Հունվարի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Հայոց բանակ` անունդ հաղթանակ» խորագրով պոեզիայի ցերեկույթ` նվիրված Հայոց բանակի օրվան: Ցերեկույթին ներկա էին նաև Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, մասնակիցներին շնորհավորելով Հայոց բանակի 23-ամյակի առիթով, նշեց, որ միջոցառմանը ներկա է այն հասարակությունը, որն ամբողջովին մասնակցել է բանակի կայացմանը: Նրա հավաստմամբ` անկախության տարիներին հայ գրողները ևս իրենց ավանդն են ունեցել բանակի ձևավորման գործում` լինելով և՛ պատերազմի դաշտում, և՛ իրենց գրվածքներով մասնակցելով մեր ոգեկոչմանը: «Հայ գրականությունից, մշակույթի պատմությունից հայտնի է, որ հայերն ունեցել են պետականության և բանակի կայացման երազանք, մեր բոլոր պատմավեպերի հիմքում այդ գաղափարներն են հիմնականում` անկախություն, պետականություն և բանակ»,- ասաց նա և հավելեց, որ 23 տարի առաջ Հայոց բանակը ծնվեց սահմանային կռիվների, ինքնապաշտպանական, երկրապահի միացյալ ջանքերի քուրայում, իսկ ԳՄ-ն դարձել էր «Երկրապահի» օրրանը: Էդվարդ Միլիտոնյանը նաև նշեց, որ ՀԳՄ-ն, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, Հայոց բանակին նվիրված մրցանակաբաշխության ծրագիր է մշակել, մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել այն հրապարակումները, որոնք վերաբերում են Հայոց բանակին:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, երախտագիտությամբ հիշելով բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել բանակաշինության գործում և մարտի դաշտում հերոսական հաղթանակներ են տարել, գլուխ խոնարհելով բոլոր զոհված հերոս հայորդիների ու նորօրյա հերոսների առաջ, վստահեցրեց, որ ինչքան էլ տարիներ անցնեն, բանակը` որպես հրամայական անհրաժեշտություն, չի փոխվի: «Բանակը մեր ամբողջ պատմությունն է, մեր նվիրական երազանքների մարմնավորումը, մեր անկախ պետականության հենասյունը»,- ասաց նա:
Ըստ Ռոլանդ Շառոյանի` հայկական բանակը ունի երեք հատկությունից բաղկացած կերպար. մեկը թշնամուն ճանաչելու օրենքին տիրապետելն է, մյուսը` ոգեղենությունը և երրորդը` հայկական ուժի գործադրումը: Այս երեքի համախմբումով հայկական բանակը կարողացավ շարունակել իր հաղթական գործառույթները: Ապա հավելեց, որ միայն ատելությամբ կռվելը չի կարող անընդհատ հաղթանակներ բերել, հայրենիքի սերն է, որ պիտի մղի մեզ կռվելու թշնամու դեմ:
Երկրապահ կամավորականների միության վարչության անդամ Հակոբ Հակոբյանն ընթերցեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը, այնուհետև ՀՀ բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներով պարգևատրեց գրող, հրապարակախոսներ Հովիկ Վարդումյանին, Արա Նազարեթյանին և Կարինե Աշուղյանին:
Ելույթ ունեցան նաև Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ԵԿՄ վարչության անդամ գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սամսոն Շաշիկյանը, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյանը:
Բանակին և հայ մարտիկներին նվիրված իրենց բանաստեղծություններից կարդացին Էդվարդ Միլիտոնյանը, Արտաշես Արամը, Կարինե Աշուղյանը, Նոնա Պողոսյանը, Բագրատ Ալեքյանը, Լևոն Բլբուլյանը:
Ամիրան Գալստյանը, ով նաև վարում էր ցերեկույթը, կարդաց Ղուկաս Սիրունյանի բանաստեղծություններից: