Շնորհակալություն Ժենյա Քալանթարյանին` Լևոն Խեչոյանի վեպին նվիրված հոդվածի1 համար, որ ըստ էության նաև խոսակցության սկիզբ է և «Մհերի դռան գիրքը»2 հասկանալու նպատակադրում: Սա Մոր վարմունք ու պահվածք է` գրականագետի կողմից դրսևորված: Եվ խոսակցությունը կարող է վերաբերել ոչ միայն ազգային ինքնության փիլիսոփայությանը, ոչ միայն Լ. Խեչոյանի երկին, այլև արդի հայ վեպի շրջանակներում ուրվագծվող միտումներին: Եվ շնորհակալություն Հ. Մովսեսին` գրքի «Փոքր Մհերի տեսությանն արժանացած» առինքնող մուտքի համար:
Անտիկ ժամանակներից ավանդված «Ծանի՛ր զքեզ» պատգամը այսօր էլ արդիական է, և այս իմաստով լիովին ընդունելի է Կ. Սուրենյանի դիտարկումը. «Հնագույն ժողովրդի զավակ լինելը ոչ թե մակերեսորեն հպարտանալու բան է, այլ այն գիտակցումը, թե ոգեկան խոր պատասխանատվություն ես կրում Ժողովրդի առաջ, որի մասնիկն ես ու երկարաձիգ ճակատագրի ժառանգը` ոչ միայն նրա առաքինություններով, այլև թերություններով ու մեղքերով հանդերձ, որոնց անդրադառնալով զգաստորեն` նախ և առաջ քո մեջ հաստատես լավը և ջանաս հաղթահարել հոռին»3: Մենք լավ չենք ճանաչում մեր «առաքինությունները, թերություններն ու մեղքերը»: Այս իմաստով մեզ օգնության է գալիս մեր առասպելը, այդ թվում և էպոսը:
Հասարակական ցանկացած` երկարատև կամ կարճաժամ թմբիրից, քնից, անտարբերությունից կամ փակուղի մտնելուց հետո մենք նորից վերադառնում ենք առասպելին, քանի որ սա այնպիսի համընդգրկուն ու ընդարձակվող պայմանաձև-բանաձև է, որ հնարավորություն է տալիս նորովի ու նորահայտ դիտարկելու իրողությունը, տեսնելու աշխարհի ու մարդու ամբողջությունը: Ամեն ինչ տեղավորվում է այնտեղ, այդ պատճառով էլ բանաձևումը դառնում և գիտակցվում է նաև կառուցվածք: Բազմապիսի հարցերի շրջանակում կարևորվում է նաև ժամանակը` պայմանավորված անցյալ-ապագա, ապագա-անցյալ ընթացքներով: Էպոսը նույնպես ներառվում է առասպելի մեջ, և հազարամյա երիտասարդ չէ այն, այլ միքանիհազարամյա թաքնախորհուրդ իմաստուն, որի ամենախորհրդավոր հանելուկը Փոքր Մհերն է` նստավայրը` Ագռավաքար-Մհերի դուռը:
Եթե միֆ-առասպելը փորձենք բնութագրել որպես մեր նախապատմության ու պատմության, մեր կեցության պարբերականության զտվածք-մրուր, ապա ամենաելակետում կերևակվի Արա ամենահայկական ու ամենանախնական արքետիպը` փակվող և բացվող, որ այլ կերպ մեռնող-հառնող ենք անվանում: Բայց առասպելի Արտավազդը, էպոսի Փոքր Մհերը, հավաստի Արշակ Երկրորդը, Իսահակյանի Օհան ամին4, Մաթևոսյանի Սիրուն Թևիկը, նաև Լ. Խեչոյանի Մհերը նույն արքետիպի մասնակի ¥փակվելու իմաստով միայն¤ արտահայտություններն են, և չկա բացվելը, ինչը մեզ մղում է նրանց վերադարձի սպասման ու այդ վերադարձի փնտրտուքին:
Եվ այս վերադարձը տարաժամում է, կամ մենք ենք ելակետի ու վերջնարդյունքի արանքում մի տեղ սխալվում` առասպելից իրականություն պահանջելով, երազանքից` զորություն: Ամեհի Չարենցն իր «Վահագնով» արդեն մտրակել է մեր գիտակցությունն ու սթափության կոչել, բայց չունենք այդ սթափությունը: Մեր պատմությունը պիտի լիներ մեր փորձառությունը, բայց այսօր մանկան պես արդարություն ենք պահանջում ¥խնդրում¤ աշխարհից ու քաղաքականությունից:
Մյուս կողմից` ներդաշնության անխախտ երազանքն ունենալով հանդերձ, Մհերին «Ագռավաքարում համազգային հիշողության հոգևոր բովանդակություն» ¥էջ 383¤ պատկերացնելով` այնուամենայնիվ դրսևորում ենք կեցության ու գաղափարի հակադրություն` արևելյան հոգի և արևմտյան միտք, ես-ի բարեկեցության ձգտում և մենք-ի անգոսնում, ինքնապահպանական բնազդ և ազգուտեսակից օտարում: Հաստատվում է Հրանտ Մաթևոսյանի ընդհանրացումը. «Մեզ հավաքական ջանք է պետք` միությամբ-միասնությամբ էս զարհուրանքի առջևը կանգնելու, այսօրվա էս ծանր փորձության դեմը առնելու, միասին լինելու, ուժ դառնալու: Կարգախոսդ միությունը պիտի լիներ, իսկ կոփվածքդ անհատապաշտությունն է և կարծես չի հավաքվում»5: Մեր գերխնդիրը մենք-ի արտածում-հայտածումն է, ես-ի «ուրացումը», այնինչ ես-ի սեփականատիրական հորձանքը թույլ չի տալիս որևէ ասպարեզում ենթադրել մենք-ի ելակետ. ո՛չ պետական-պաշտոնական, ո՛չ հոգևոր-կրոնական, ո՛չ հոգևոր-մշակութային, ո՛չ սոցիալ-տնտեսական կամ որևէ այլ ասպարեզում չկա ու չի ենթադրվում մենք-ի գաղափարը. կա սոսկական-մերկ ես-ը, որ աշխարհ, տեսակ ու ազգ է ավերում: Կան ես-մենք-ի հանդիպադրման ու ներդաշնակման երկու` արևմտյան ու արևելյան ելակետեր. ոչ մեկի կրողը չենք մենք, որովհետև մեր բնույթով ձևավորել ենք բացառիկ ու անհնարին թվացող մի կարելիություն` անհատների ազգ: Լ. Խեչոյանի դիտարկումը` «Ազգային վեպը չանձնավորված ուժ է, որ մեր աշխարհին կարգ, ներդաշնակություն էր բերում, իր երկար ճանապարհին ազգային մտածողություն, հոգեբանություն, անգամ վարքագիծ է ձևավորել: Այն ոչ թե պատմության այլաբանական կամ խորհրդանշանային արտահայտությունն է, այլ երկրի հասարակական և քաղաքական վիճակների վրա անմիջապես ազդեցություն ունեցած օրենսգիրքը կամ դավանաբանական անսահմանության խորքերում անհատի երջանկության ճանապարհի որոնման ուղենիշը» ¥էջ 211¤, թերևս պիտի լիներ տրամագծորեն հակառակը, ոչ թե վեպն է «մեր աշխարհին կարգ, ներդաշնակություն» բերում, այլ մեր աններդաշնությունից, կեցության կերպից արտածվեց այս վեպը` որպես ներդաշնության երազանք ու իրագործում:
«Առասպելները մտնում են գոյություն, բայց մեր գոյությունը առասպել չի դառնում»6,- ձևակերպում է Հենրիկ Էդոյանը, և, թվում է, այս պարադոքսը լուծում է նաև այս վեպի բարդույթներից մեկը, քանի որ «ազգային վեպ» կոչվածը մտել է մեր գոյության մեջ, որը դեռ առասպելով կարգավորված ներդաշնություն չի դարձել: Նաև սա է պատճառը, որ հեղինակը մտնում է «ազգային վեպ»-առասպելից ներս` հասնելով Ագռավաքար` այս կերպ ջնջելով առասպելի և իրականության սահմանները:
Առասպելի և իրականության, հրաշապատումի ու իրապատումի, առտնինի և երազայինի համադրման, իրար կապակցելու շնորհը Լ. Խեչոյանի արվեստին բնորոշ իրողություն է, որ վաղուց փաստել է Հր. Մաթևոսյանը. «Էսօր Լևոն Խեչոյանի գործն էի կարդում ու շատ հաճախ երանի էի տալիս նրան. բաներ, որ ես էի կռահելու, միայն կռահելու էի, իր համար այբուբեն են: Բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար շատ սովորական ճշմարտություններ են»7: Վեպում այդ «սովորական ճշմարտությունները» մի դեպքում դրսևորվում են հովվի հետ կապված պատմությամբ ¥էջ 18¤, մեկ այլ դեպքում` «մոխրագույն ավանակով, շիկակարմիր զգեստներով» պատանու հետ կապված ¥էջ 19¤ կամ վեց օր ժամանակի կանգ առնելը ձևակերպող հատվածներում ¥էջ 20, 100¤: Առանձին դեպքերում էլ տարբեր ժամանակային ցուցիչ ունեցող բառերի մեկտեղումը ստեղծում է պայմանականություն, ուր ժամանակ չկա, այլ կա ազգային միաժամանակություն, երբ, թվում է, նույն պահին են Մհերը` փակվում, Դավիթը` զոհվում, Մսրա Մելիքը` ծնվում, Սանասարն ու Բաղդասարն էլ առուն ի վեր սարն են բարձրանում: Միջանկյալ նշենք, որ փոքր առվի` հորդահոս գետը կտրելու, մի պահ առանձին հոսելու և ապա նրան միաձուլվելու պատկերը, որ առնված է ուղղակի էպոսից և դիտարկվում է որպես մեր առանձնահատկության բացահայտման միջոց, ըստ որի` մեր տեսակը «մրցունակ է և հաղթող քաղաքակրթությունների բախման պարագայում» ¥Ժ. Քալանթարյան¤, կարող է նաև տրամագծորեն հակառակ գնահատական ստանալ: Արդյո՞ք այդ առուն մեծ պետության ներսում առժամանակ գոյատևող, իր ինքնությունը բացահայտել փորձող հայկական գաղթօջախը չէ, որ կամաց սակավանում ու տարրալուծվում է: Արդյո՞ք մերօրյա փախեփախը, որ ինքնաօտարվելու ախտի է վերածվում, չի նմանվում հորդահոս գետին խառնվելուն: Եվ մե՞նք պիտի լինենք գլոբալացման առաջին թիրախը: Այդ պատճառով էլ Սանասարի ու Բաղդասարի համար կարևորը սկիզբն է. «Իջել, ձիերի սանձերը բռնել, հետևներից քաշելով, մի սարից մյուսն անցնելով` գետակի ակունքներն էին գտել» ¥էջ 291¤: Ժամանակային խտացումը, «հավերժությունն ակնթարթի մեջ» պայմանականությունը հնարավորություն է տալիս պատումը շարունակելու ցանկացած կետից, վերապատմելու նաև ասվածը: Ի դեպ, երկի ֆաբուլան բացահայտորեն հակադրվում է էպոսի ֆաբուլային գործողությունների ու կերպարների հերթագայության իմաստով: Էպոսի Ծովինար-…-Փոքր Մհեր ժառանգորդական շղթայի փոխարեն կա Փոքր Մհերից Դավիթ և հաջորդաբար մինչև Ծովինար հետընթաց շղթան, որ շարունակվում է նորից Փոքր Մհերով, Ագռավաքարից ¥Մհերի դռնից¤ հասնում ենք նորից Մհերի դուռ:
