ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻՆ
ծննդյան 90-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻՆ
Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության և գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են և մեր գրական գործընթացի մասն են կազմում:
Բարձր ենք գնահատում նաև Ձեր մանկավարժական և հասարակական շնորհակալ աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք:
ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՑ ԴԻՏՈՂԸ
Գրողները գրականագետներից մշտապես սպասում են գրախոսականներ, տեսական հոդվածներ, ժամանակակից գրականության մասին վերլուծականներ և հաճախ դժգոհում են, որ մեր գիտնականները սակավ են մասնակցում գրական կյանքի ընթացքին:
Այո՛, մեր ժամանակակից գրականությունը կարիք ունի սթափ ու քննական հայացքի, շատ գրականագետներ խորանում են դասականների ժառանգության մեջ և կարծես երկնչում են անդրադառնալ ապրողների, երբեմն դժվարամարս, ստեղծագործություններին:
Բարեբախտաբար, մեզանում գործող հրաբխի պես իր կրակոտ ոգին անցյալի ու ներկայի վրա տարածող մեկը կա, որ խիզախում է դասականների հետ խոսել դասականաբար և ապրող գրողների հետ քննել ընթացիկ ժամանակի գեղարվեստական ներքին հոսանքները, աշխարհի և Հայաստանի մշակութային, գրական խաչաձևումները: Նա պատասխանատու է հայ գրականության բարձր նշաձողի պահպանման համար: Ուրախալի է, որ ոչ մի օր չի հոգնում այդ դերի մեջ, հսկայական հատորներին գումարում է նոր գրքեր, հոդվածներ: Անելիքն էլ՝ հատու, մտածման մղող, փիլիսոփայական գրականության և գրական փիլիսոփայության սահմանները հսկող:
Նա Սերգեյ Սարինյանն է:
Իր տեսքի պես խրոխտ ու սևեռուն, արծվի պես զննող: Նա ոչ թե տարածություն, այլ ժամանակն է դիտում 90-ամյա բարձունքից:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ
Ամեն ինչ հարաբերական է: Համեմատաբար հաստատուն է միայն գիտական ճշմարտությունը, քանի որ մի բան հաստատելու համար հարկ է լինում մյուսը հերքել: Իսկ դա ենթադրում է ավելի խորությամբ իմանալ հերքելին, նույնիսկ` երբևէ այն հաստատողից էլ խորը: Այլապես ի՞նչ արժեք պիտի ունենա մի «դրույթը», որը հակադրույթ չէ: Գուցե Տերյանի ասած «բանալ» ստացվեց, բայց այլ ձևակերպում այս պահին չգտա, որովհետև գիտական թեզ չեմ առաջադրելու, ասելու եմ ընկալումս:
Սերգեյ Սարինյանի յուրաքանչյուր տողը գիտական է: Անկախ նյութից, որ կարող է հայ գրականության դասականի երկը լինել կամ տեսական արծարծում, կամ էլ` նոր լույս տեսած գիրք, նույնիսկ` ամսագրում կամ թերթում տպագրված ստեղծագործություն: Գիտական են նաև նրա բանավիճային երկխոսությունները որևէ գրողի կամ քննադատի հետ: Գիտական է նրա «Ի հեճուկս» հուշագրությունը, գիտական են այլոց հուշերի առթիվ նրա առարկումները, լրացումները, ճշգրտումները:
Երկար մտածեցի, թե ի՞նչն է ամենաստույգը բնութագրում Սերգեյ Սարինյանին: Հսկայածավալ գիտական աշխատությունները, 5 ստվար հատորներում ամփոփված նրա քննադատական հոդվածները, հայ ագգային գաղափարախոսությանը նվիրված աշխատությունը… Եվ եկա համոզման, որ Սերգեյ Սարինյանի ֆենոմենը ո՛չ աշխատասիրությունն է, ո՛չ անմնացորդ նվիրումը, ո՛չ գրականության պաշտամունքը… Նրա ֆենոմենը մտքի կարգապահությունն է:
Օժտված, նույնիսկ տաղանդավոր ստեղծագործողներ և գիտնականներ միշտ եղել են, կան ու կլինեն: Բայց կատարյալ հաջողության, «ունիկումի» հասնում են քչերը: Րաֆֆին ասում էր, որ տաղանդը երեք քառորդ չափով աշխատասիրություն է: Հուշագիրները վկայում են, որ Հրաչյա Աճառյանը ոչ մի պարապ օր չի ունեցել, առնվազն մեկ էջ գրել է: Այդպես կարող էր աշխատել միայն մտքի կարգապահությանն իրեն ենթարկեցրած գիտնականը:
Վերընթերցեցի Սերգեյ Սարինյանի «Հայ գրականության երկու դարը» 5-հատորյակը և համոզվեցի, որ գրականության պատմաբանի, տեսաբանի, գրական քննադատի, բարձրակիրթ մտավորականի և անհանգիստ քաղաքացու նրա ոչ մի օրն, իրոք, պարապ չի մնացել և չի մնում: Իսկ դա արդեն կենսակերպ է, որակ, որ մտավոր աշխատանքի հանդեպ անտարբերության մեր ժամանակներում անգամ արժանի է անխառն հիացմունքի և ծնրադիր հարգանքի:
Քանի որ եթե այսօր «այսպես է», ապա չի նշանակում, թե վաղը նույնն է լինելու: Եվ որպեսզի վաղն «այսպես» չլինի, Սերգեյ Սարինյանը շարունակում է տքնել, ինչպես որ բանաստեղծության հանդեպ պայծառ հավատով լցված` Մեկն էլ ամեն օր իր «չորս տողն» է գրում: Կտպագրվի՞, կմնա դարակներո՞ւմ. ո՛չ բանաստեղծին է հուզում այդ մերկանտիլ հարցը, ո՛չ, փառք Աստծո, քննադատին: Նրանք անում են իրենց գործը, որովհետև իրենց համար «ապրել»-ը նշանակում է «ստեղծել»:
Ստեղծել` նույնիսկ երբ թվում է, թե ոչ ոք ունի դրա կարիքը:
Անցյալ դարի 60-ականներին ո՞վ ուներ հայկական ռոմանտիզմի գենեզիս-ծննդաբանությունը մեկնությամբ իմանալու կարիք: Քչերը, որովհետև երկրով մեկ դղրդում էր սոցռեալիզմի` որպես գեղարվեստական «միակ ճիշտ» մեթոդի փառաբանումը: Իսկ Սերգեյ Սարինյանը «ճգնեց» և բացահայտեց, որ հայկական ռոմանտիզմը եվրոպական-ռուսականի պատճենը չէ, այլ իրականության հանդեպ զուտ ազգային «ուտոպիա», որի հենասյուներից մեկը Հայաստանի փրկության, մյուսը` սոցիալական արդարության տեսլականն է, որ դա ժողովրդի գեղարվեստական ըղձախոսությունն է, ապագայի հանդեպ նրա պայծառ հավատը:
Անառարկելի է, որ հայկական ռոմանտիզմի սարինյանական տեսաբանությամբ մենք վերագտանք 19-րդ դարի հայ գրականության հանդեպ այն երկյուղած հարգանքը, որ օր-կենդանության ներշնչում էր Րաֆֆին: Եվ Րաֆֆի ասելով ես նկատի եմ ունենում ոչ մասնավոր հեղինակին, այլ գաղափարական ուղղությունը, որ հայ իրականության մեջ արձագանքվեց քաղաքական ինքնակազմակերպվածությամբ` ի տես ազգային կուսակցություննների, այն տևական մաքառման, որ, ճիշտ է, ողբերգականորեն ընկճվեց 1-ին համաշխարհային պատերազմով, ցեղասպանությամբ, Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությամբ, հայ-թուրքական անհավասար պատերազմով, բայց և մեջքը շտկեց՝ որպես անկախ Հայաստանի «պետական կրոն», և այդպիսին էլ մնաց նաև Խորհրդային Հայաստանում:
Ո՞րն է Սերգեյ Սարինյանի մտքի կարգապահության աղբյուրը: Միանշանակորեն` ազգային և անձնական հպարտությունը: Ինչպես որ Խորենացին է «հիշատակման արժանի» տեսել Հայաստանը, ճիշտ նույն նվիրվածությամբ է հայ գրականությանը մոտենում Սերգեյ Սարինյանը: Ազգային նիհիլիզմը Սարինյանի ոչ մի տողի «դուռն իսկ չի բախում»: Եվ իր գիտական ծանրակշիռ վաստակի ոչ մի էջ գրված չէ բնագավառի օտար անվանիներից քաղաբերումների վրա կառուցած «ընդհանրացումներով», ինչը, ցավոք, իր ժամանակակից շատերի և այսօրվա գրականագետ-քննադատների մոտ պատահում է գրեթե յուրաքանյուր պարբերությունը մեկ:
