Հայրենիքը, մարդը և բարոյականությունը Լևոն Մարգարյանի պիեսներում

ՀԳՄ

Հոկտեմբերի 16-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ թատերագիր Լևոն Մարգարյանի «Պիեսներ» ժողովածուի շնորհանդեսը:
Լ. Մարգարյանի պիեսներն աչքի են ընկնում ակտիվ, դրամատիկ զարգացումներով, կենդանի կերպարներով: Նրա պիեսների հիմնական կենսանյութը հայոց պատմությունն է և այդ պատմու­թյան մեջ վճռորոշ դեր ունեցած մեծ անհատները, որոնց կերպարների, վարքագծի և մտորումների միջոցով նա փորձում է գտնել երկրի հզորության ու անմահության բանաձևումները:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի կարծիքով, ժողովածուն հնարավորություն է տալիս դատելու, քննելու, որովհետև լինելով պատմական ստեղծագործություններ, այնուամենայնիվ առնչվում են մեր ժամանակի հետ: «Բոլոր պիեսների մեջ առաջատար գիծը հայրենիքն է, մարդը և բարոյականությունը»,- ասաց նա և ավելացրեց. «Գրողի, արվեստագետի խնդիրը պայքարելն է տխեղծու­թյան դեմ, մարդուն դուրս բերել լուսավոր ափ և հույս ներշնչել նրա հետագա կյանքի համար` ցուցանելով ժողովրդի հոգում եղած ներքին կրակները»:
Ըստ Պետրոս Դեմիրճյանի` գիրքը ունի ճանաչողական նշանակություն և հասցեագրված է երիտասարդությանը` Կիլիկյան Հայաստանի, Հայկ նահապետի, հայ էթնոսի մասին տեղեկություն ստանալու առումով: Պատմական թեմատիկան գրողը ծառայեցնում է ժամանակակից խնդիրներին` անդրադառնալով հարցադրումների, որոնք ժամանակակից հնչեղություն ունեն, ինչպիսիք են` սահմանների բնակեցումը, հաղթելու համար ճիշտ խաբելը և այլն:
Բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը Լ. Մարգարյանի պիեսների ժողովածուն բնորոշեց իբրև ազգային գաղափարականություն, ազգային ուժի ժառանգություն, որ պատգամում է գալիք սերնդին: «Անցյալը ներկայի մեջ, սա է ցույց տալիս Լևոն Մարգարյանը և հիմնավորում իր փիլիսոփայական մտքերով»,- ասաց նա:
Ժողովածուի աֆորիստիկ արտահայտությունների, պատմական դրվագները յուրովի մեկնաբանելու մասին ելույթ ունեցան նաև Վրեժ Սարուխանյանը, Գոհար Արշակյանը, մաթեմատիկոս Գարեգին Մխիթարյանը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս Սուսաննա Աբազյանը, Լևոն Մարգարյանի եղբայրը` Հայկ Մարգարյանը, ով ցանկություն հայտնեց տեսնել այդ պիեսները բեմադրված:
Շնորհանդեսը վարում էր Ղուկաս Սիրունյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։