ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ…

Դեկտեմբերի 7-ին ԵԿՄ դահլիճում (ՀԳՄ-ի հետ համատեղ) տեղի ունեցավ երկրապահ ստեղծագործողներին նվիրված ցերեկույթ: Ցերեկույթի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:
«Արցախյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ երբ հայությունը միասնական է լինում, կարողանում է հաղթանակներ տանել»,- ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի: Նա տեղեկացրեց, որ ՀԳՄ-ն և ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն 5-րդ տարին է համագործակցում են, կա Բանակին նվիրված մրցանակաբաշխություն, որն ամփոփվում է ամեն տարի հունվարին:
ԵԿՄ վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանը իր խոսքում շեշտեց. «Շատ երկրապահներ մինչև պատերազմն են եղել ՀԳՄ անդամ և պատերազմի օրերին շարունակել են ստեղծագործել: Շատ երկրապահներ պատերազմի դաշտում են սկսել ստեղծագործել. երբ լռել են թնդանոթները, երգել են մուսաները», և առաջարկեց ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխությանը հավելել երկրապահին նվիրված ստեղծագործությունների համար մրցանակ, որը կկոչվի Վազգեն Սարգսյանի անունով:
Ելույթ ունեցան նաև Վահագն Մուղնեցյանը, Նոնա Պողոսյանը: Հանդիպմանը ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակից գրողներ Էդվարդ Խաչիկյանը, Հովիկ Վարդումյանը և ուրիշներ:
Ամիրան Գալստյանն ու Գայանե Սամվելյանը ընթերցեցին Արցախյան ազատամարտին մասնակցած գրողների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ստեղծագործություններից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։