Սեպտեմբերի 25-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հանդիպումը սփյուռքահայ գրող Համբիկ Մարտիրոսյանի (Լիբանան) հետ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում անդրադարձավ գրականությանը հուզող խնդիրներին` նշելով, որ հայ գրականությունն ասես մասնատվել է մի քանի հատվածների` արևելահայ, արևմտահայ, սփյուռքահայ, վերջինս էլ իր հերթին` լիբանանահայ, սիրիահայ, ամերիկահայ և այլն, այնինչ հայ գրականությունը պիտի դիտարկվի որպես միասնական գրականություն, որ ստեղծվում է ամբողջ աշխարհում: «Ասելով հայ ժողովուրդ՝ պիտի հասկանանք տասը միլիոնանոց հայ ժողովուրդ և այսպես ներկայանանք աշխարհին»,- ասաց նա: Նրա համոզմամբ` թե՛ հայաստանաբնակ հայը, թե՛ սփյուռքահայը ապրում է արդեն նույն հասարակարգում, երկուսին էլ հուզում են նույն հարցերը, նույն խնդիրները: Իսկ միասնական գրականություն ունենալուն ուղղված քայլերը պիտի սկսել դպրոցներից. «Եթե խոսելու ենք ինչ-որ խնդրի շուրջ, օրինակները պիտի բերենք ոչ միայն հայաստանյան գրականությունից, այլև Սփյուռքի: Կարելի է ընդհանուրի մեջ նայել և դիտարկել մեր գրականությունը»,- վստահեցրեց նա: Այնուհետև ներկայացրեց Բեյրութի մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից լրագրող և բանաստեղծ, «Խոսնակ» ամսագրի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանին:
Համբիկ Մարտիրոսյանը, արժևորելով ուսուցիչների աշխատանքը, ապագայի հայ մարդ կրթելու գործում ներդրած ջանքերը, ասաց. «Մաշտոցյան ավազանի մեջ մկրտված հայուհիներդ մարդակերտումի աշխատանքին լծված եք»: Ապա տեղեկացրեց, որ ինքն էլ 20-25 տարի եղել է տնօրեն, ուսուցիչ-մանկավարժ, ապա պայմանների բերումով անցել է խմբագրական աշխատանքի: Նա ցավով նշեց, որ այսօր Սփյուռքում դժվար է պահել հայկական դպրոցը, քանի որ տիրող տնտեսական վիճակը հարվածում է նաև հայ դպրոցին: «Համաշխարհայնացում ասված քամի կա, որ հարվածում է ամեն ինչին, հատկապես սպառնում է մեր ինքնությանը, հայ ընտանիքին, հայ եկեղեցուն, հայ հավատքին, հայ հավաքականություններին: Այդ վտանգը ազգային կառույցներին է սպառնում»: Խոսելով ուծացման վտանգի մասին` գրողը փաստեց, որ վերջին 30 տարիների ընթացքում Սփյուռքում փակվել են ավելի քան 90 վարժարան: «Նահանջի մեջ է Վարուժանի, Թեքեյանի, Սիամանթոյի աղվոր լեզուն»,- ընդգծեց նա: Նշելով, թե Սփյուռքը հիմնված է ավազի վրա, միաժամանակ հավաստեց, որ սփյուռքահայությունը հոգեկան հարստությունը միայն այստեղ է գտնում. «Ոտք դնելով մայր հողի վրա՝ զգում ենք, թե մենք որքան զորավոր ենք. այդ ուժը մեզ տալիս է հայրենի հողը»,- ասաց նա:
Հանդիպման ավարտին Համբիկ Մարտիրոսյանը պատասխանեց ուսուցիչների հարցերին: