Օրերս Երևանի թիվ 84 դպրոցում տոնական տրամադրություն էր: Դպրոցի սաները և մանկավարժական կոլեկտիվը հյուրընկալել էին ժամանակակից արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանին:
Ցերեկույթի նյութ էր դարձել Արմենուհի Սիսյանի «Մի բուռ լույս» ժողովածուն, ինչպես նաև վերջին տարիներին լույս տեսած նրա պատմվածքները: Միջոցառման ընթացքում իրենց հատուկ անմիջականությամբ երեխաներն ասմունքում էին, կերպավորում Սիսյանի գրական հերոսներին, և աստիճանաբար միջոցառման մասնակից դար- ձան և՛ հեղինակը, և՛ հանդիսատեսը: Ցերեկույթը վերածվեց յուրօրինակ ինտերակտիվ ներկայացման, որի ընթացքում՝ իր համար էլ անսպասելի, բեմում հայտնված բանաստեղծուհին սկսեց պատասխանել միջոցառման մասնակիցների և հանդիսատեսի հարցերին, իր մակա- գրությամբ գրքեր նվիրեց երեխաներին:
Գրողի գրական վաստակի արժևորման խոսքով հանդես եկան Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, բան. գիտ. թեկնածու Վարդուհի Գաբրիելյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու Հենրիետա Սուքիասյանը, թիվ 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը և ուրիշներ: Նրանց խոսքերում Սիսյանի ստեղծագործությունը բնորոշվեց որպես լույսի ու կարոտի, սիրո ու քնքշանքի (թերևս հետզհետե արագացող կյանքի ռիթմում, նյութի գերարժևորման մեր օրերում այնքան անհրաժեշտ որակներ), ինչպես նաև կնոջ կերպարի բազմաշերտության բացահայտման համարձակ փորձ:
Արժանին մատուցենք թիվ 84 դպրոցի սաներին և մանկավարժներին՝ գեղեցիկ և անչափ կարևոր ավանդույթները (այն է՝ գրողների հետ հանդիպում կազմակերպելը) դպրոց վերադարձնելու, գրողի ներկայությունը վայելելու, նրա խոսքի լույսը, հևքը, շնչառությունն զգալ կարողանալու և սովորեցնելու համար:
Վարդուհի
ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու,
Հայ-ռուսական (Սլավոնական)
համալսարանի ավագ դասախոս