Մհերը մշտական ներկայություն է Լ. Խեչոյանի ստեղծագործության մեջ` սկսած «Խնկի ծառեր» վիպակից: Հարցազրույցներից մեկում ինքն է մեկնում. «Այնտեղ մի ես` մի հերոս կա, որ բոլոր սերունդների հետ ապրում, ո՛չ մեռնում է, ո՛չ էլ ծերանում` ինչպես ժամանակը: Որ դիտենք, էպոսի Մհերը կերևա, թե արևամուտի մեջ ինչպես էր մենամարտում Աստծո հրեշտակի հետ»8: Փոքր Մհերը հպանցիկ հիշվում է «Սև գիրք, ծանր բզեզ» վեպում9, Արշակն էլ յուրովի մի Մհեր է` իր Անհուշ բերդում փակված, ում ազատելուն ինքզինքն էր կոչել Դրաստամատը:
Եվ Մհերն ու Մհերի դուռը ներկա են «Եվրոպայի երկաթե ճանապարհներին» խոհագրության մեջ. « երկրագնդի վրա մարդու համար ամենամեծ պատիժներից և խոշոր դժբախտություններից մեկը ակնթարթը հավերժություն դարձնելն է` մարդուն պոկել, դուրս հանել իր ապրած ժամանակի միջից և իր շարժման մեջ, որ ընթանում էր, արգելակել` ահա քարայրը մութ: Սա այն կախարդական քարանձավն է, որտեղից չենք կարողանում դուրս գալ: Տարիներ շարունակ մեր մշտական պտույտն է Ագռավաքարի ներսում: Անցյալի հիշատակները անընդհատ կանչում են այնտեղից, իսկ մենք, միստիկ հավատով կանգ առել դարերի մեջ, սպասում ենք, թե երբ պիտի աշխարհում ցորենը լինի ալոճի, գարին` մասուրի չափ:
Ամբողջ իմ գիտակցական կյանքի ընթացքում սպասել եմ կարմրածուփ նշանը ճակատին ԿԱՆՉՎԱԾԻՆ, որ համազգային ծրագիր կբերեր»10:
Գիրքն իր մեջ երկու-երեք հիշատակություն ունի իր մասին ¥էջ 138, 146, 306) և սրանով նմանվում է Խ. Լ. Բորխեսի հիշատակածին. «Կերպարները կարդացել են առաջին մասը, «Կիխոտի» կերպարները միևնույն ժամանակ «Կիխոտի» ընթերցողներն են»11: Այս պայմանաձևը, սակայն, խոսքարվեստի չափ հին է, երբ հիշում ենք հոմերոսյան պատումը. «Ոդիսականի» ութերորդ երգում Ոդիսևսն է լսում իր մասին երգեր: Բայց իր կառուցվածքով վեպն ավելի շուտ հիշեցնում է Խ. Կորտասարի «Զբոսայգիների անվերջությունը» փոքրիկ նորավեպը, երբ իրականի ու անիրականի մեկտեղում ենք տեսնում որպես հանգուցալուծում-բարձրակետ:
Կարելի է կարծել ¥և վերջին մեջբերումն ու «Մհերի դռան գիրքը» թերևս այդ հնարավորությունը տալիս են¤, որ այս երկը եթե ոչ գրվել, ապա սկսել է գրվել կամ մտահղացվել է «Խնկի ծառերից» առաջ. այս գաղափարը գուրգուրվել, փոփոխությունների է ենթարկվել` ձևավորելով ասելիքի ներքին հակասություններ, վերելքներ ու փլվածքներ, սակայն չի գտել նաև հեղինակի համար ընդունելի այն ժանրային ու կառուցվածքային արտահայտությունը, որ ավելին էր լինելու: Սա վեպի նորագոյացություն չէ, այլ մի պահ կանգ առած ու չշարունակված փնտրտուք: Սա է պատճառը, որ վեպն ըստ էության կրկնում է «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի կառուցվածքային յուրահատկությունը` օրագրություն-ներկա պայմանաձևը փոխարինելով դասախոսություն-ներկա պայմանաձևով:
Այստեղ ո՞վ է Մհերը` դիցաբանական ժամանակներից առնված կերպա՞ր, էպոսի՞ գործող անձ, թե՞ այդ արքետիպից ածանցված մեկը: Հեղինակն ինքն է բառացի պատասխան տալիս. «Մհերն Ագռավաքարում համազգային հիշողության հոգևոր բովանդակությունն էր» ¥էջ 383¤: Բայց և նախապես է փաստում, որ բոլորիս «Մհերի` Ագռավաքարում փակվելու պատմությունն է հարազատ, քանի որ բոլորիս նրան սպասելու հնարավորություն է տրվում» ¥էջ 17¤: Այս դեպքում Մհերը էպոսից առնված կերպար չէ, այլ անձնավորված գաղափար:
Լ. Խեչոյանի Մհերը ընդհանրության բազմաթիվ եզրեր ունի Հր. Մաթևոսյանի պատկերացրած ու ընկալած Մհերի հետ. «ինձ միշտ թվացել է, և այդպես է, թե Դավթի գործը Մհերի կռվից հեշտ է. անճոռնի, ահռելի, բայց նյութական ու իրական Մելիքի փոխարեն թշնամին Մհերի առջև նոր կերպարանք է առել` որ աննյութ ու անորսալի է, որ խփում է, բայց չի խփվում, հալածում է, բայց չի հալածվում»12:
Բայց հարց է ծնվում. «Մհե՞րն է Ագռավաքարում, թե՞ մեր կեցությունն է դարձել Ագռավաքար»: Ե՛վ, և՛: Այս դեպքում արդեն վեպի ¥ոչ «Առաջին դասախոսության»¤ բնաբանը իր խորհուրդն է պարզում. «Որտեղ էլ լինենք, դռան հակառակ կողմում ենք: Ներսիններն այն` ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում» ¥էջ 11¤: Սա հանգեցնում է գաղափարի ու կեցության խզման, ինքնության կորստի, ինչին էլ հակադրվում է Մհերին վերադարձած տեսնելու ձգտումը, ասել է` Մհերի դուռը բաց տեսնելը:
Այս դեպքում էականը անգամ Մհերը չէ, այլ Մհերի դուռը: Վեպի վերնագիրը` «Մհերի դռան գիրքը», ոչ «Մհերի գիրքը», որոշակիորեն ուղղորդում է ընթերցողին դեպի մեր տեսակի հիմնախնդիրները: Արդյունքում ունենք ոչ թե «ազգային վեպի» ևս մեկ վարիացիա կամ տարբերակ ¥«այն ո՛չ ավանդապատում, ո՛չ ժողովրդական բանահյուսություն, ո՛չ էլ տարեգրություն է» ¥էջ 283¤¤, որ ինքնանպատակ կլիներ, այլ երկ, որ փորձում է պատասխանել կեցության բազմաթիվ թնջուկների, բայց այստեղ է, որ տեղ է գտնում ասելիքի ու դրսևորման որոշակի դիսոնանս: Իր երկի հիմնախնդիրը Լ. Խեչոյանը ձևակերպել է այսպես. «Ագռավաքարում Մհերի կենդանի լինելու մասին մեծ փորձություններով ձեռք բերած տարբերակ էի գրելու, որտեղ պիտի բացահայտվեր նրա ազդեցությունը ժողովրդի և պատմության վրա, դարերի ու հազարավոր տարիների անցուդարձի մեջ ճանաչել պիտի տար Հայոց Մեծերի ծննդաբանությունը, նախնիների արարքը, և պիտի տեսնեինք ինքներս մեզ» ¥էջ 279¤:
