ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի
ՄԱՆՈՒՇԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
***
Մանուշը յուրատիպ բանաստեղծուհի է իր հուզաշխարհով և ինքնատիպությամբ: Նա ինձ համար առանձնանում է գողտրիկ ու ջերմեռանդ հուզաշխարհով: Քնարականությունն ու մայրական կարոտի սերը նրա աշխարհն են: Նամանավանդ նրա մերօրյա թեմայի կարևորությունն է կազմում անսպառ կարոտը` հայրենիքից հեռու որդիներ ու ինքը` նրանց երբեք սրտից չհանող մայրը:
Լյուդվիգ Դուրյան
***
Բանաստեղծական ինքնուրույն աշխարհ ունի Մանուշը, որը շատերի նման չշտապեց շատ տպագրվել` ծանր ու թեթև անելով իր մտորումները: Հեղինակը լիարժեք իրավունքով մտերմիկ զրույց սկսեց ընթերցողի հետ, իզուր չի գրիչ վերցրել:
Թաթուլ Բոլորչյան
***
Մանուշին ճանաչում եմ 1990-ական թվականներից, երբ նա իր լիրիկական մանրապատումներով նոր էր հանդես գալիս մամուլում:
Ի՞նչ իմանայի, որ այս համեստ պատմաբան կինը երիցս շնորհալի բանաստեղծուհի է: Սկզբից թվում էր, թե ինքն իր համար է գրում, բայց երբ իրար ետևից տպագրվեցին նրա բանաստեղծությունների ժողովածուները, միմյանց լրացնելով առերես են հանում բանաստեղծուհու անուրանալի տաղանդը:
Վազգեն Առաքելյան
ՄԱՆՈՒՇ
Կիսված ծաղիկ
Կիսված ծաղիկ շուրթերիս`
Լուսնի մահիկ գիշերում…
Եվ հիշում եմ ես հանկարծ
Ծիծաղս իմ հուշերում:
Դժվարությամբ եմ բացում
Շուրթերը իմ թառամած,
Չբացեի երանի,
Հայելիս է լինում լաց:
Բացված շուրթերս գունատ
Ասես քամուց բացված փեղկ
Իրենք իրենց գոցվում են,
Եվ որքա՜ն են նրանք խեղճ:
Իսկ հայելիս հարազատ`
Ասես երկուսս էլ բեմում,
Ինձ լսելի լուռ ձայնով
Նույն ֆրազն է կրկնում.
Որ շուրթերն իմ շատ անուշ
Դառնացել են` ո՜ւշ է` ո՜ւշ:
***
Ջուրը գլգլում
Հոսում է անվերջ…
Ջուրը մաքրում է
Հենց ինքը իրեն:
Հոսում են նաև
Երազները իմ,
Բայց թավշյա հեռվում
Լռում են` հանգչում:
Հոգուս ծալքերում
Մութ է ու խավար`
Արևի շողը
Նրանց չի հասնում:
Ձեռքերս պարզած
Ուզում եմ փնջել
Շողերն արևի
Ու լցնել սիրտս:
Եվ թող, որ բուրի,
Մաքրվի հոգիս,
Ջրերի վրա
Խայտա ցոլքի պես:
Ջուրը գլգլում
Հոսում է անվերջ…
Ջուրը մաքրում է
Հենց ինքը իրեն:
***
Քայլո՜ւմ եմ, քայլում
Ժամանակի ու
տարածության մեջ…
Անշոշափելի երևույթն այս,
Որ կոչվում է կյանք,
Կծկո՜ւմ է, կծկո՜ւմ
Գոյը իմ չնչին…
Եվ այդ կծկումից
Սիրտս է ճմլվում…
Դուրս գալը` դժվար
Անանց երազից,
Փախչելն՝ անհնար:
Ու ես ակամա
Լուռ ենթարկվում եմ
Նրա խաղերին:
Եվ ի՞նչ է մնում
Կյանքում այս խրթին…
Փաթեթավորված
Մի ոչնչություն
Ունայնության մեջ,
Մտքեր ցանուցիր…
Ու խճճվածքում
Անմիտ, անիմաստ,
Անգույն երազներ
Եվ ուրիշ ոչինչ: