ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(Նվիրվում է նկարչի ծննդյան 90-ամյակին)
Մեծատաղանդ արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանն անցել է փառապանծ կյանքի ուղի: Հորից զրկվել է շատ շուտ. չարագուշակ 1937-ին բռնադատվել ու նահատակվել է հայրը: Մասնակցել է Հայրենական պատերազմին և հերոսի նման վերադարձել՝ իր հետ բերելով բազմաթիվ պարգևներ՝ Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններ, Կարմիր աստղի շքանշան, Մեդալ խիզախության համար և այլն: Հիմա պրոֆեսոր է իր սիրելի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում և շարունակում է վարպետության դասեր տալ ապագա նկարիչներին: Նա նաև Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ է, ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը, սովորել է Մոսկվայում, աշակերտել է նշանավոր Ալեքսանդր Գերասիմովին: Հիմա Սանկտ Պետերբուրգի Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի նախագահն է:
2012 թ. հունվարի 12-ին՝ Լենինգրադի բլոկադայի ավարտի օրը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինն առանձնազրույց է ունեցել Զախար Խաչատրյանի հետ, որը հեռարձակվել է ՌԴ գլխավոր հեռուստատեսային ալիքներով: Պուտինը նրան պարգևատրել է ոսկե մեդալով և բնակարանով: Նրա եղբայրը մեծատաղանդ նկարիչ Արտաշես Հովսեփյանն է, ում քանդակները զարդարում են մեր սիրելի Երևանը: Երկու եղբայրների տուն-թանգարանը գործում է Սիսիանում և այդ քաղաքի տեսարժան վայրերից է:
Օրերս Զախար Խաչատրյանի «Ամառային օր» գեղանկարն արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Ա. Դ. – Ձեր կարծիքով ո՞րն է կատարյալ երջանկությունը:
Զ. Խ. – Ես չգիտեմ, թե ի՞նչ է կատարյալ երջանկությունը, որովհետև դա շատ հարաբերական հասկացողություն է:
Ա. Դ. – Ամենից շատ ինչի՞ց եք վախենում :
Զ. Խ. – Վախենում եմ կեղծ մարդուց և նրա կեղծիքից:
Ա. Դ. – Ո՞ր պատմական դեմքի հետ Ձեզ կնմանեցնեիք:
Զ. Խ. – Ինձ պատմական դեմք չեմ համարում, հետևաբար չեմ կարող համեմատել:
Ա. Դ. – Ձեր բնավորության ո՞ր գիծը չեք հավանում:
Զ. Խ. – Շատ մեծ հավատարմությունը, հավատը և անկեղծությունը, ինչի պատճառով հաճախ տուժել եմ:
Ա. Դ. – Ի՞նչն եք համարում ամենամեծ առաքինությունը:
Զ. Խ. – Հարգանքը դիմացի մարդու նկատմամբ և հավատը, նրա ներքին մաքրությունը:
Ա. Դ. – Ո՞ր դեպքում եք ստում:
Զ. Խ. – Ես չեմ պատկերացնում, որ կարելի է ստել:
Ա. Դ. – Ամենաշատն ինչի՞ համար եք ափսոսում:
Զ. Խ. – Իմ կորցրած ժամանակի համար:
Ա. Դ. – Ո՞վ է Ձեր կյանքի մեծ սերը:
Զ. Խ. – Իմ հավատը:
Ա. Դ. – Ուրիշ ի՞նչ տաղանդ կուզեիք ունենալ:
Զ. Խ. – Կուզեի առավել մեծ նկարիչ լինել, ես դեռ ձգտում եմ դրան:
Ա. Դ. – Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:
Զ. Խ. – Աստծուն շնորհակալ եմ, որ նրա կամքով դարձել եմ նկարիչ և արվեստագետ, որովհետև դա դժվար բան է:
Ա. Դ. – Որտե՞ղ կկամենայիք ապրել:
Զ. Խ. – Իհարկե, Հայաստանում:
Ա. Դ. – Ձեր բնավորության հիմնագիծը ո՞րն է:
Զ. Խ. – Անկեղծությունը:
Ա. Դ. – Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:
Զ. Խ. – Լև Տոլստոյը, որի ասույթները օգտագործում եմ իմ խոսքում, դա ասել եմ նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Ա. Դ. – Որո՞նք են Ձեր հերոսներն իրական կյանքում:
Զ. Խ. – Ովքեր ազնվաբար պատրաստ են ամեն ինչ տալ հանուն հայրենիքի պաշտպանության: Ես դա արել եմ, պատերազմի ժամանակ վիրավորվել եմ կրծքավանդակից, և դա իմ առաջին շքանշանն է:
Ա. Դ. – Ո՞րն է Ձեր սիրած անունը:
Զ. Խ. – Հայկական՝ Խաչատուրը:
Ա. Դ. – Եթե նորից ծնվեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:
Զ. Խ. – Միայն նկարիչ:
Ա. Դ. – Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը:
Զ. Խ. – Միշտ լինել արդար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։