Երկը չենք կարող պարտություն համարել, որովհետև կան փայլուն էջեր, ոչ էլ ստեղծագործական նահանջ, քանզի հեղինակն անընդհատ իր պատկերացումների հետ է իր քարտեզագրած տարածքում: Այնինչ ձևավորված արդյունքի նկատմամբ հեղինակային վերաբերմունքն այլ է. «Վեց տարի տևած լարված աշխատանքից, ընթերցել, վերընթերցելուց հետո գլխի ընկա` յոթ հարյուր էջանոց վեպը միջակության սահմաններից հեռու չէր գնացել: Մինչ այդ նմանը չունեցող հուսալքության նոր ալիք բռնկվեց» ¥էջ 279¤: Ապա և` հիասթափությունը. « անզորությունից նույնիսկ մի անգամ հիսուն եվրոյով սրճարանում` պատի տակ, թեյ խմելու ժամանակ վեպի ամբողջ ձեռագրերի պատճենը առանց հեղինակային իրավունքի ուզեց, մի տերտերի ծախեցի» ¥էջ 280¤:
Եթե «պատերազմական թեմայով գրված պատմվածքներից մի քանիսը «Սև գրքի…» որոշ հատվածների գրողական առանձնացումներ են» ¥Գ. Գասպարյան¤, ապա «Մհերի դռան գրքում» հակառակ գործողությունն ենք տեսնում. ներառված է «Լրագրողը» պատմվածքը` որպես հեղինակի օրագրի «ներկար լրացում»:
Երկի հյուսվածքում տեսնում ենք ոչ միայն «ազգային վեպի» վերաշարադրանք, վերլուծություն ու մեկնություն, այլև Մհերի ու հեղինակի կերպարների յուրահատուկ զարգացում և ընթացք: Ըստ էության նրանք են վեպի գլխավոր կերպարները և երբեմն նույնիսկ նույնականանում են, այնքան բուռն է Մհերին գտնելու, նրան հասկանալու և անձավից դուրս բերելու ձգտումը: Թվում է անգամ, թե հեղինակն ու Մհերը ինչ-որ տեղ դերափոխվել են: Իր համառ հետևողականության արդյունքում Լ. Խեչոյանը մի պահ ասես կորցնում է Մհերին, կասկածում անգամ նրա գոյությանը:
Նրանք նմանվում են նաև իրենց որոնմամբ ու պարտությամբ: Մհերը Սիդհարտա-Շիդհարի պես դարերով շրջապտույտի մեջ էր և իր հետ տանում էր «անեծքի հասցրած սահմռկեցուցիչ մենությունը, դատարկությունն ու քշվածության դրոշմը» ¥էջ 259¤: Ապա և իր Ագռավաքարում է` հազարամյա իր սպասմամբ: Եվ հեղինակը. «Ամբողջ կուրսի առաջ կանգնած եմ կիսամերկ, վերնաշապիկը ձեռքիս: Վերից վար բուժակի հապշտապ շուլալած կապտավուն սպիով: Սկզբից թվում էր` ցրտից էի մրսում, հետո գլխի ընկա` ամոթից էր, ցածրացած էի, փոքրացել, ճիճվի նման գետնին էի կպել: Չէի հասկանում` ինչը ստիպեց` սպի ցույց տայի…
Երևի իմ ներսի առյուծն արդեն մեռել էր…» ¥էջ 196¤:
Վեպի զգացմունքային բարձրակետերից է այս հատվածը, որ պիտի հաղթահարվի` հաստատելով Մհերի լինելու, ապրելու գաղափարը: Մհերը պիտի վերագտնվի. նա մեր ինքնության առհավատչյան է, և հեղինակը վկայում, ապացուցում, հաստատում է նրա գոյությունը: Ինքն իրեն ստուգել փորձող, Ագռավաքար հասած, անդ մոլորված, տասնչորս օր համոզվելով, որ այնտեղ գտնվողները «բոլորն անվերջանալի պատմության և ամբողջական ժամանակի մեկ միասնություն էին», ի վերջո վերադարձած հեղինակային ես-ը ավարտում է իր շարադրանքը.
