ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՕրերս Բարսելոնում ATypI-ի (Տառաստեղծների միջազգային ասոցիացիայի) հերթական ամենամյա համաժողովին համընթաց տեղի ունեցավ «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների 8-րդ՝ հերթական մրցույթը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի մշակույթի նախարարությունը և Մյունխենի տպագրիչների միությունը: Մրցույթը մեծ ճանաչում է ձեռք բերել ողջ աշխարհում, և պատահական չէ, որ մրցութային անվանակարգերը տարեցտարի համալրվում են նոր անվանակարգերով: Այս տարի, բացի հայկական ու ազատ ոճի տառատեսակներից, ընդգրկում էր նաև արաբական, կիրիլյան, կորեական, հնդկական, հունական, չինական ու թաիլանդական տեքստային տառատեսակների անվանակարգերը: Մրցույթին ներկայացված էր 74 աշխատանք՝ 15 երկրների 62 տառաստեղծներից, այդ թվում՝ նաև տառաստեղծման հռչակավոր կազմակերպություններ Monotype-ից, Dalton Maag-ից, Sandoll-ից և ուրիշներից:
Հայկական տպագրական տառատեսակներ անվանակարգում 1-ին և 2-րդ մրցանակներ չշնորհվեցին, 3-րդ մրցանակը ստացավ Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Նվարդ Իսկաջյանի «INS Gor» տառատեսակը:
Առանձնապես դժվար էր ընտրությունը ազատ ոճի տառատեսակի անվանակարգում: Պետք է գնահատվեին տարբեր այբբենական համակարգերի տառատեսակների և՛ համաչափությունը, և՛ գեղեցկությունը, և՛ արդի գեղագիտական չափանիշներին համապատասխանելը: Այդ անվանակարգում Վարդան Զաքարյանի «VAZ Tatevik» տառատեսակին շնորհվեց 3-րդ մրցանակ: Մրցույթի գլխավոր մրցանակը շնորհվեց կորեական Sandoll ընկերության տառաստեղծներ Քյունգ-Սեոկ Քվոնին և Սու-Հյուն Պարքին՝ Sandoll Myeongjo Neo1 տառատեսակի համար:
ATypI համաժողովում գերմանական տպագրական դիզայներների միության անդամ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների մրցույթի կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահ Բորիս Կոհանի ելույթը նվիրված էր «Գրանշան» մրցույթներին ու համաժողովներին: Նա նշեց «Գրանշանի» դերի մասին, և թե ինչպես է ինքը հայտնվել այդ մրցույթի կազմակերպիչների շարքում: Գերմանացին անգլերենով պատմում էր Հայաստանի, հայ գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին, ապա նշեց. «2009 թվականին ընտանիքով որպես զբոսաշրջիկ հյուրընկալվել էի այդ պատմական, դարավոր անցյալ ունեցող, գեղեցիկ երկրում: Վերադարձից առաջ նկատեցի, որ յոթնամյա տղաս անկողնում աղոթում է. «Աստված ջան, այնպես արա, որ ես էլի՛ հայտնվեմ այս երկրում», ինչը ինձ խորհելու տեղիք տվեց, և… գտա իմ հայ ընկերներին…»: Ելույթը Կոհանն ավարտեց հետևյալ խոսքերով. «Շնորհակալ եմ իմ տղային, շնորհակալ եմ «Գրանշան» մրցույթի նախաձեռնող Էդիկ Ղաբուզյանին ու իմ մյուս հայազգի ընկերներին, շնորհակալ եմ Հայաստանի մշակույթի նախարարությանը»:
ATypI-ի համաժողովին զուգահեռ գործում էր «Գրանշան» մրցույթի 2013 թվականի հաղթանակած աշխատանքների ցուցադրման ցուցահանդեսը, որը մեծ ուշադրության էր արժանացել մասնագետների կողմից: Իսկ 2014 թվականի մրցույթի արդյունքների մասին հայտարարվեց համաժողովի նախավերջին օրը:

Անժելա ՊՈՂՈՍՈՎԱ
«Գրանշան» միջազգային մրցույթի
կազմկոմիտեի ու
մրցութային հանձնաժողովի անդամ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։