ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ ՄԱԴԼԵՆ ԳԱՐԱԳԱՇՅԱՆԻՆ

2022 թ. դետեմբերի 16-ին Ռումինիայի գրողների միության գրական թարգմանությունների մասնաճյուղը իր տարեկան մրցանակաբաշխության 2021 թ. հատուկ մրցանակը շնորհեց ռումինահայ գրող, լրագրող, թարգմանչուհի, բառարանագիր Մադլեն Գարագաշյանին՝ Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» վեպի «հայերենից բացառիկ թարգմանության համար»։ Մրցանակաբաշխությանը ներկա էր Ռումինիայում ՀՀ խորհրդատու Լիանա Մինասյանը։

Գրականագետ,  արվեստաբան, բառարանագիր Գառնիկ   Ստեփանյանի «Մղձավանջային օրեր»  վեպը Երևանում լույս է տեսել 1945 թվականին։ Այն առաջին գրական-գեղարվեստական գործն է Մեծ եղեռնի մասին։ Գրքի հերոսը  հայրն է՝ Խաչիկը, որն անցել էր Եղեռնի ահասարսուռ ճանապահներով, ճակատագրի, պատահակության բերումով, երբ իրենց գյուղաքաղաքի տղամարդկանց  գնդակահարել ու փոսն են լցրել, ողջ էր մնացել, կորցրել  ողջ գերդաստանը,   ի վերջո հասել և բնավորվել Երևանում։  Խաչիկի  կրած տառապանքը  երկու միլիոն անմեղ զոհերի  ողբերգության հայելին է։ Վավերագրական այս պատմությունը,  որքան էլ զարմանալի է (60-ական թվականներին դեռևս արգելված էր խոսել Եղեռնի մասին), լույս է տեսել Երևանում, պատկառելի մի հատված էլ թարգմանվել է ռուսերեն ու տպագրվել  «Դրուժբա նարոդով» մոսկովյան ամսագրում։

2020 թ. Բուխարեստում ռումիներենով լույս տեսավ  Գառնիկ Ստեփանյանի  «Մղձավանջային օրեր»  վեպը։  2021 թ. մայիսի 28-ին Բուխարեստի հայկական եկեղեցու բակում  տեղի ունեցավ վեպի շնորհանդեսը։

Թարգմանչուհին  համայնքի գնահատված մտավորականներից է՝ լրագրող, գրող  Մադլեն Գարագաշյանը՝ արաբկիրցի և ակնցի ծնողների զավակ, որոնք Եղեռնից հետո  Ռումինիա էին փախել ու այնտեղ հաստատվել։ Գրական ու երաժշտական  կրթություն ստացած աղջնակն իրեն նվիրել է գրական, թարգմանչական գործին, աշխատել է հայկական մամուլում և աշխատակցել ռումինական 25 թերթերի, 40 տարի ռումինական ռադիոյում լուսաբանել հայկական կյանքը՝  բազմիցս անդրադառնալով հայ մշակույթին և նրա նշանավոր անձնավորություններին, արժանացել  ռումինահայոց, հայաստանյան ու սփյուռքահայ բազմաթիվ մրցանակների։ 2011 թ. պարգևատրվել է Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: 2012 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգիրը «Արևելագիտության ինստիտուտի հետ բեղմնավոր համագործակցության համար»: 2014 թ. Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացել է  «Գիր Հայրապետական Օրհնության և Գնահատանքի»-ն:

Մադլեն Գարագաշյանը Ռումինիայի գրողների միության և Հայաստանի գրողների միության անդամ է։ Նա բազմաթիվ թարգմանություններ է կատարել հայերենից, ֆրանսերենից և անգլերենից: Թարգմանել է Ավ. Իսահակյանի, Լ. Բրուտյանի, Ալ. Շիրվանզադեի, Մետաքսեի, Ս. Գոլանճյանի, Ռ. Բալտուչիի, Կ. Խոդիկյանի, Դ. Մուրադյանի, Հ. Խաչիկյանի, Ժան-Իվ Սուսիի, Գ. Հինթլյանի, Է. Գրինի, Ալ. Թոփչյանի, Ն. Հովհաննիսյանի, Հ. Սիրունիի, Վ. Դևրիկյանի, Հովհ. Երանյանի և ուրիշների ստեղծագործությունները: 2001-2023 թթ. լույս են տեսել «Հայերու հետ, հայերու մասին»   ռումիներեն բառարանի  7 հատորները՝ «Հայ անձնավորություններ Ռումինիայի արդի և ժամանակակից պատմության մեջ», որ ներառում են մոտ 350 հանրահայտ անուններ:

Այս տաղանդավոր հայուհին դեկտեմբերի 19-ին դարձավ 88 տարեկան։ Մաղթում ենք նրան քաջառողջություն, այցելություն Հայաստան, որտեղ, հուսով ենք,  կմասնակցի  «Մղձավանջային օրեր»-ի ռումիներեն հրատարակության շնորհանդեսին։

 

Հասմիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։