Ըստ երևույթին, մտքի կարգապահությանը նախորդել է նախորդների և ժամանակակիցների, մեծամասամբ` օտար անվանիների գործի ոչ թե սոսկական ընթերցումը, այլ «կոնսպեկտավորած» ուսումնասիրումը: Իսկ իմանալ` ենթադրում է ազատվել ազդեցությունից, հավասարվել, թերևս` առաջ անցնել: Մտքի կարգապահության արդյունքը Սարինյանի մոտ վերաճել է մտքի ազատության, անկաշկանդվածության:
Զարմանալի, գուցե նույնիսկ արտառոց բան եմ ասելու. հավասարվելով օտար անվանիներին, մտքի կարգապահությունը հասցնելով մտքի ազատության, Սերգեյ Սարինյանն այդ հաճույքի տեր չի մնացել, գիտնականի-մտածողի-տեսաբանողի իր որակը վերագրել է հայ գրականությանը, մեր ազգային մտքին, սոցիալ-քաղաքական և փիլիսոփայական ֆենոմենի աստիճանի բարձրացրել «հայ» և «հայություն» հասկացությունները, որոնց համար մինչ այդ առավելապես հոմանիշ էին «բազմաչարչար»-ը և «տառապյալ»-ը:
Եթե չեք հավատում, կարդացեք Սիամանթոյի պոեզիայի սարինյանական վերլուծությունը և կհամոզվեք, որ հայ, թերևս ամենաողբերգագիր և եղերական հեղինակին նա հասկացել և մեկնաբանել է իբրև համաշխարհային-կոսմիկական աղետի պատգամախոսի, մարդկությանը պատուհասելիք արհավիրքների հանդեպ տիեզերական օրակուլի: Եվ դա ստույգորեն արդարացի մեկնություն է, պատմաքաղաքական ժամանակի ճշմարտացի ընկալում, որ աղերսվում է թումանյանական «Հոգեհանգստի» խորախորհուրդ իմացականությանը` «մարդակեր գազան մարդը դեռ երկար էսպես կմնա…»:
Այստեղից պիտի վերջին դիտարկումն անեմ. հայ գրականությունը, գուցե, այնքան բարձրաժեք չէ, լավատես չէ, այնքան հավատ չի ներշնչում, որքան տեսաբանում է Սերգեյ Սարինյանը: Պարադո՞քս է` մտքի կարգապահությանն իրեն ենթարկեցրած գիտնական և արժեքների հանդեպ բնազանցական վերաբերմունք: Ո՛չ, նկատվածն օրինաչափորեն սահմանում է Սերգեյ Սարինյանի բացառիկ ներդրումը, հայ գրականության հանդեպ գիտական վերաբերմունքը հայտնագործել է մեր գեղարվեստական խոսքի գլխավոր առաքելությունը: Դա ընդմիշտ կատարելության ձգտումի պատգամ է, հավատի և ներշնչումի հորդոր, ազգային նիհիլիզմի մերժում, նույնիսկ եթե դա Չարենցի «Պատմության քառուղիներով»-ն է, որովհետև այդ հղացումից, այնուամենայնիվ, Աբովյանն առանձնացվել, գրվել է «Դեպի լյառը Մասիս»-ը, ինչպես որ «Անլռելի զանգակատուն»-ը կարող ենք հարաբերել «Լույս, լույս զվարթ»-ին` Պարույր Սևակի «Հոգու դիալեկտիկա»-ում:
Այդպես էլ` Սերգեյ Սարինյանի մոտ. հայ գրականության երկդարյա ընթացքին նրա հայացքի տակ նեգատիվ չկա, գեղարվեստական տեքստն ինքնին աստվածային է, արժեք:
Բայց և՝ իմացության բանալի-կոդ, գաղափարագիր: Մնում է, որ այն գտնի արժանավոր ընթերցողին: Հայ գրականագիտական և քննադատական մտքի վերջին կեսդարյա ոգորումներում, թերևս, Սերգեյ Սարինյանը եղավ և մնում է մեր գեղարվեստական Տեքստի դիտողունակորեն ամենաարժանավոր ընթերցողը…
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԵՐԴՎՅԱԼ ՆՎԻՐՅԱԼԸ
Գրականությունը ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի համար և՛ աշխարհայացք է, և՛ աշխարհընկալում, և՛ սեր է, և՛ կրոն, և՛ անդուլ աշխատանք ու հանապազօրյա հաց: Նրա համար օրը բացվում և փակվում է գրքով: Եվ հենց գիրքն է թելադրել գիտնականի ճակատագիրը, կյանքի հիմնական ուղին, որ Լեռնային Ղարաբաղի հեռավոր Սեյդիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղի դպրոցի շրջանավարտը, ապա նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը, հազիվ 18 տարին լրացած (1942 թ.), զորակոչվել է Կարմիր բանակ, մասնակցել մի շարք մարտական գործողությունների, ծանր վիրավորվել, իսկ հետո՝ 1944 թ., ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ:
