Հայ գրականության դասական Մուրացանի ստեղծագործությանը նվիրված ամենամյա տոնը ավանդաբար մեկնարկեց գրողի ծննդավայր Շուշիում՝ նրա անունը կրող ավագ դպրոցում տեղադրված կիսանդրու մոտ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը նշեց. «Մուրացանը՝ որպես գրող, որպես երևույթ, որպես մեր գրականության խոշոր դասական, առանձնանում է իր բացառիկությամբ: Ես հիշում և ուզում եմ կրկնել Ավետիք Իսահակյանի խոսքը, որ Մուրացանի տաղանդն ընգրկել է հայ ժողովրդի կյանքն ամբողջությամբ, և ինչ էլ գրել է, գրել է սրտով, արյունով, նվիրումով: Իմ կարծիքով, հենց այս ամենից էլ ակունքվում է նրա բացառիկությունը»:
Շուշիում կայացած հանդիպմանը ելույթ ունեցան բանաստեղծներ Նվարդ Ավագյանը, Զինաիդա Բալայանը, Սոնա Համբարձումյանը, արձակագիր Վարդգես Բաղրյանը, դպրոցի տնօրեն Էմմա Աղաջանյանը:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում մոմավառությունից հետո Արցախի գրական ընտանիքի անդամները վերադարձան Ստեփանակերտ՝ «Գրիգոր Նարեկացի» համալսարանում մասնակցելու Մուրացանի ստեղծագործությանը նվիրված գիտաժողովին: Զեկուցումներով հանդես եկան Գր. Հարությունյանը («Մուրացանի մանկավարժական հայացքները»), Ս. Խանյանը («Մուրացանի «Ռուզանը» հայկական բեմի վրա»), Վ. Աթանեսյանը («Անհատի դերը Մուրացանի գեղագիտական հայացքներում»), Մ. Հարությունյանը («Մուրացանի ստեղծագործական միջավայրը Շուշիում»), Զորի Բալայանը («Մարզպետունի. պատմական և գրական անդրադարձներ»), Ժ. Պողոսյանը («Հատկանունները Մուրացանի «Ռուզան» դրամայում»), Հ. Ավանեսյանը («Մուրացանը` նամակներում»):
Արվեստի մուրացանյան տոնի երկրորդ օրը հանդիպումներ տեղի ունեցան ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում, շրջկենտրոններում ու դպրոցներում:
Արվեստի մուրացանյան օրերի վերջին ակորդը տրվեց Խաչենի ձորակում: Գանձասարում մոմավառությամբ և միջնադարյան հիասքանչ տաճարին կից` նորակառույց ու ասես եկեղեցու շարունակություն դարձած Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղի ցուցանմուշների ծանոթությամբ սկսված օրն իր շարունակությունն ունեցավ Վանքի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում:
Տեղի ունեցավ Զինաիդա Բալայանի «Մուրացանի գեղարվեստի պարադիգմաների փիլիսոփայական մեկնությունները» գրքի շնորհանդեսը, իսկ գրական մրցանակաբաշխության հաղթողներ ճանաչվեցին բանաստեղծներ Զինաիդա Բալայանը, Տաթև Սողոմոնյանը, Դավիթ Շիրինյանը, դերասաններ Քաջիկ Հարությունյանը և Սամվել Եվրիյանը:
Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