***
Մանուկ Մնացականյանի հայտը պիտի քննարկեինք «Հայֆիլմ»-ի սցենարական կոլեգիայում: Նշանակված օրը, քննարկումից մեկ ժամ առաջ արձակագրի կինը զանգեց և հուզված հայտնեց, որ Մանուկն ավտովթարի մեջ է ընկել և չի կարող ներկա լինել քննարկմանը: Ասաց նաև, որ վնասվածք չունի, եթե չհաշվենք, որ լեզուն է կտրվել կեսից: Մի քանի օր անց Մանուկն ինքը զանգեց և հայտնեց, որ ամեն ինչ լավ է, որ լեզուն բարեհաջող կարել են և որ կարող է արդեն ներկա լինել քննարկմանը: Բեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը, որ այդ պահին սենյակում էր, լսափողը վերցրեց, բարեմաղթանքները հայտնեց «փորձանքից լավ պրծնելու» առթիվ և հարցրեց.
– Քո լեզո՞ւն էր, որ կարեցին:
– Հա, ինչո՞ւ ես հարցնում:
– Հարցնում եմ, որովհետև հազիվ առիթ էր, Մանուկ ջան, մի օտար լեզու կարեիր, էլի…
***
70-ական թվականներին ազատվեց «Սովետական գրող» հրատարակչության թարգմանական գրականության բաժնի վարիչի տեղը: Ճանաչված թարգմանիչներից մեկը, ով չափից ավելի շատ մտերմություն ուներ խմիչքի հետ, դիմում է ՀԳՄ երկրորդ քարտուղար Հրաչյա Հովհաննիսյանին, որ բարեխոսի իր համար: Հ. Հովհաննիսյանը հրաժարվում է օգնել, ասելով, թե` խմող ես, չեմ կարող:
– Բայց դու էլ ես խմող,- հակադարձում է թարգմանիչը:
– Ճիշտ է,- համաձայնում է Հ. Հովհաննիսյանը:- Միայն թե ես ուտող-խմող եմ, իսկ դու խմող-խմող ես:
***
1973 թ. աշնանն էր: Երեկոյան հեռախոսազանգ հնչեց Թբիլիսիից: Վրաստանի գրողների միության առաջին քարտուղար Գրիգոլ Աբաշիձեն էր: Հորս` Էդվարդ Թոփչյանին բարևելուց հետո, անմիջապես հարցրեց.
– Ասա, խնդրեմ, սիրելի Էդուարդ, ո՞վ է այդ Տիգրան Բակուրը:
– Արկածախնդիր է,- պատասխանեց հայրս:
– Իսկ գոնե տաղանդավո՞ր է:
– Այո, բայց նայած ինչում… Ի՞նչ կա, ինչո՞ւ ես հարցնում:
Եվ Աբաշիձեն համառոտ ներկայացրեց մի պատմություն, որն ավելի ուշ, բոլոր մանրամասներով պիտի լսեի մեր հերոսից:
Այդ տարի ամռանը, Սուխումում, Տիգրան Բակուրը ծանոթանում է Վրաստանի կուսկենտկոմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դստեր հետ՝ մոտ երեսուն տարեկան, չամուսնացած, որ բնավ չէր փայլում արտաքինով, բայց բանասեր էր, չափազանց զգայուն և խենթի պես սիրում էր պոեզիան ու պոետներին: Տիգրան Բակուրը, տեսնելով այդ ամենը, ռուսերեն տպված իր բանաստեղծություններն է կարդում և մանավանդ ցույց տալիս իր լուսանկարներից մի կույտ. ինքը Իսահակյանի հետ, Արամ Խաչատրյանի հետ, Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ, Եվտուշենկոյի և մանավանդ Կոնստանդինե Գամսախուրդիայի հետ…
Մի խոսքով, կարողանում է միամիտ աղջկան միանգամից սիրահարեցնել իրեն: Հաջորդ օրն իսկ նա սեր է խոստովանում, աղջկա ձեռքը խնդրում և հայտնում, որ հանուն իրենց երջանկության պատրաստ է նույնիսկ փոխել անուն-ազգանունը և վրացի գրվել: Աղջիկն անմիջապես զանգում է հորը և նրա օրհնությունն ստանում: Ավելին, հայրը կապվում է Աբխազիայի ՆԳ նախարարի հետ և պահանջում, որ հնարավորին չափ արագ ձևակերպեն ամուսնությունը և ազգափոխ հային նոր անձնագիր տան: Եվ հայ Տիգրան Բակուրը դառնում է վրացի Տարիել Բակուրիանի…
Հաջորդում է մեղրամիսը՝ լցված առատ կերուխումերով, ինչի մոլեգին սիրահարն էր Տիգրանը: Այնուհետև նորապսակներն ուղևորվում են Թբիլիսի, որտեղ նրանց սպասում էր կահավորված, շքեղ բնակարանը և նոր ու անվերջ քեֆ-ուրախությունները… Իսկ բանասեր տիկինը խրախճանքների արանքում վրացերենի դասեր էր տալիս «նորադարձին»: Մի խոսքով, մեր Տիգրան-Տարիելը ողջության օրոք ընկնում է դրախտ: Բայց, ինչպես երևում է, դրանից էլ հագեցում կա, նույնիսկ խրախճամոլ Բակուրի համար:
Մի գեղեցիկ առավոտ, երբ տիկինը ինչ-որ գործով դուրս է գալիս տնից, Բակուրը գնում է կայարան և նստում Թբիլիսի-Երևան գնացքը: Հարազատ քաղաք հասնելուն պես, պատվիրված փոստով Թբիլիսի է ուղարկում նոր անձնագիրը, կից գրության մեջ մեղա գալիս, ներողություն խնդրում, բացատրում, որ սխալվել է, և այլն, և այլն…
«Հայտնիր նրան, սիրելի Էդուարդ, որ հանկարծ Վրաստանում չերևա, թե ոչ…»: Աբաշիձեի այս բառերը ես հայտնեցի Տիգրան Բակուրին, երբ վերադարձի հաջորդ օրն իսկ եկել էր «Գարուն»-ի խմբագրություն և իր «սխրանքն» էր պատմում: Նա, կարծեմ, հետևեց այդ իմաստուն խորհրդին: