«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ». ՊԱՐՈՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ / Արսեն ԳԼՋՅԱՆ

tsitsernakaberd«Քանի մը խոսք առ օրիորդ կամ տիկին պատմություն» խորագրով խորիմաստ հոդվածաշարի և այլ երկերի մեջ մեծ գրողը նախ և առաջ զգուշացրել է, որ պետք է տարբերել երկու հասկացություն` «Հայկական հարց» և «Հայկական խնդիր»: Առաջին եզրն ստեղծել են եվրոպական դիվանագետները` հայ ժողովրդի իրավունքների և ապագայի ցավոտ հիմնախնդիրը քաղաքական օրակարգում իրենց շահերը հետապնդելու գործիք դարձնելով: Երկրորդ եզրը, որ գրողն ինքն է առաջարկել, ընդգծում է, որ հայության համար գոյություն ունի ոչ թե խրթին «հարց», այլ` իր ազգային հարատևու­թյան կենաց և մահու «խնդիր», որի լուծումով շահագրգռված է միայն ինքը:
…Մեծ պատմության մեջ ժամանակի հատվածում կատարված անցքերի ու դեպքերի մանրամասները չեն պահպանվում, խոսքն ապագա սերունդներին ուղղելով, գրել է Պարոնյանը, բայց դրանց վերաբերյալ ճշմարիտ գիտելիքներն ան­հրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի ըմբռնել սերունդներին փոխանցված կացությունն ու հիմնախնդիրները: Դուք, անշուշտ, իմ սերնդի մարդկանցից` ձեր նախահայրերից դժգոհ կմնաք, որ նման ազգային քաղաքական դժնդակ ժառանգություն եք ստանում: Բայց դեռ հարց է, թե ինքներդ Խնդիրը վճռելու տեսակետից կլինե՞ք ավելի ուժեղ և կարող, քան` մենք: Վստահ եմ, որ հիմնահարցը վճռելու ան­հրաժեշտության գիտակցությունը մի օր ձե՛զ էլ կստիպի փնտրել և ճանաչել ձեր նախահայրերին, որպեսզի գործի ձեռնարկելուց (կամ խնդիրը փակված համարելուց) առաջ նրանց արարքների ճիշտն ու սխալն ըմբռնեք, ինչպես մի օր մենք արեցինք: Պատմագրությունը և գեղարվեստական գրականությունը, որպեսզի սերունդներին անսխալ տեղեկություն փոխանցելու գործառույթը կատարեն, պետք է կյանքում տեղի ունեցած դեպքերի ճշմարիտ հիշատակարան լինեն և ազգի հոգեկան կյանքի այն երևույթներն արտացոլեն, որ այս և այն կերպարանքով երևացել և մարմին են առել ռեալ իրականության մեջ: Նրանք պետք է տեսանելի դարձնեն մարդկության հոգեկան կյանքի այն երևույթները, որ ազգի բնավորության վրա անհերքելի և որոշյալ դրոշմ են դրել` թեկուզ մարմին չստանալով ազգի հասկացողության մեջ: Պատմագրությունը և գրականությունը, բացի այդ, պետք է ազգի հոգու, ոգու, իրական կյանքի և դեռևս չվճռած հիմնահարցերի վերաբերյալ կատարելագործեն մեր հասկացողությունը: Սակայն, ցավոք, հայ պատմագրությունը և գրականությունը, նման գործառույթների տեսակետից, թերի են: Ազգի վերականգնման համար իսկապես աշխատողների, «ազգային պատմիչներու թիվն խիստ փոքր է այսօր»:
19-րդ դարը բարդ ու հակասական է, շարունակել է գրողը: Եթե հայության կյանքն իրատեսորեն արժևորենք, ապա պետք է խոստովանենք, որ մեր ազգային մարմինը, արտաքին և ներքին պատճառներով, նմանվում է մի այնպիսի «ծառի», որի «արմատը փտած է, իսկ ճյուղերը` ծլած-ծաղկած»: Դա է պատճառը, որ «ազգային մեռելոց համար ունինք» «սքանչելի գերեզմանատուն մ’որ օտար մեռելներուն նախանձը կը շարժե», «ազգային հիմարներու, ապուշներու, անառակներու, հիվանդներու և ծերերու համար ընդարձակ և եվրոպական ճաշակով կառուցված հոյակապ շենքեր», իսկ ազգի կենդանի, խելացի, զգաստ մարդիկ արհամարհվում են: Ազգային կամքի «կեդրոնը» բացակայում է: Կյանքն Օսմանյան Կայսրության մեջ դարձել է այնպիսին, որ հայ մարդուն բարոյալքելու համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծվել: Թվում է` հիմա դրամով կարելի է ամեն բան գնել: Փառքի առևտուրի համար, ասես, հատուկ խանութներ են շինված, և ամեն ոք ազատ է այնտեղից գնել փառքն իբրև… ապրանք: Քիչ չեն այնպիսի մարդիկ, որոնք սկսել են մոռանալ ճշմարիտ արժեքների մասին, մոռանալ, որ անմահությունը գերեզմանից այն կողմ է սկսվում: Ասպարեզում շատ են նաև այնպիսիները, որոնք, այլևս չհավատալով հայության կյանքը բարելավելու հնարավորությանը, հիմար են անվանում նրանց, որ խոսում են հանուն ազգի բարօրության աշխատելու մասին: Ավելի լավ է ոսկով փառք գնել, իսկ դրա միջոցով նորից ոսկի վաստակել, գտնում են նրանք: Մեր ապրած դարն այս կենսափիլիսոփայությամբ ապրող շատ «հերոսներ» ունի, որոնք, ստոր ճանապարհներով բարձրանալով`, մեծատունների կարգն են դասվել, ոմանք` «աստվածատիպ» հորջորջվել:
Գրականության և հրապարակախոսության ասպարեզը լցված է շողոքորթներով, որոնք, սնվելով հարուստների սեղանի փշրանքներով, հանրությանը վարժեցնում են սոցիալական կյանքի վերաբերյալ կեղծիքի: Նոր սերնդի տաղանդները, փոխանակ ձգտելու հոգևոր բարձր հասունության և դարի առաջադրած հիմնահարցերը վճռելու պատրաստակամություն դրսևորելու, թաղվել են ճղճիմ կրքերի հորձանուտի մեջ: Դյուրին չէ, նույնիսկ, ժողովրդի երկու հատվածում ցանուցիր գաղափարակիցներին համախմբելը: Ահա, մի օրինակ: Արևելահայ ճշմարիտ բանաստեղծը վերջերս Կ.Պոլիս հյուր էր եկել: Հարկ էր, որ առիթն օգտագործելով, ազգի բարօրության նվիրյալները հանդիպեին միմյանց, «որպես ի ջինջ հայելվոջ, ազգային կենաց պատկերը» ներկայացնեին, բայց պարզվեց, որ արևելահայ բանաստեղծն արևմտահայության մտավոր մայրաքաղաքն էր եկել, ասես, կերակուր ուտելու: Այստեղ, շրջապատվելով մեծահարուստներով, լոկ իր որովայնին հագուրդ տվեց, ազգային խոհարարների շնորհքն ուսումնասիրեց, իսկ գրչի մարդիկ տեսադաշտից հեռու մնացին: Եթե այսպիսին է ազգային բանաստեղծը, էլ ի՛նչ ասես մյուս գրողների, մտավորականների մասին: Ճիշտ է, որ մի քանի բանիմաց մարդ խորապես ըմբռնում են դրության ողբերգականությունը, բայց մի՞թե սակավաթիվ ուժերով կարելի է ցանկալի արդյունքների հասնել:
Հայկական խնդրի հայանպաստ լուծումը պայմանավորված է այն հանգամանքով, նշել է Պարոնյանը, որ նոր սերունդները, քաղաքացիական առաքինությամբ օժտվելով, պատրաստակամ լինեն շարունակելու աշխատանքը` հների փորձն ուսումնասիրելով, նրանց սխալները չկրկնելով: Գործի ձեռնարկող սերունդները պետք է, ամենից առաջ, ճիշտ ըմբռնեն քաղաքական այն ժառանգությունը, որ հայրերից ստացել են: Որդիները, խնդիրը վճռված չլինելու համար պետք է ոչ թե մեղադրեն հայրերին, այլ` ուսումնասիրեն նրանց փորձը` դարաշրջանի ընձեռած հնարավորությունները և վարակիչ հիվանդությունները, պարտված սերունդների գործիչների մարդկային և հասարակական նկարագիրը, բնախոսությունը, կյանքի, կրթության, դաստիարակության, իդեալների ձևավորման ու դրսևորման պայմանները, հնարավորությունները, օսմանյան պետական մեքենայի հետևողական խարդավանքներին դիմագրավելու, ազգային կյանքը և մարդուն բարձրացնելու միջոցները: Կարևոր է, վերջապես, որ նորերը հներից հնարավորինս առողջ, բանիմաց, գործունյա լինեն, նրանց սխալներից և մոլորություններից զերծ մնան, խնդիրը վճռելու կամք դրսևորեն, հետևեն հեռանկարային ծրագրերի: Օտարներին գուցե դարձյալ հարկ կլինի հորդորել, որ մեզ օգնեն, բայց չպետք է մոռանալ գլխավորը. «Ազգ մ՛որ հառաջադիմության ճամբուն մեջ է, ամեն բան գթութենե սպասելու չէ». պետք է ազգովի լծվել պատասխանելու մեր նոր պատմության հիմնահարցերին. «եթե հարկ ըլլա», պարտավոր ենք ինքնուրույնաբար կտրուկ միջոցների դիմել…
Նոր սերունդներին ո՞վ կարող է կողմնորոշել այս խնդիրներում: Քանի որ իրական պատմությունը ճշմարիտ ավանդող պարտաճանաչ գրիչները սակավաթիվ են, խեղաթյուրողները՝ ամենուր, նշել է գրողը, ապա քաղաքական ասպարեզ մտած շահագրգիռ գործիչները պետք է ինքնուրույնաբար հետազոտեն և արժևորեն պատմական իրադարձությունները, նախահայրերի գործերը և վարքը: Այս հարցում օգտակար կարող է լինել իր գրականությանը, քանի որ ինքը, բանիմացորեն ճշմարտությունը պատմելով պատմական նշանակություն ունեցող կերպարների և դեպքերի մասին, նպատակ է ունեցել նաև գալիք սերունդներին օգնել, թեկուզ շատ բան, ինչպես Սոկրատը, իր անունով չի կոչել:
Ոմանք, շարունակել է ուղերձը Պարոնյանը, դաժան իրականությունից հիասթափվելով, Հայկական խնդիրը «երազ» են անվանում, բայց ինքը համոզված է, որ. «Հայաստանի վիճակն անպատճառ փոփոխություն մը պիտի կրե դեպի լավն», բայց միայն այն ժամանակ, երբ` «մենք ալ աշխատինք», ընդ որում՝ հոգ տանելով ժողովրդի ոչ միայն «ապագայի», այլև` ներկայի մասին, ազգի իրավունքները ձեռք բերելու կռվան դարձնենք ոչ միայն պատմամշակութային անցյալը, այլև՝ արդի տնտեսական ու քաղաքական գործոնը:
Եթե ցանկանում ենք, որ Հայկական խնդիրը լուծվի, ընդգծել է գրողը, պետք է հոգատար լինենք հայ մարդու նկատմամբ, որպեսզի նա մարմնով և հոգով առողջ լինի, ամուր կանգնի հայրենի հողի և հայրենի շահերի պաշտպանության դիրքերի վրա, որպեսզի ազգորեն հաղթահարվի այն տրագիկոմիկական վիճակը, երբ. «Սիմոնիկը Հայաստանը կ՛ողբար, թեպետև ինքն Հայաստանեն ավելի աղեկ վիճակ մը չուներ»:
«Ականջնիդ դեպի հայրենիք դարձուցե՛ք, անոր հառաչանաց ունկնդիր եղեք, ձեր եղբարցը օգնեցե՛ք, ընկերություններ կազմեցե՛ք, թանգարաններ հաստատեցե՛ք, ուսմունք տարածեցեք, լրագիրներ կարդացե՛ք և ազգությունը հառաջադեմ ազգաց կարգը անցընելու աշխատեցե՛ք, հաստատամիտ եղեք, ուրիշ բան պետք չէ. այնքան հաստատամիտ` որ փոփոխամիտ ժամանակը ձեր հաստատամտությանը քովեն ահաբեկ և ամոթահար անցնի: Այսպես ըրե՛ք, ուրիշ բան մի խորհիք. ձեր ձեռքով ազգին ապագայն պիտի ապահովեք և այն ատեն ուրախ դեմքով, գոհ սրտով հրճվանոք զիրար գրկելով, մեր ուրախության աղաղակները երկինք բարձրացնելով ամենքնիս մեկեն պոռանք. թող ժամանակը միշտ այսպես անցնի»,- իր պատգամը հայության սերունդներին եզրափակել է Պարոնյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։