«Հալեպ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության մանկապատանեկան հավաք

ՀԳՄ Կլոր սրահում մի խումբ գրողներ հյուրընկալել էին «Հալեպ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության մանկապատանեկան հավաքի երեխաներին: Շաբաթօրյա դպրոցում Մանկապատանեկանի պատասխանատու և ուսուցչուհի Սիրանուշ Գումրույանի, ուսուցչուհի Վարդենի Տիրարյան-Պալյանի, վարչական պատասխանատու Նայիրի Շեկոյանի առաջնորդությամբ սիրիահայ երեխաները սովորում են երաժշտություն, նկարչություն նաև՝ ռուսերեն և արաբերեն:
Գրողները ողջույնի և սիրո խոսքեր ուղղեցին սիրիահայ երեխաներին, որոնք իրենց ընտանիքներով արդեն ոչ միայն տեղավորվել են Հայրենիքում, այլև վարժվել են նոր պայմաններին, հաղթահարել են արևելահայերենի դժվարությունները, նոր ընկերներ են ձեռք բերել: Էդվարդ Միլիտոնյանը սիրով ողջունեց երեխաներին, հայտնեց իր ուրախությունը, որ նրանք հանգրվանել են իրենց պապերի երկրում, որը բոլորիս անգին ժառանգությունն է, և մենք միասին պետք է պահպանենք այն: Երեխաները սիրով ունկնդրեցին ներկա գրողների՝ Էդվարդ Միլիտոնյանի, Հովիկ Վարդումյանի, Թորոս Թորանյանի, Պերճուհի Ավետյանի, Ալիս Հովհաննիսյանի, Նանեի, Սաթենիկ Ղազարյանի ստեղծագործությունները՝ հեղինակների ընթերցմամբ: Թորոս Թորանյանն իր աշխույժ բնավորությամբ կարողացավ ջերմիկ մթնոլորտ ստեղծել ներկաների համար: Թադևոս Տոնոյանը զվարճալի՝ հեքիաթի լեզվով երեխաներին «բացատրեց», թե ինչպես է երեխան արարվում:
Գեղեցիկ արտասանությամբ հանդես եկան Անի Խաչատրյանը և Սուրեն Ազիզյանը, ներկայացան Անժելա Գասպարյանը, ով աչքի է ընկնում նկարելու իր ձիրքով, Արազ Շարոյանը և Սարին Ջաները: Երեխաները ուսուցչուհու ղեկավարությամբ խմբով կատարեցին իրենց սովորած երգերը: Սիրանուշ Գումրույանն ու Վարդենի Տիրարյան-Պալյանն իրենց գոհունակությունն արտահայտեցին գրողների հետ հանդիպելու երեխաներին ընձեռված հնարավորության առթիվ: Հանդիպման նախաձեռնողներ Պերճուհի Ավետյանն ու Ալիս Հովհաննիսյանը հույս հայտնեցին, որ այսպիսի շփումները շարունակական են լինելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։