ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆՈՒՅՆԸ ՉԷ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան
«Մեկ ազգ, երկու պետություն» թուրք -ադրբեջանական տանդեմը վերջին շրջանում սիրավեպի է վերածվել, այնքան բազմագույն են միմյանց հղված գեղգեղանքները և այնքան ձգտում կա իրենց հավատարմությունը միմյանց հաղորդելու ցանկության մեջ: Բնականաբար, Էրդողանի առաջին պաշտոնական այցը Բաքու պիտի լիներ` կրկին կյանքի կոչելու սահմանային վերջին խայտառակ իրադարձություններից թոշնած սիրեցյալի հոգին: Եվ որպես նորընտիր նախագահ, առավել չքողարկված և բաց էր, հայտարարելով. «Եթե հայ-ադրբեջանական խնդիրը լուծվի, հայ-թուրքական խնդիրն էլ լուծված կլինի»: Խնդրի լուծումը Թուրքիայի համար ազատագրված Արցախը կրկին ազերիներին վերադարձնելն է, տարբերակ, ինչն ընդհանրապես աղերսներ չունի պատմական արդարության և ժամանակակից իրողությունների հետ: Ինչպես նշում է իտալական «L’ Opinione» պարբերականը, «Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչումը քննարկման ենթակա չէ, քանի որ անթույլատրելի է նույնիսկ մտածել այն մասին, որ հայերը վերջնական արդյունքում կրկին կհայտնվեն ադրբեջանցիների իշխանության տակ, որոնք արդեն իսկ բազմիցս ցուցաբերել են միջէթնիկական ատելություն, ինչը հաստատում են, օրինակ` նրանց կողմից Ջուղայում հայկական միջնադարյան գերեզմանաքարերի ոչնչացումը և Սաֆարովի դեպքը»: Ավաղ, այս ճշմարտությունն առայժմ անհամատեղելի է կացնածինների կազմախոսությանը: Մյուս կողմից էլ թուրք-ազերիական հայտարարությունները տարիների հետ ավելի ձայնագրություններ են հիշեցնում, առանց բովանդակային և տոնայնային փոփոխու­թյունների, անհաղորդ աշխարհաքաղաքական իրադարձություններին, նույնիսկ չնկատելով, որ իրենց նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքն էլ այլևս նույնը չէ: Ադրբեջանական «Ազադըլգ» թերթը փաստում է. «Արևմուտքում ավելի շատ մարդիկ են սկսում նկատել, որ Ալիևի բանագնացները Եվրոպայում և Ամերիկայում խավիար բաժանելու հետ մեկտեղ` Աֆղանստանի և դրա նման նախագծերում նրա կառավարության մասնակցության շարժառիթների միջև առանձնապես լուրջ տարբերություն չեն դնում: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Իլհամ Ալիևի կառավարման ձևը Ադրբեջանի համար լուրջ ցայտնոտի իրավիճակ է ստեղծել: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը մեկ անգամ ևս փաստեց այդ ծանր դրությունը: Հարցն այն է, որ նման հանդիպումները (նաև մեկ ամիս առաջ Սոչիում տեղի ունեցածը) ծառայում են Իլհամ Ալիևի «անհրաժեշտ» հռետորաբանությունը մեկընդմիշտ մոռանալուն, քանի որ տարածաշրջանում շահեր ունեցող հզոր ուժեր Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը դեմ են այստեղ ռազմական գործողությունների վերսկսմանը: Իլհամ Ալիևի բարձրաձայնած հավասարակշիռ քաղաքականությունն առկա իրավիճակն իր շահերի տեսակետից մեկնաբանելուց բացի, այլ բան չէ, և, փաստորեն, նման մի քաղաքականություն չկա էլ»: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդի կարծիքով. «Ադրբեջանը ձախողված պետություն է (failed state)` կաշառակերությամբ լի պետություն առանց քաղաքական լեգիտիմության, որը լիովին կոռումպացված է բոլոր մակարդակներում»: Այդուհանդերձ, ազերիները շարունակում են առաջնորդվել «զենք ազատության փոխարեն» իրենց տխրահռչակ կարգախոսով, թեև ինչպես moderator.az-ի զրույցում նշում է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն. «Այսօր հրադադարը Ադրբեջանին սովորականից ավելի շատ է պետք: Դա պետք է այն պատճառով, որ տարածաշրջանի մյուս խնդիրները չզուգորդվեն: Ինչպես գիտեք, այսօր ԻԼԻՊ-ի (Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն) խնդրին զուգահեռ Ուկրաինայի խնդիրն էլ է բավականին արդիական: Հրադադարի պահպանումը մեզ համար կարևոր է, որպեսզի այդ հակամարտությունները չզուգորդվեն, կրակի շերտ չստեղծեն, որպես ժողովուրդ մենք չոչնչանանք, մեր ձեռք բերած երևութական (արտաքին) արդուզարդն էլ չավերվի»: Սա է իրականությունը, որի նկատմամբ պաշտոնական Բաքուն խուլ է, գտնելով, որ հրադադարի շարունակաբար խախտումները, չհիմնավորված սադրանքները նախաբանն են առավել մեծ պատմության: Ալիևը տենչում է իր պատմությունը կերտել, էլ ավելի արժանի լինել Թուրքիայի գորովին ու ծափահարություններին, որին ի պատասխան, իտալական նույն «L’ Opinione» պարբերականը ահազանգում է. «Չի կարելի Արևելյան Եվրոպայի վերջին կտորը, արևմտյան և քրիստոնեական աշխարհի ծայրամասային սահմանը թողնել բախտի քմահաճույքին և առավել ևս չի կարելի այն փոխանակել կասպիական նավթի հետ: Ամեն ինչ կախված է արդարության և ժողովրդավարության այն իրական արժեքներից, որոնց վրա հիմնված է եվրոպական հասարակությունը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։