Հուշերի ետևում արմատ կա / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կորյուն-Առաքելյան-«Մի-աշխարհ՝-սրտիս-չափով»-400x250Թվում է, թե մի փոքր ու պարզագույն բան է մարդկային սիրտ ասվածը: Փոքր ու պարզագույն, որովհետև մի շատ փոքր տարածք է նրա զբաղեցրած տեղն օրգանիզմում, և կառուցվածքով էլ, իհարկե, վաղուց է հայտնի: Այս ամենով հանդերձ, սակայն, մարդկային սիրտը մի առեղծված է, և անիմաստ է զբաղվել այդ առեղծվածի բացահայտումով: Պարզապես պետք է խոնարհվել «աշխարհաչափ» սրտի առջև:
Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ սրտիս չափով» բանաստեղծությունների ժողովածուն ընթերցողին տանում է մի աշխարհ, որտեղ ժամանակը դադարում է գոյություն ունենալ, որովհետև հուշերից ծնված ներկայով արարվում է գոյության իմաստը, ճշմարիտ, արդար ու ազնիվ գոյության իմաստը:
Կորյուն Առաքելյանի հուշերի ետևում արմատ կա: Ջերմ ու ջլապինդ արմատ, որը նրա ապրած օրվա հիմնարար գրավականն է: «Մի աշխարհ սրտիս չափով» բանաստեղծությունների ժողովածուն գալիս է հաստատելու, մեկ անգամ ևս շեփորահարելու անբեկանելի այն ճշմարտությունը, որ այս լուսնի տակ գոյության յուրաքանչյուր ձև իր արմատներով է հզոր: Եվ երանի նրան, ում արմատը բարի է: Որովհետև նրա պտուղը ևս բարի է: Կորյուն Առաքելյանի աշխարհը տոգորված է արմատ ու պտուղ հարաբերության մեջ արարվող բարությամբ: Ոգևորող փաստ, վարակիչ օրհնություն:
Իր հուշերի հզոր արմատների վրա ծաղկած բարության ծառի պտուղներով է այսօր մեզ ներկայացել Տավուշի խորախորհուրդ բնության պես խորախորհուրդ առաքինություններով հարուստ անձնավորությունը: Մարդ, որ հանրային, հասարակական թե մասնագիտական աշխատանքների եռուն ընթացքի մեջ իր ճանապարհն անխոտոր է պահել, որովհետև վստահել է ամենավստահելիին՝ իր մարդկային արմատներին:
Կյանքի «թավշյա կանաչին» ավելացող բազում նոր գույները.
Ըմբռնելի են / Դարձրել խորհուրդը/ Լույսի ու մութի,/ Զարթոնքի, գարնան, /Աշնանամուտի:
Սակայն միշտ չէ, որ նոր գույները ներդաշնակվում են առօրյայի հետ: Հենց այդ պահերին էլ կարիք է զգացվում ետ նայելու, նայելու դեպի մանկություն, դեպի արմատներ, դեպի անկաշառ ու ազնիվ օրեր.
…Չափից ավելի, / Երբ թանձրանում են / Գույները մեկ-մեկ,/ Վախեցած կարծես / Ինչ-որ մի բանից, / Անհաշտ կռվելով / Միշտ ինքս ինձ հետ,/ Մեկ-մեկ ուզում եմ / Կյանքիս անիվը / Շրջե՜լ, տանե՜լ ետ… / (Մենակության պահին)
Երազում թե արթմնի, Կորյուն Առաքելյանն իր մանկության ընկերն է, մտերիմն ու հարազատը: Կապ, որից արարվող բարությունը, իսկապես վարակիչ է ընթերցողի համար:
Քաղցր երազ էր. / Մեր այգին էի / Նորից գնացել, / Իմանալու թե / Այնտեղ ինձանից / Ինչ է մնացել: / («Երազ»)
Միայն հոգով ուժեղները կարող են երկխոսության մեջ մտնել իրենց մանկության հետ: Միայն նրանք կարող են խոստովանել մանկությանն իրենց պարտված լինելու մասին: Այդ նրանք են, ովքեր գիտեն անկեղծության և ազնվության գինը:
