Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

երվանդ պետրոսյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Հոբելյանի և հոբելյարի չգրված իրավունքով

***
Պոեզիան ինձ համար աշխարհին (բնություն, մարդիկ, կենդանիներ, ծառ ու ծաղիկներ, երևույթներ, նաև ինքս ինձ) նայելու, զգալու, ճանաչելու, իմ ներաշխարհում տալու և առնելու և, ի վերջո, ողջ ապրած-իմաստավորածս արտահայտելու կերպն ու միջոցն է` իմ մեջ տեսանելիորեն թրթռացող հոգեհարազատ պատկերներով, գույն ու երանգներով, շնչով ու լեզվով:

***
Իմ գործը, իբրև փոքրիկների ու մեծահասակների համար ինչ-ինչ տողեր գրող-ներկայացնողի, որ կարող են հետաքրքրել ու թեկուզև մի պահ իրենց ետևից տանել նրանց, ես նմանեցնում եմ փոխանցումավազքի մի մասնակցի արածին, որ, ասենք, իրեն փոխանցված դրոշը (լույսը) ի վիճակի է այսինչ կետից ժամանակին ու արժանավայել կերպով տանել-հասցնել առջևում մի կետ և հանձնել այդ նույն առաքելությանը լծված մի երիտասարդի (եղիցի), որ նա նոր պայմաններում այդ դրոշը (լույսը) վստահաբար կարողանա նույնպիսի և, ցանկալի է, առավել արժանապատվությամբ է՛լ ավելի առաջ տանել:

Այսօր
Շատերի հետ մեկտեղ
Եվ ի՛մ ծննդյան օրն է այսօր:
Ով որ այս իմացավ,
Եկեք ձայն ձայնի տանք
Եվ հիշատակածս շատերին ու ինձ
Այս առիթով ասենք՝ շնորհավոր:
Վստահ եմ, որ ալիքները մեր ձայների
Պիտի հասնեն նրանց
Եվ բոլորի սրտերը լցնեն
Շնորհակալության բարի զգացումով,
Որ պետք են և՛ նրանց, և՛ բոլորիս:

Նույնը պիտի լինի նաև ինձ հետ,
Որին ես կուզենամ ավելացնել
(եթե դա ինձ տրվի)
Մի սրտի չափ շոյող լո՜ւյս ու օրհնա՜նք,
Լույս ու օրհնանք…

Եվս մի աղոթք
Քանի ՔՈ հաճությամբ կարող եմ ես
Դեռ ինչ-որ բան անել,
Թող որ չծուլանամ,
Չընկնեմ հանկարծ գիրկը անհոգության,
Արածովս իզուր ես գոհանամ
Ու հանգստի կոչեմ ինձ ինքնակամ:

Հակառակը` թո՛ղ որ
Արածս մինչ հիմա
Ես համարեմ, իրո՛ք, անբավական
Ու նրա դեմ կանգնեմ,
Իբրև նրան նոր ու
Արժանի բան հավելելու ձգտող
Մի նվիրյալ պատրաստակամ:

… Եվ թո՛ղ, վերջիվերջո, իմ արածով
Ես պիտանի լինեմ երկրիս,
Քանի դեռ կամ…
Մահիցս հետո՛ անգամ:

Մի բուռ հող
Եվ եղավ, որ անտեր,
անմիաբան երկրիս մեծ մասը
Դատարկվեց բնակիչներից իր հարազատ:
Մեր իսկ տանը տանտեր դարձած քոչվորները
Կոտորեցին նրանց տմարդորեն,
Ոմանք էլ` մազապուրծ, ցրիվ եկան աշխարհով մեկ
Եվ տնքալով հոգու խորունկ ցավից,
Կարոտելով իրենց հող ու ջրին,
Մորմոքելով մեռան այս ու այնտեղ`
Էրգիրն աչքերի մեջ ու էության:

