Գրողին անմահ հռչակել կարող է միայն ժամանակը: Իսկ մարդկանց մնում է լինել այդ հավերժության մի մասնիկը` հարգել և հիշել ժամանակի ընտրյալներին:
20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկը` Հրանտ Մաթևոսյանը, այս տարի կդառնար 80 տարեկան: Եվ այդ առիթով Կոմիտասի անվան պանթեոնում փետրվարի 12-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` գրողի հիշատակի խնկարկման արարողություն: Պանթեոն էին այցելել Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի աշակերտները, գրողի հարազատները, պետական այրեր, գրողներ, մաթևոսյանական գրականության սիրահարներ:
Աշակերտներն իրենց ներկայությամբ, ծաղիկներով և մեծարման խոսքերով վկայեցին մաթևոսյանական ժամանակի հավերժությունը: Նրանք գիտակցում էին, թե ուր են եկել և ինչի համար: «Մենք ուրախ ենք և հպարտ, որ ունենք այդպիսի գրող»,- վանկարկում էին աշակերտները:
«Ես երեք թե չորս տարեկան էի, երբ արդեն գիտակցում էի, որ կա Հրանտ Մաթևոսյան, և ես նրա որդին եմ»,- ասաց Դավիթ Մաթևոսյանը և կոչ արեց ճգնաժամային իրականությունը հաղթահարելու, դեպի լույսը, դեպի ճշմարիտը գնալու համար ընթերցել և վերընթերցել Մաթևոսյանի ստեղծագործությունները, քանի որ նրա գործերը մեր իրականության, մեր երկրի, աշխարհի մասին են: «Մաթևոսյանը համաշխարհային գրականություն է` ստեղծված հայերենով, որով մենք պետք է հպարտանանք»,- ասաց գրողի որդին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի մասին, ասաց, որ միայն մեկ դպրոցով չի սահմանափակվում մաթևոսյանական ժառանգության սփռման կամ հանրահռչակման իրենց ցանկությունը: «Մաթևոսյանը հայ է, բայց միայն հայկական չէ: Մաթևոսյանը մերն է, բայց բոլորինն է, և նա համամարդկային գրական արժեք է»,- նշեց նախարարը:
«Ինձ համար դժվար է հասկանալ էն մարդկանց, ովքեր էսօրվա մասին գրում են` գրելով երեկվա մասին: Նրանց միտքն ինչպես է զորում էսօրն ամայացնել, էսօրվանից վտարել, ասենք ինձ ու քեզ, իրենք իրենց, իրենց կողքի մարդկանց, ամենքիս` նշանավորներիս ու հասարակներիս»,- ասում էր Հրանտ Մաթևոսյանը: Եվ երևի հենց այս համոզմունքի շնորհիվ է, որ գրողն այլևս անմահ է:
Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