Եթե շա՜տ և շա՜տ ուսանողներ Պատերազմ և Խաղաղություն փոխհարաբերության մասին լսել են Սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններից կամ Լև Տոլստոյի հանճարեղ վեպից, ապա Ս. Սարինյանն այն զգացել էր սեփական մաշկի վրա ու լավ գիտեր կյանքի գինը: Եվ ահա իր այդ միակ կյանքը նա կապեց իր անդրանիկ սիրո՝ գրականության հետ, կապեց շռայլորեն, անդավաճան ու մեկընդմիշտ: Մեծ է նրա հետաքրքրությունների շրջանակը՝ հայրենի գրականությունից մինչև համաշխարհային գրականություն, համակողմանի է նրա ընդգրկումը՝ գրականության տեսությունից մինչև գրականության փիլիսոփայություն:
Հայ քննադատական մտքի ոսկե ֆոնդին են պատկանում Ս. Սարինյանի «Րաֆֆի» (1957 թ.) (հեղինակի ընծայագրով Վարպետին նվիրած գիրքը պահպանվում է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գրադարանում), «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» (1955 թ.), «Հայկական ռոմանտիզմ» (1966 թ.), «Հայ գրականության երկու դարը» (5 հատոր), «Լևոն Շանթ» աշխատությունները:
Ս. Սարինյանի ժամանակակիցները լավ գիտեն, որ նա միշտ մերժել է պաշտոնները և զբաղեցրել է իր իմացածին հարիր դիրքեր՝ առաջին հերթին գիտության մեջ դառնալով հայ գրականագիտության հրամանատար, բացարձակապես իր գրածի, իր ստեղծածի, իր խոսքի տրամաբանության ու իր ստորագրության հեղինակության շնորհիվ, տառապանքի ու տքնանքի, բերկրանքի ու արարումի գնով: Ի հեճուկս ճակատագրի բազում հարվածների, Սարինյանը, ինչպես միայնակ կաղնին, կասեցրել է այդ հարվածները, որոնք կարծես ավելի ամրացրել են իր ջլուտ ճյուղերը, իսկ նրա արմատները ավելի ուժ են առել հայրենի բարեբեր հողից…. Նա երբեք չի հեռացել իր ընտրած ուղուց. Գիտությունների ակադեմիայի իր հայրենի գրականության ինստիտուտում աշխատում է ուղիղ 64 տարի, հայ նոր գրականության բաժինը ղեկավարում է 54 տարի: Իրոք, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի թվեր:
Նա գրականության պատմության և տեսության մի ամբողջ գրադարան է ստեղծել և շարունակում է ստեղծել: Սակայն մեծահամբավ գիտնականը ոչ միայն հայկական ռեալիզմի կամ ռոմանտիզմի փայլուն գիտակ է, այլև կարելի է ասել՝ համաշխարհային գրականության ողջ դասական ժառանգության: Նա զարմանալի սուր դիտողականություն ունի նկատելու նորը, տաղանդավորը՝ Ումբերտո Էկո թե Գաբրիել Գարսիա Մարկես, Պարույր Սևակ թե Հրանտ Մաթևոսյան: Նրա ծարավը դեպի նոր ձեռագիրը, տաղանդավոր գիրքը իրոք անսպառ է: Իմանալով, որ Երևանի բուկինիստական գրքերի խանութում ստացել են Վլադիմիր Նաբոկովի՝ նախկինում ԽՍՀՄ-ում արգելված վեպերը, նա խնդրեց իր բաժնի աշխատակցուհի Ս. Մարգարյանին՝ ձեռք բերել այդ ռուսերեն գրքերը: Եվ դեռ տասն օր չէր անցել, երբ ես այցելեցի Սարինյանին ու հարցրի, թե տեղ հասա՞ն նաբոկովյան վեպերը (իսկ դրանք թվով հինգն էին), նա ասաց, որ արդեն ամբողջությամբ կարդացել է. «Շա՜տ մեծ գրող է, և ի՜նչ հրաշալի է նրա լեզուն, ափսոս, որ առաջ քիչ գիտեի նրա մասին»:
Մի առիթով Զորի Բալայանը Սարինյանի մասին ասաց. «Նա ոչ միայն մեծ մշակ է, այլև մեծ ընթերցող»: Իմ կողմից էլ ասեմ՝ նա երջանիկ է նաև, որ գրեթե հեռուստացույց չի նայում: Կա ևս մի բնագավառ, ուր Սարինյանն անփոխարինելի է. դա ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտական կոչումներ շնորհող մասնագիտական խորհուրդն է, որը նա ղեկավարում է բազում տարիներ: Ահա այստեղ նրա գործունեության մեջ զարմանալիորեն փոխգործակցում են սարինյանական իմացությունն ու սկզբունքայնությունը, խստապահանջությունը և մարդկային անսքող բարությունը: Այս բնագավառում նա իր վրա այնքան ծանրություն է վերցնում, որ խորհրդի մյուս անդամների պարտականությունները զգալիորեն թեթևանում են:
Սարինյանի գիտական գործունեության նվաճումներից վերջինը անտարակույս պետք է համարել ինստիտուտի կողմից պատրաստվող «Հայ գրականության պատմություն» վեցհատորյակի՝ երրորդ և չորրորդ հատորների (հայ նոր գրականությանը վերաբերող մասնաշարն են) գլուխների գերակշռող մասի շարադրումը, ծանոթագրումը և ընդհանուր խմբագրումը: Վեցհատորյակի գիտական պատասխանատուներից այս անգամ էլ Սարինյանը իր ղեկավարած բաժնով դարձավ առաջատարը, և խնդիրը միայն այն չէ, որ ինքն առաջինն ավարտին հասցրեց բարդ հատորի ստեղծումը, այլև միանգամայն նոր տեսափիլիսոփայական մոտեցում ցուցաբերեց գեղարվեստական արժեքների գնահատմանը՝ զերծ մնալով ավանդական դարձած փաստերի և երևույթների քրոնոլոգիական նկարագրական շարադրանքից:
Սարինյանը խոշոր վարպետ է դասական հեղինակների ընդհանրացված դիմանկարը կերտելու դժվարին գործում: Նա սեղմ ոճով, բայց ստեղծագործողի հիմնական առանձնահատկությունները վեր հանելու, երկի փիլիսոփայական խորքերը թափանցելու եզակի տաղանդով է օժտված: Հիշենք վերջին տասնամյակներում գրված այդ բնույթի նրա հոդվածները՝ «Նարեկը-անվերծանելին», «Հեղափոխության Նարեկը», (Սիամանթոյի մասին), «Լևոն Շանթի ազգային ծրագիրը», «Ավետիք Իսահակյան», «Ընթերցման հաճույքը», «Պարույր Սևակ», «Պարույր Սևակի «Սայաթ-Նովան»:
Պատմությունը և դասականությունը, իհարկե, Սարինյանի գիտական ոգորումների մշտական ակունքն են, բայց նրա սուր աչքը միշտ գրական ընթացիկ պրոցեսի վրա է: Բավական է տաղանդավոր գործ՝ Լևոն Խեչոյանի թե Գուրգեն Խանջյանի, Արտեմ Հարությունյանի, Էդվարդ Միլիտոնյանի թե Վարդան Հակոբյանի, մենք անմիջապես կլսենք սարինյանական արձագանքը հայ մամուլում:
Եվ ինչպես միշտ, հեղինակն անվրեպ է իր գնահատականներում, իր կանխատեսումներում: Սա էլ, անշուշտ, ի վերուստ տրված ձիրք է:
Շնորհավոր մեր գրականագիտության Նահապետի 90-ամյակը:
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն
ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Անշուշտ, երբ ծնվեց Սերգեյ Սարինյանը, ու բարի փերին շշնջաց նրա ճակատագիրը, այն գուշակում էր բեղմնավոր մի կյանք՝ նվիրված հայ գրականությանը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը հայ գրականության արժեքները դասակարգում է անցյալի ու ներկայի կենսական խնդիրներին համեմատ՝ իրար միացնելով միկրոկոսմի ու մակրոկոսմի բարդ ու անլուծելի հանգույցները: Նա հայ գրականագիտության փիլիսոփան է և գրաքննադատության արդարացի ատենապետը: Սերգեյ Սարինյանը այն սակավաթիվ գրականագետներից է, ովքեր գրականագիտությունը դարձնում են գիտություն՝ հենվելով փաստի վրա՝ ելնելով իսկական արվեստի պահանջներից: Նա այն գիտնականն է, ով հիմնավոր ձևով ներկայացրեց 19-րդ և 20-րդ դարերի հայ գրականության, հրապարակախոսության, գրականագիտության համամարդկային արժեքները: Սերգեյ Սարինյանի մտքի պայծառությունը, կարգապահական պատասխանատվությունը, մասնագիտական պարտքի գիտակցումը և ամենօրյա առաջընթացի մեջ լինելու մղումը հիացմունքի և ընդօրինակման աղբյուր են:
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությունը զարդարող Սերգեյ Սարինյանի փառապանծ հոբելյանը և հղում ամենաջերմ մաղթանքները:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Ս. Սարինյան երևույթը` հայ գրաքննադատական մտքի մեծագույն նորարարը, խիզախել, խիզախում է գիտականության բերել գրականության որոշակի ընդհանրություններ, երբեմնակի` սինխրոն (համաժամանակյա) արժեքներ, համոզմունքներ, ուղղություններ` գրական ժանրերի տարբերակումների, պարբերացումների, կատեգորիաների հետ կապված` անտիկ ժամանակներից ցուցված պոետիկական սկզբունքների արժևորմամբ ու հաստատմամբ, և ո՛չ միայն, այսինքն` գրական- գեղարվեստական, տեսական, գաղափարաբանական, քննական մտածողության շերտերը գիտականացնել, իսկ դրանք, առավելությամբ, այս կարգի ընդհանրացումներով` բացառիկ ընդհանրացումներով են հնչում` տիպաբանություն, էթիկա, տեսություն, պատմության փիլիսոփայություն, մեթոդաբանություն, գաղափարաբանություն, գրականագիտություն` գրական քննադատություն, գրականության պատմություն, գրականության փիլիսոփայություն…
Բարդ ու հակասական, սկեպտիկ մենթալիտետով, փիլիսոփայական մտասուզումներով ներաշխարհված, իրերի, երևույթների, համակարգերի քննությամբ` ընդգծված նորարարությամբ, հայ գրաքննադատական մտքի ակադեմիական ուղղության-դպրոցի ֆենոմենալ անհատականություն եք Դո՛ւք` Սերգեյ Ներսեսի` արցախցու զարմանահրաշ տեսակով, Բիբլիական երկրի աստվածային ներշնչանքով պսակյալ, անկանխատեսելի հակումներով լի` խիզախող, հեղափոխական մտասևեռումներով, արիստոկրատիկ բանաքննությամբ սևեռուն, անշուշտ, իբրև Պլատոնի Ակադեմիայի` Ձիթենյաց այգու իմաստասեր-գեղագետ` կործանիչ տրամաբանությամբ, եղծումի-հերքումի, հաստատումի անողոք, հզոր ուժով, արտաքին, խաբուսիկ սառը տրամախոսությամբ առլեցուն…
Հիրավի, անալոգիայի և սիլլոգիզմի տարաբնույթ դրսևորումներով Դուք գծում, ներկայացնում եք մտքի սահմաններից դուրս ու ներս ապացուցման Ձեր թեզիսը` մարտնչող, հաստատող ինքնատիպ ոճով…, քերթողական ոգով, մեծ ոգեղենությամբ քննելով բազմաստեղ կյանքն ու մեղսաշատ աշխարհը, աշխարհն ու աշխարհի մարդուն գեղադաշտում տեղադրող, մեկնող մեկնաբան-ստեղծաբանին, գրականության հետաքրքրամերձ, անհասանելի շերտերը` գյուտելով, արարելով հին ու միջնադարի, նոր ու արդի ժամանակաշրջանների ու նրանց առանցքների պատմությունը` հայ և համաշխարհային գրական մտքի փորձը հետաքրքիր զուգահեռներում մեկնելով, գծելով, ցուցելով Ձեր բացառիկ տեսակը, բարդատիպ` միայն Ձեզ հատուկ քննադաշտը…
Դուք ստեղծել եք նաև մասնագիտացվող ասպիրանտական հրաշալի դպրոց, որի ներկայացուցիչներից ենք մենք…
Շնորհակալությո՛ւն Ձեզ այդ մեծ տքնանքի ու անգնահատելի վաստակի համար ու, առավելապես` հայ գրականագիտության պատմությանը բերած Ձեր հսկայածավալ գիտական ներդրման համար: Այն տեսանելի է ու անչափ ծանրաբեռ` զարմանահրաշ գիտականությամբ պսակյալ…
Ընդունեցեք Ավետյաց` Բիբլիական մարտական, հաղթապսակ երկրից` արցախական աշխարհից մեծագույն շնորհավորանքներս Ձեզ` Ձեր 90-ամյա հրաշատոնի կապակցությամբ: Թույլ տվեք Ձեզ մաղթել արցախյան երկարակեցություն և հաղթանակների նորանոր սահմաններ:
Սիրով և խոնարհումով`
Զինաիդա ԱՌԱՔԵԼՅԱՆ-ԲԱԼԱՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ ԿԱՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՈԳԻ, «ԳԵՐԱԶԱՆՑ ԱՆՏԱՌԱՏԵՍԸ»
Գրական մի որոշակի մտայնության մեջ տարածված կարծիք կա, թե գրաքննադատը, գրականագետը չստացված գրողն է: Ոմանց առնչությամբ սա, թերևս, գոյության իրավունք ունի: Սերգեյ Սարինյանը, սակայն, իր ամբողջ բազմամյա վաստակով ու փորձով, միանգամայն ժխտում է այս տեսակետը: Ավելի քան վեց տասնամյակ ընդգրկող նրա գրական-գիտական կենսագրությունն անցել է գրականության ինստիտուտի պատերից ներս՝ ասպիրանտից (1949 թ.) մինչև ակադեմիկոս (1996 թ.), որն այսօր էլ շարունակվում է նույն թափով ու եռանդով: Գրականագետի հետաքրքրությունների շրջանակը հենց սկզբից պայմանավորված է եղել իր անհատականության՝ խառնվածքի ու մտածողության առանձնահատկություններով: Դա ամենից առաջ իր ներքին մտավոր-զգացական հնարավորությունների զորեղության գիտակցման վրա հիմնված մեծ ինքնավստահությունն է: «Ես անհանգիստ ոգի եմ,- մի առիթով խոստովանել է նա,- մի անհասկանալի խզում կա իմ ներքին աշխարհի և արտաքին աշխարհի միջև»: Արտաքին աշխարհի անկատարությունն ու նյութապաշտությունը նրա բնավորությանը հաղորդել են «ներքին խռովք… բնական հոռետեսություն», բայց հենց դրանք էլ կռել են նրա կամքը, օժտել «մաքառման ներքին մղումով» (հիշենք՝ «Իսկ ես ասում եմ, որ ոչ ոք չի կարող ինձ անակնկալի բերել»), և հայացքը ուղղել «դեպի վերերը»: Ըստ էության, անհատական խառնվածքի այս հատկանիշներն են ձևավորել մտքի-մտածողության այն քիչ հանդիպող որակը, որը ձգտում է համակարգվածության, իսկ դա գիտականության նախապայմանն է: Ահա թե ինչու, Ս. Սարինյանը որևէ երևույթ չի դիտում առանձնության մեջ, այլ անպայմանորեն դրա ներքին (երբեմն՝ թաքուն, անտեսանելի) պատճառահետևանքային կապերի, համակարգի կոնտեքստում, ինչպես ինքն է ասում՝ «իրերի աշխարհից» անցում կատարելով դեպի «սիստեմների աշխարհը»: «Գլխավոր նշանաբանը, որ ուղղություն էր տալիս իմ հետազոտական մղումներին՝ գրականագիտության և քննադատության գիտականացումն էր», գրել է նա: Այդ է պատճառը, որ ինչ նյութի էլ ձեռք է զարկել Սարինյանը՝ լինի դա գրականության պատմություն և տեսություն («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», «Հայկական ռոմանտիզմ»), առանձին հեղինակների ստեղծագործությանը նվիրված մենագրություն («Րաֆֆի», «Մուրացան», «Լևոն Շանթ» և այլն), գաղափարաբանության քննություն («Հայ գաղափարաբանություն») թե որոշակի ժամանակահատվածի գրական ընթացքի հետազոտություն, ամենուր նկատելի է պատմականության, գիտականության կնիքը: Այստեղից էլ՝ Սերգեյ Սարինյանի մտածողության մյուս կարևոր սկզբունքը՝ ռացիոնալիզմը, ինչը՝ նրա բնորոշմամբ, ապահովում է հետազոտական մտքի «ազատագրումը էմպիրիզմից և սոցիոլոգիական սխեմատիզմից, նրա տեսադաշտի և աշխարհայացքի ընդլայնումը պատմության, փիլիսոփայության և բնական գիտությունների (այս շարքին ես կավելացնեի նաև՝ ժամանակի արվեստների – Պ.Դ.) հետազոտական փորձով»: Պատահական չէ, որ նա անցյալ դարի երկրորդ կեսի գրականության զարգացումներում իրեն հատուկ բանավիճային կրքով պաշտպանում էր ինտելեկտուալ պոեզիայի իրավունքները, մասնավորապես Պարույր Սևակի առիթով ընդգծելով, թե նա «կյանքի փիլիսոփա է և ոչ նրա տարեգիրը»: Այլ խոսքով, Սարինյանի նպատակը գրականության փիլիսոփայության ըմբռնումն ու բացահայտումն է, որը մի նոր, ավելի խոր մակարդակի վրա է դնում գրականության երևույթների քննությունը՝ իբրև գիտական հետազոտության առարկա: Շատ տրամաբանական է Սարինյանի հարցադրումը՝ եթե կա պատմության փիլիսոփայություն, արվեստի, կրոնի, իրավունքի փիլիսոփայություն, ինչո՞ւ չի կարող լինել գրականության փիլիսոփայություն, որի իրավունքների հաստատմանը, որքան ինձ հայտնի է, նա նվիրել և նվիրում է վերջին տարիների իր հետազոտական ջանքերը:
Ասվածից այլևս պարզ պետք է լինի, որ նման մտածողության տեր հետազոտողը ոչ միայն արժևորելու է գաղափարի առկայությունը գրականության և արվեստի, ազգային ու հասարակական մտքի տիրույթներում (դարձյալ հիշենք՝ «Հայ գաղափարաբանությունը» իմ կյանքի գիրքն է»), ստեղծագործական մեթոդի անհրաժեշտությունը, առանց որի «չի կարող գիտություն լինել», այլև մշտապես գտնվելու է «մտավորականության ազատամտական թևի դիրքերում»:
Մտածողության նշված որակները հնարավորություն են տալիս բազմափորձ գրականագետին ճիշտ կողմնորոշվելու նաև ժամանակակից գրական ընթացքի բավիղներում: Մասնավորապես, նկատելու և ահազանգելու գրական քննադատության «ակնհայտ ճգնաժամի»՝ համակարգի քայքայման, «շկոլայի» անհետացման, գիտական մակարդակի, «մտքի ռեժիմի» վերացման փաստերը, մտահոգվելու այն իրողությամբ, որ «այժմ մեթոդ կատեգորիան գրեթե չի գիտակցվում»: Ինչ վերաբերում է արդի գրականությանը, ապա Սարինյանի համոզմամբ՝ «Գրականության ժամանակը բնավ ճգնաժամային չէ…», ստեղծվում են նոր արժեքներ՝ նոր մոտեցումներով ու ձևերով, տեղի է ունենում գրական սերունդների բնական հերթագայություն՝ ավանդների նորօրյա յուրացումներով, միայն թե՝ «պետք է գտնել համարժեք հասկացությունները հասարակական կապանքներից ազատագրված գրականության համար», ընդ որում՝ առանց «զտելու գրական պրոցեսը», համատեղելով գրական երևույթների գնահատության ակսիոլոգիական (արժեքաբանական) և հերմենևտիկ (հաղորդակցական-մեկնաբանական) եղանակները, քանզի դրանցից որևէ մեկի անտեսումը «կզրկի պատմությունը իր ներքին հարստությունից, գրական պրոցեսի բարդ ու բազմաշերտ դրսևորումների անհրաժեշտությունից»:
Գրական-գիտական որոշ շրջանակներում Սերգեյ Սարինյանի մտածողությունն ու ոճը երբեմն բարդ է համարվել: Սակայն, կարծում եմ, շատ ավելի ճշգրիտ էր Պարույր Սևակը, երբ «Ի ծնե ակադեմիկոս-գրականագետի» (Հր. Մաթևոսյան) մտածողության եղանակը որակում էր՝ «ըստ հարկի բարդ, բայց ոչ երբեք խրթին», ընդգծելով նաև նրա հայացքի թափանցողությունն ու խորքը՝ «Ոմանք… ծառերի ետևում չեն տեսնում անտառը, իսկ Սարինյանը գերազանց անտառատես է»:
Ակնհայտ է, որ անհատականության նշված որակները ձեռք են բերվել գրականագետի տասնամյակների հարուստ փորձով, հայ և համաշխարհային գրական-գիտական, իմաստասիրական մտքի լավագույն ավանդույթների խորքային յուրացմամբ, և նրա վաստակը բարձրացնում են դասականության աստիճանի:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