Ժառանգները նրանց`
Թուղթ ու գրերով պաշտոնական,
Որպես զբոսաշրջիկ (ուխտավոր ու վկա),
Պարտքի զգացումով, նաև` հոգու կանչով,
Ամեն կողմից հիմա,
Ի՞նչ խոսք, նաև մեր այս
պատառից հայրենական,
Գնում, այցելում են պապերի տուն`
Ծնկի գալու,
Խորին խոնարհումով աղոթելու,
Ապա` կրակ փոխանցելու նման (կենաց կրակ),
Մի բուռ հող տանելու ու շաղ տալու
Գերեզմաններին հեռվում մեռածների,
Որ դրանով գոնե… կարոտ ոսկորները
նրանց հանգստանան:

Այսպես բուռ-բուռ,
Բուռ-բուռ…
Այսպես անվերջ,
Էրգիրն ինքը մեզ պես տրտմաթախիծ ու լուռ,
Ոտքի ելել կարծես,
Գնում է իր ցրված զավակների հետքով,
Գնում է շաղ գալու ողջ աշխարհի լայնքով ու երկայնքով,
Որ մինչ ողջ ու մեռածների
Դարձը վերջ-վերջնական,
Սփոփանք ու սպեղանի լինի
Եվ համն ու հոտը տա
Իրենց տան ու երկրի պապենական:

Դառը հիշեցում
Ահա և Վանը և լիճը Վանա,
Երազ է, որ կա` աչքիս դեմ բացվող,
Վարդի ցողաթաց կոկոնի նման
Երկինք ու երկիր բույրով միացնող:

Ե՛վ Ախթամարը, և՛ եկեղեցին`
Չքնաղ ծովահարս` կնքված Սուրբ Խաչով,
Եվ Սիփան սարը` կանգնած առնացի,
Եվ ողջը` դրախտ, դեպի ինձ թռչող…

Ես սթափվում եմ, սակայն, նրանք կան,
Չեն ցնդում, անցնում, իբրև մի երազ,
Բայց և հիշում եմ, որ ա՛յլ է ներկան,
Մերը չէ, ավա՜ղ, հիմա դրախտն այս…

Հ.Գ.
«Մերը չէ հիմա» կամաց եմ ասում,
Որ մինչև անգամ ինքս չիմանամ,
Ախր… չորս կողմս` շնչավոր, անշունչ,
Այդ խոսքի համար շատ կնեղանան:

Թե՛ քար ու թե՛ հող, թե՛ լիճ ու թե՛ լեռ,
Եվ հայե՛րն ամեն` որտեղ էլ որ կան,
Հակառակ ներկա կարգ ու սահմանի,
Համարում են խոսքն այդ անբնական:

***
Կարևորն այն չէ, որ շուտ հասնես,
Ո՛չ էլ` որ հասնես ամեն գնով,
Այլ ա՛յն, որ մի օր`
հասնես թե չէ,
Անցած ճամփադ կնքվի քո՛ անունով:

***
Աստված գիտի` զուսպ եմ:
Բայց ոգևորվելիս
Կարող եմ և չափը անցնել:

Եվ արժե, շա՛տ արժե այդպես անել,
Եթե չափ կոչվածը
Թույլ չի տալիս սրտանց ոգևորվել:

Մեր ցանածը
բարով թող որ հնձենք
Ո՛չ մի անակնկալ, ո՛չ մի շեղում,
Ինչ որ ցանես, այն էլ պիտի հնձես:
Եվ դա լավ է, թե չէ` անվերջ ժայթքող
Ի՜նչ քաոսի կյանքը կվերածվեր:

Առանց այն էլ, հաճախ նույն այդ կյանքից,
Ինչպես հարկն է` գլուխ մենք չենք հանում:
Մեր ցանածը բարով թող որ հնձենք,
Անկախ` ո՞նց ենք կյանքից… գլուխ հանում:

***

Արդի հայոց բանաստեղծության ճանաչված անուններից է Երվանդ Պետրոսյանը` գրողի ինքնատիպ զեղումներով և պոետական մտորումների համապարփակ ընդգրկմամբ: Որքան գրավիչ ու պատկերավոր է մանկության հուշիկների նրա դիդակտիկան, նույնքան խոհամիտ ու լայնատես են նրա տաղաչափական ներզգայումները «Շարժասանդուղքի վրա»: Այստեղ է Երվանդ Պետրոսյանի տաղանդի անհատականության խորհրդանիշը: Շարժասանդուղքը տեսադաշտ է, հորիզոն և պատուհան, որի դիտակետից տեսանելի են հոգու նվիրումների հաճույքը, գարնան և սիրո զարթոնքը, գունագեղ ծաղիկների բուրմունքը, լեռան գագաթների երգը, լույսի արագության և չորացած ծառերի անտառային դասերը, և այն ամենը, ինչ խորհրդավոր է հեքիաթի պես և առեղծված է անիմանալին: Եվ ամենուրեք ու ամեն ինչում գույների իր երանգը, իրերի ընկալման իր ձևույթը և հավերժության ձգտող սերունդների աղոթքը, քանզի «մեր պատմությունը բնույթն իր չի փոխում (և) մերն է հերթը հիմա»:

Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ

Մարդ մնալու գաղտնիքը

Ըստ ամենայնի խառնակ օրեր են… Հենց այսպիսի ժամանակն է Լևոն Շանթը բնորոշել. «Դուրսը` աշխարհին մեջ, ով ինչ վերցուց` վերցուց»: Եթե, իհարկե, վերցնողի Հոգին էլ մարմին է, գրպանը` լիքը, ինքն էլ` փողի ծիածանի մեջ… Չնայած, ինչ էլ լինի, փողի ժամանակավոր ծիածանը երբեք լուսապսակ չի դառնա:
Մեր ընկերներից շատերը չկան հիմա: Պատահե՞լ է ձեզ կարոտել մեռածներին, մինչդեռ ողջեր կան, որոնց երեսը տեսնել չեք ուզում: Փա՜ռք Աստծո, մարդիկ էլ կան, որ անցած մեր ընկերների ապրող բիոդաշտն են կրում նաև, որովհետև հավատարիմ են իրենց և իրենց ներսի լավին: Բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը այդպիսիներից է:
Ես եկա նվաճելու,
Ես եկա Կեսարի պես,
Ինձ համար պարզ չէր սակայն,
Ո՞ւմ դեմ եմ կռվելու ես…

Եվ կռիվն անցավ իմ մեջ,
Տարիք են անցնում, գնում,
Սրեր են բախվում անվերջ,
Ես դեռ չեմ հանգստանում:

Ես եկա նվաճելու,
Ես եկա Կեսարի պես,
Բայց իմ դեմ ինքս ելա,
Եվ արդեն Կեսար չեմ ես…

Նախանձելի բնութագիր: Թե չէ, քաղաքականացված մեր օրերում մի սիսեռաչափ իշխանություն ունեցողը դիվահարյալ է դառնում` օտար, բարձրավիզ, որովհետև թերամիտ է ու չարասեր…
Վաղուց էր, ինչպես եղավ, մի օր ինձ էլ թունավորեց շողոմքորթ, խարդախի մեկը: Երբ Աթենաս-Պալաս ռազմաստվածուհու ավյունով խոյացա դեպի Երվանդը` խնդիրը պարզելու, միանգամից զինաթափ եղա բարություն և խաղաղություն ճառագող նրա հայացքից: Այդպիսի բան չէր եղել: Ավելին. ինքն ինձ ձեռք մեկնեց դուրս գալու թակարդից. «Այդպե՞ս են ասել,- ասաց,- չպիտի հավատայիր»:
Մեծացել ենք, Երվա՛նդ, արդեն հեշտ չենք հավատում, չէ… Մարդը բացում է բերանը, գիտեմ` քանի բառ պիտի ասի և մտքինն ինչ է…
Իսկ ճշմարիտ Կեսարը հենց քեզ պես պիտի լինի, Երվա՛նդ, իր դեմ, իր թեր ու դեմի դեմ կռվի, թե չէ այսպե՜ս, շունը պոչը շարժում է, Կեսարի է դիպչում…
Իսկ գրական ծանր վաստակդ` ճշմարիտ բանաստեղծի, սիրված մանկագրի, լիաշնորհ ռադիո և հեռուստալրագրողի, Կեսարին էլ պատիվ կբերեր:
Վարձքդ ի կատար, եղբա՛յր:

Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։