Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու տոն է: Հավատարիմ ազգային այդ գեղեցիկ ու նոր ձևավորվող ավանդույթին՝ Հայ-ռուսական համալսարանի «Հոգեբանություն» մասնագիտության առաջին կուրսում կայացավ դաս-քննարկում՝ «Գիրքը իմ կյանքում» թեմայով (դասախոս՝ Մարգարիտ Խաչատրյան):
Ուսանողներն ու հյուրերը՝ համալսարանի հումանիտար ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը, հայոց լեզվի դասախոս Ժենյա Ռոստոմյանը, գրքեր էին բերել միմյանց նվիրելու:
Մ. Խաչատրյանը բացման խոսքում ասաց, որ մարդկության պատմության մեջ գիրքն ունի բացառիկ դեր, և լսարանում հավաքվել են տարբեր տարիքի գրքասերներ՝ անկեղծ ու անկաշկանդ զրույցի, գիրք նվեր ստանալու և գրքեր նվիրելու համար:
Հարությունյան Թամարան ասաց, որ կարդացած գրքերի մեծ մասը հսկայական ազդեցություն է թողել իր աշխարհայացքի և բնավորության վրա: Նա հիացմունքով խոսեց Ի. Սթոունի «Կյանքի ծարավը» և Ստ. Ցվեյգի «Անծանոթուհու նամակը» գործերի մասին, որոնք հաճախ է վերընթերցում: «Վերջին շրջանում հմայված կարդում եմ Աստվածաշունչ և կարծում եմ՝ ավելի հետաքրքիր, ավելի ընդգրկուն և ավելի իմաստուն գիրք չի գրվել ու երբևէ չի գրվի»,- ասաց նա: Երեմյան Զարուհին պատմեց, թե ինչքա՛ն բան է սովորել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից: Գրքի մասին խոսեցին նաև Հովհաննիսյան Գայանեն, Մարտիրոսյան Հրանուշը, Սարգսյան Էռնան, Կիրակոսյան Քրիստինեն: Ուսանողները դեռ երկար կխոսեին ու կքննարկեին հարցը, եթե դասախոսը չհիշեցներ, որ այս հետաքրքիր, բազմաշերտ հարցի մասին խոսելու հնարավորություն պետք է տալ նաև հյուրերին: Ա. Եղիազարյանը պատմեց, որ հանգամանքների բերումով՝ վաղուց գիրք չի կարդացել հաճույքի համար և վերջերս որոշեց վերընթերցել արկածային մի քանի գիրք: Պարզվեց՝ տասնամյակներ անց ծանոթ գրքերը չեն կորցրել իրենց հմայքը: Ժ. Ռոստոմյանը խոսեց էլեկտրոնային գրքի մի քանի առավելությունների մասին, բայց ընդգծեց՝ ոչինչ չի փոխարինի գիրք կարդալու հաճույքին. գիրքը զրուցընկեր է ու խորհրդատու: «Գիրքն է լավագույն նվերը,- ասաց Գ. Սարգսյանը: – Այսօր գրքեր կնվիրենք միմյանց ու գրքի մասին խորհելու, խոսելու նոր առիթներ կունենանք»:
Մ. Խաչատրյանն ամփոփիչ խոսքում ասաց, որ գրքի բարեկամների այս հանդիպումն անպայման շարունակություն կունենա, խնդրեց բոլորին գրքեր փոխանակելուց հետո մոտենալ դասախոսի սեղանին, իրենց ընտրությամբ գրքեր վերցնել ու մակագրել ընկերներին: Ուսանողները լսարանից դուրս եկան նվեր ստացած գրքերով, որոնց մասին զրուցելու առիթներ կլինեն ուստարվա ընթացքում: