Փետրվարի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Գիրք նվիրելու օրվան:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել փետրվարի 19-ը` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, նշել որպես գիրք նվիրելու օր, որով լավագույնս է հարգվում մեծ գրողի հիշատակը: «Նա իր ամբողջ կյանքում ոչ միայն գրքեր ստեղծեց, այլև իր բանավոր զրույցներով, իր գործունեությամբ նպաստեց հայության ոգու թրծմանը, մեր գրականության, մշակույթի տարածմանը, մեր մեծերի գնահատմանը»,- ասաց նա: Արժևորելով Հովհ. Թումանյանի հիմնադրած Վերնատան գործունեությունը` Էդ. Միլիտոնյանը փաստեց, որ այն դարձավ մեր մշակույթի, գրականության մի քուրա, որտեղ արծարծվում էին մշակութային և գրական բազմաթիվ հարցեր, ազգային խնդիրներ, ստեղծվում էր մի մթնոլորտ, որը տարածվում էր ողջ հայության մեջ: Նրա համոզմամբ` գիրք նվիրելու օրվա հետ այդ ամբողջ խորհուրդը պիտի փոխանցվի սերունդներին: «Մեր ժողովրդի գրական ոգին այնքան հզոր լիցքեր ու հոսքեր ունի, որ տարածվելու է, անվերջ ծնելու է տաղանդավոր մարդկանց»: Նա նաև տեղեկացրեց, որ Թբիլիսիում աշխատանքներ են ընթանում Հովհ. Թումանյանի տունը մշակութային կենտրոն դարձնելու ուղղությամբ:
Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ նաև փետրվարի 10-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած գրական խորհրդաժողովին և Մինսկի գրքի միջազգային ցուցահանդեսին ունեցած իր մասնակցության մասին` նշելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացել էր բազմաթիվ գրքերով, առանձին ցուցափեղկ էր հատկացվել ցեղասպանության թեման արծարծող գրքերին:
ՀԳՄ նախագահը, ամփոփելով իր խոսքը, ցանկություն հայտնեց, որ Գիրք նվիրելու օրը լինի նաև գրի պանծացման, դասականների հիշատակների հարգանքի, ապրող գրողների, մշակույթի գործիչների հանդեպ պատշաճ վերաբերմունքի, հասարակության մեջ ընթերցանության բարձր մշակույթի ամրակայման օր:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում Երևանի մի շարք դպրոցներում հանդիպումներ կլինեն գրողների հետ, մասնավորապես` Անուշ Վարդանյանը և Լյուդվիգ Կարապետյանը կայցելեն Վազգեն Առաջինի անվան դպրոց, Ղուկաս Սիրունյանը` թիվ 105, Վառլեն Ալեքսանյանը և Հռիփսիմէն` թիվ 76 (արգենտինյան), Ալիս Հովհաննիսյանը և Գոհար Գալստյանը` Հրանտ Դինքի անվան, Նոնա Պողոսյանը և Ռուզան Ասատրյանը` Ստ. Զորյանի անվան, Շանթ Մկրտչյանը և Թադևոս Տոնոյանը` Դ. Վարուժանի անվան, Ծովինար Բաղդասարյանը (Արցախ)` թիվ 164 ռուսական, Արքմենիկ Նիկողոսյանը և Աշոտ Գաբրիելյանը` Լեփսիուսի անվան դպրոցները: Հանդիպումներ կլինեն նաև մարզային դպրոցներում:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