Այնքան շատ բան էր / Փոխվել մեր այգում, / Որ չհասկացա՝ / Ես էի այդպես/ Քաղաքի ցնցող / Լույսից կուրացել,/ Թե իմ այգին էր / Ջահելությունս / Արդեն մոռացել… / («Երազ»)
Հայրենի եզերքի երգիչ Կորյուն Առաքելյանի աշխարհում նույն այդ եզերքը ակնածանք ու խոնարհում պարտադրող դաս է ու դաստիարակություն: Նրա վեհանիստ լեռներն ու անդնդախոր ձորերը կենդանի ոգեղենությամբ ներկա են բանաստեղծի ապրած օրվա մեջ: Հայրենի եզերքի հետ ունեցած հարաբերության միջով է ահա ձևավորվում ազնիվ հայորդու կերպարը: Ձգտումը՝ վեհ լինել լեռների պես և խորանալ ձորերի պես, բանաստեղծի կյանքի ուղեկիցն է: Հայրենիքը նրա սրտում տպված և տեղավորված մի աշխարհ է, զարմանալի հակասություններով լի մի աշխարհ, որտեղ եթե լեռների նման վեհանալ չկա, փառք Աստծո, նաև՝ քարերի նման քարանալ չկա («Զարմանալի է…»):
Հայրենիքը Կորյուն Առաքելյանի սրտում տպված ու տեղավորված այն աշխարհն է, որ արարվում է վերհուշներով և հնի ու նորի ճամփաբաժնին ամրակուռ մնում՝ ի հաշիվ անցյալից բերված մաքուր շաղախների:
Թող որ տխրություն է ծորում այդ «շաղախներից», բայց և ազնիվ տխրությունն է մերժում մոռացումը:
Կորյուն Առաքելյանի հիշողության դաշտում հեքիաթը չի ավարտվում: Այնտեղ դեռ խաղում են անմեղ մանուկները, և աշխարհի խրթին հարցերն են լուծում ծերունիները: Աղստևը շոյում է պարզսիրտ տղաների մեջքերը, քամին՝ արտը մտած աղջիկների վարսերը, «մայրերն արև են բերում, բաժանում», «Ձիերը երկինք են բարձրանում»…: Նման հեքիաթները երբեք չեն ավարտվում, որովհետև այդ հեքիաթներին տեր եղողների համար երկնքում պահված բանալիներ կան: Կորյուն Առաքելյանը չի ուզում կրցրած լինել պապերի կողմից իրեն պահ տված հեքիաթը: Ուստի բանալին ոչ թե երկրի վրա, այլ երկնքում է պահում.
Ինձնից բացի / Ոչ ոք չգիտի / Այդ աստղի տեղը. / Առանց փնտրելու/ Նրան գտնում եմ, / Երբ որ ես հանկարծ / Ընկնում եմ նեղը: / Այդ աստղը հիմա / Ոսկե բանալին, / Ու թալիսմանն է / Դարձել հեքիաթիս: / Իսկ երբ որ օրն է / Իմ գլխին մթնում, / Մի ձեռք իջնում է /Ու միշտ ինձ գտնում: / («Պահած իմ աստղը»)
Կորյուն Առաքելյանի սրտի աշխարհում պահված հեքիաթներ կան, որ պատմում են ազգային ավանդույթներին հավատարիմ մնալու, նախնիների հիշատակներին տեր կանգնելու, հայրենի եզերքը չկորցնելու, սերը սիրով պահելու և մարդկային շատ այլ արժեքների մասին:
Զուտ կենսաբանական գոյությունը չի բավարարում, չի գրավում բանաստեղծական մի լայն աշխարհ իր սրտի մեջ առած Կորյուն Առաքելյանին: Չի բավարարում, որովհետև զուտ կենսաբանական չեն կարող լինել հավատը, կարոտը, սերը, հարգանքը: Սրանք, անշուշտ, այլ ոլորտների գոյության ձևեր են: Հենց այդ պատճառով էլ, իր հետ վերցնելով մանկական պայծառ անկեղծությունն ու հասուն անհատի իր խոհեմությունը,, Կորյուն Առաքելյանը պարզում է իր նավի առագաստները:
Գնում է հանդիպելու նրանց, ովքեր գիտեն, թե որքան անսահման կարող է լինել ափաչափ սիրտը:
Կորյուն Առաքելյանի սրտի անսահմանության մեջ արծվի բույն կա, տաճարի լույս, …Խաղացող ձիեր, / Սլացող ձիեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։