«Բայց երբ մի օր բժշկին ասացի` ինձ հարցրու` ո՞վ եմ ես:
– Ո՞վ ես դու:
– Ինձ արևն է կարգել, որ Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ, ազգային վեպի մարդկանց հետ հանդիպեմ: Ասա` ինչի՞ համար:
– Ինչի՞:
– Նրա համար, որ մարդն սպանում է, հոգու կարիք ունի. ազգերը հակառակությունով են լցված:
Բժիշկը հանկարծ նստած տեղից բարձրացավ, պատուհանները վարագուրեց` արգելելով Ագռավաքարի ուղղությամբ հայացք գցել:
Բայց մի կարևոր բան էլ էր կատարվել. երբ ոտքի ելած հրշեջները, օգնության եկած մարդիկ, գելխեղդ շներով հովիվները հետապնդելով բռնեցին և մոմլաթե պաստառի մեջ դրած` սալաքարերի արանքներով քարշ էին տալիս դեպի գյուղ, Ագռավաքարի դռան մեջ հանկարծ մի ակնթարթ կարմրածուփ սուրհանդակը բոցկլտացող նշանով, կողքին` կապտալույսի մեջ, ձեռքերը կրծքին կանգնած Մհերին ցույց տվեց. Մհերն էր, միանշանակ նրան էի տեսել» ¥էջ 385¤:
Սակայն Մհերի գոյությունը դեռ նրա վերադարձը չէ: Մհերը չի վերադառնալու, Մհերը վերադարձվելու է: Ապավինենք մեր դյուցազնավեպ-ավետարանին.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա:
– Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն13:
Ցորենը մասրաչափ, գարին ընկուզաչափ դարձնելը դռան այս կողմում գտնվողներիս գործառույթն է, որի արդյունքում մեր մեջ կունենանք Մհերին:
Մհեր կանչվածին գտնելու, նրան մեր մեջ ունենալու առաքելությունն է ցուցանում այս վեպը: Ափսոս սակայն, որ հեղինակի գնալը պարտադրեց որոշ շտապողականություն, ինչի արդյունքում Լ. Խեչոյանն ստիպված էր վերջակետել իր գործը` մեզ թողնելով սպասման մեջ:
————————–
1. Ժ. Քալանթարյան, Ազգային ինքնության փիլիսոփայությունը էպոսում` ըստ Լևոն Խեչոյանի, ԳԹ, թիվ 13, 25.04.2014:
2. Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Ե., 2014, 396 էջ: Գրքից կատարված հղումների էջերը կնշվեն շարադրանքի մեջ:
3. Կ. Սուրենյան, Հայ լինելու առեղծվածը, Ե., 2012, էջ 228-229:
4. Այս փակվելն է պատճառ դարձել, որ Հր. Մաթևոսյանը Ավ. Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքի հիման վրա գրած «Ջաղացը» կինոսցենարում ընդհանրացնի. « Օ՜ֆ, Մհերին` ծակուռը, հալիվորիս` ջաղացը, Ավոյիս` Եվրոպան, Աբու-Ալային` անապատը – ամեն մեկըս որդի՛ պես, որդի պես մի բոժոժ ենք հյուսում, մտնում մեջը». Հր. Մաթևոսյան, Տերը, Ե., 1983, էջ 146:
5. Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, Ե., 2005, էջ 92:
6. Հ. Էդոյան, Երեք օր առանց ժամանակի, Ե., 2005, էջ 77:
7. Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, Ե., 2005, էջ 93:
8. Լ. Խեչոյան, Պատմվածքներ, Ե. 2013, էջ 184, Նվ. Ալեքսանյանի հարցազրույցից ¥«Զանգուլակներով կույր անցորդը», «Ազատ Արցախ», 31.07. 2004¤: Հարցազրույցի ռուսերեն տարբերակը ¥տե՛ս aniv.ru 23.06.2006, N ¥2¤¤` վերնագրված «իՈ ՑօրÿփպչՏսՏրօՎ րՏսՏՉՖպՎ», դրսևորում է բազմաթիվ մեծ ու փոքր տարբերություններ:
9. Տե՛ս Լ. Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Ե., 2006, էջ 180:
10. Լ. Խեչոյան, Հունիսի հինգը և վեցը, Ե., 2002, էջ 116-117:
11. Խ. Լ. Բորխես, Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները, Ե., 1992, էջ 225:
12. Հր. Մաթևոսյան, Ես ես եմ, Ե., 2005, էջ 408:
13. Սասունցի Դավիթ: Հայ ժողովրդական հերոսավեպ, Ե., 1981, էջ 315:
One thought on “ԿԱՆՉՎԱԾԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ (ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՄՀԵՐԻ ԴՌԱՆ ԳԻՐՔԸ» ՎԵՊԸ) / Վալերի ՓԻԼՈՅԱՆ”