ՈՎ ԷՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ / Նունե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լևոն

Կանգնած եմ Ճարտարապետական ակադեմիայի պատին փակցված ընդունվածների ցուցակի առջև: Սիրտս ուրախությունից քիչ է մնում դուրս ցատկի կրծքավանդակից: Ցուցակում թոռնիկիս անուն-ազգանունն է, այն էլ` անվճար ուսուցմամբ: Մեկի հետ պիտի կիսվեմ, որ չպայթեմ: Ամենամոտիկը Գրողների շենքն է: Ոտքերս ակամայից ուղղվեցին այն կողմ: Զարմանալի է, բայց Լևոնը տեղում է, այն էլ` մենակ: Անսպասելի հաջողություն: Հենց շեմից բացականչում եմ. «Լևոն ջան, թոռնիկս ընդունվել է… անվճար»…
Աչքերը լցվեցին ջերմությամբ, տեղից վեր կացավ: Դեմքից անհետացավ մտահոգությունը: Բերեց կոնյակի շիշը, բաժակներ: Լցրեց:
– Քո ընտանիքի հաջողության կենացը:
Նրա աչքերում բարություն ու ժպիտ էր:
Լևոնը ինձնից տարիքով կրտսեր էր, բայց ավագ եղբոր կարգավիճակով էր: Նայում էր աչքերիդ ու տեսնում էր հոգսդ: Նա մի մարդ էր, ում հետ կարող էիր կիսել ուրախությունդ, դառնությունդ, ցավդ…
Ամուսնուս վիճակը ծանր էր: Հիվանդանոցի խնդիր կարող էր լինել: Բայց մտավորականն ո՞ւր, հիվանդանոցը` ուր… Մտավորականի ծակ գրպանն ու հիվանդանոցի անհատակ, ահռելի ծախսերը: Մտամոլոր քայլեցի իմ շատ սիրելի քաղաքիս փողոցներով, ինքս էլ չզգացի, ինչպես հայտնվեցի միության շենքի մոտ: Սթափվեցի Լևոնի ձայնից.
– Ինչո՞ւ ես մոլորված, ի՞նչ է պատահել:
Ուրախացա, ասես գլխավերևս արևի ճառագայթ շողաց:
– Բարձրանանք վերև:
Պատմեցի հոգսս:
– Եթե հիվանդանոցի անհրաժեշտություն լինի, ինձ իմաց կանես, պետպատվեր կձևակերպենք,- անմիջապես առաջարկեց Լևոնը:
Ուսերիցս ծանր բեռ ընկավ… Հիվանդանոցի անհրաժեշտություն չեղավ` շատ ուշ էր: Բայց իր մարդկային կարեկցանքի առաջարկով նա ավելի հարազատացավ: Հասկացա, որ թիկունքիս, այս ոչ ու փուչ աշխարհում ունեմ մի ամուր հենարան, և այդ զգացումը ուժ է տալիս ապրելու…
Լևոնին էին դիմում ոչ միայն միության անդամները: Նրա մոտ էին գալիս հանրապետության տարբեր ծայրերից իրենց հոգս ու ցավով, ու նա իր հնարավորության սահմաններում օգնում էր բոլորին: Իսկ եթե հարցն իր իրավասությունից դուրս էր, օգնելն` անհնար, ապա բարի խոսքն ու խորհուրդը կար ու կար…
Ես հիմա էլ եմ զրուցում Լևոնի հետ: Մտովի… Ես նրան պատմում եմ իմ ուրախությունները, հոգսերը, զայրույթը: Նա իր բարի, ծիծղուն աչքերով նայում է ինձ, վառում իր հերթական ծխախոտը, բայց… լռում է, ոչինչ չի ասում: Ուղղակի լռում է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։