Հովհ. Թումանյանի ավագ դստեր` Աշխենի նամակներն ու գրառումները որոշակի բացահայտում են բանաստեղծի անցած ճանապարհի հանրությանը մինչ այժմ անհայտ բազում խնդիրներ:
1905-1906 թթ. ազգամիջյան հայ-թաթարական ընդհարումների ընթացքում Թումանյանը հանդես եկավ ժողովուրդներին հաշտեցնողի դերում: Գրեց «Լոռեցիների կոչը«, ձի նըստած, սպիտակ դրոշը ձեռքին մի խումբ համախոհների հետ շրջեց գավառները և ինչպես ինքն է ասել, «… Կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ և շատ ու շատ անմեղների ազատել այս գազանական կոտորածիցե: Թումանյանի գործունեությունից դժգոհ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկեց… Ցարական ժանդարմները 1908 թ. դեկտեմբերի 23-ի գիշերը ալեկոծեցին Թումանյանների խաղաղ օջախը: Հակացարական գործունեության մեղադրանքը հաստատող նյութ գտնելու նպատակով խուզարկում են նրանց տան բոլոր անկյունները, անխնա գետին թափում բոլոր գրքերը` հուսալով հեղափոխական բովանդակությամբ որևէ գրքույկ գտնել: «Քրքրեցին հայրիկի գրասեղանի բոլոր դարակները, գրապահարանները դատարկեցին, գըրքերը կոպտորեն նետեցին հատակին, անկողինները ստուգեցին, նայեցին նաև մյուս սենյակներըե:
Առեղծվածն ընդհանրապես Թումանյանների կյանքում հաճախ է մեծ դեր կատարել. «… Տերտերի սենյակում` պատի արանքում, հեղափոխական բրոշյուրներ կային, նրանք այդ չնկատեցինե: Մանրազնին խուզարկությունն անգամ չհայտնաբերեց տերտերի (բանաստեղծի աները) սենյակում գտնվող վերը նշված գրքույկները, որոնք կարող էին կանխորոշել Թումանյանի հետագա ճակատագիրը. դա Աստծո կամքն էր:
Մղձավանջային գիշերն անցնում է, բայց այգաբացը նույնքան դառն էր ընտանիքի համար: «Լուսադեմին ավարտեցին խուզարկումը, հայրիկի ձեռագրերից երեք կապոց սարքեցին, իրենց հետ տարան, տարան նաև հայրիկին ու Մուշեղինե: Եթե նրանք կարող էին հուսալ, որ արդարությունը կհաղթի, և Թումանյանն ու որդին` Մուշեղը, կվերադառնան, ապա Թումանյանի հոգու մասունքները դարձած ձեռագրերի կորուստը անդառնալի էր: Ի՜նչ մտքեր, ստեղծագործություններ, անգին գանձեր զոհ գնացին ժանդարմների անհոգի վերաբերմունքին: «Մենք դուրս թռանք պատշգամբ և լացելով նայում էինք, թե ինչպես են տանում նրանց` շրջապատված ոստիկաններով: Դա առաջին ծանր հարվածն էր իմ կյանքի: Մենք այն ժամանակ ապրում էինք Բեհբության 50 հասցեում` 4-րդ հարկում: Չեմ հիշում, թե ինչու, մենք այդ տարի 5-րդ հարկից` Վերնատնից իջել էինք ներքև : Կարծում եմ, որ դժվար էր վարձ տալը: Մայրիկը նույնն էր ասում: Երկու օր ես կարգի էի բերում գրապահարանները: Ես դարձա տան մեծըե:
Սկսվում է տառապանքների անվերջանալի շղթան: Հայրիկին տեսակցելու թույլտվություն ստանալու համար փաստաթղթերի ու ոստիկանական վարչության դռներում մայրիկի հետ օրեր մաշող Աշխենը ստիպված է լինում անտեսել իր համար այնքան կարևոր ուսումը. հոգեկան գերլարված վիճակը թուլացնում է անգամ հիշողությունը: («Երկու շաբաթ անց ավարտվեցին արձակուրդները: Ես պետք է գիմնազիա գնայի: Եվ ահա այստեղ ես իմ առջև ահռելի փոփոխություններ նկատեցի: Տրամադրությունս ընկած էր, պարապելու ցանկություն չկար, իսկ ամենակարևորը` նկատեցի, որ հիշողություն չկա: Բանաստեղծությունները նախկինում հեշտությամբ էի սովորում, բավական էր երկու անգամ կարդալ: Իսկ հիմա նույնիսկ հարյուր անգամ կարդամ, ոչինչ չի մնումե): Ի՞նչ կարելի էր սպասել դեռատի աղջկանից, ով 3-րդ դասից հետո պիտի հեռանար, որ ժամը 11-ին մոր հետ լիներ բանտի մոտ` Թումանյանին տեսակցելու որևէ հնարավորություն փնտրելու համար: Պատահել է` թույլտվությունը ձեռքին թույլ չեն տվել տեսակցել: Աշխենն այնքան է տարվել հոր և եղբոր ճակատագրով, որ եթե անգամ իրեն թույլ չտային քննություններին մասնակցել, ինքը չէր վշտանա: Աշխենի միտքն ու հոգին այնտեղ էր` ճաղավանդակների ետևում նստած իր սիրելիների` հոր ու եղբոր մոտ: Բանաստեղծը իր երեխաներին դաստիարակել էր կյանքի դըժվարությունների առաջ երբեք չընկրկելու ոգով, և սա է պատճառը, որ վեց ամիս տևած տանջանքներից հետո Աշխենը վերագտնում է իրեն, պարապում և հանձնում է քննությունները: «Մայիսին սկսվեցին քննությունները, ինձ թույլատրեցին մասնակցել, թեև ես չէի վշտանա, եթե մերժեին: Մի կերպ եմ պարապում ու հանձնում քննությունները: Արդեն կային խոսակցություններ, որ միգուցե մերոնց կազատեն: Վերջին քննության օրը՝ առավոտյան, մի տեսակ անհանգստություն կարե: Աշխենի վերապրումներից իմանում ենք, թե ինչ տանջալից են եղել տեսակցությունները. «Տեսակցությունը լինում էր շաբաթական երեք անգամ, թույլատրում էին երկուական հոգու: Մերոնք երկուսն էին, այսինքն՝ կարող էինք չորս հոգով գնալ: Տեսակցությունը երեք տեսակի էր: Մեկը ասես գազանանոց լիներ, դա ընդհանուր էր կոչվում, որի ժամանակ մոտ քառասուն մարդ այս ու այն կողմից, բարձր ճաղավանդակներով (1,5 մ հեռավորությամբ) առանձնացված, ստիպված գոռում էինք: Ահավոր աղմուկ էր, և մենք ոչինչ չէինք հասկանում: Հայրիկը նման դեպքերում չէր իջնում, իջնում էր միայն Մուշեղը: Մյուս տեսակցությունը լինում էր տասական մարդով, տարածությունը ճաղավանդակների միջև 0,5 մ էր, և ամեն ինչ լսվում էր ու լուռ էր: Երրորդ տեսակցությունը կոչվում էր անհատական, երբ մենք միայնակ էինք բանտապետի առանձնասենյակում: Նման դեպքերում հայրիկը շատ գոհ էր լինում, մենք մեզ հետ տանում էինք նաև փոքրերինե: Այդպիսի դեպքերում Թումանյանը եղել է ուրախ, մանրամասնորեն հետաքրքրվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամով, և, իհարկե, նրան շատ է անհանգստացրել ընտանիքի նյութական վիճակը: «Նա ներս էր մտնում այդ դեպքում շատ գոհ իրենից, մենք մեզ հետ տանում էինք նաև փոքրերին: Նա սենյակ էր մտնում բարձր տրամադրությամբ, հարցուփորձ անում, թե ինչպես ենք ժամանակն անցկացնում, ինչ ենք ընթերցումե:
Բանաստեղծը հանիրավի մեղադրվել և հայտնվել էր ճաղավանդակների ետևում, սա ճակատագրի հեգնանք էր: Ցարական հայահալած քաղաքականությունը մեկ անգամ չէ և միայն Թումանյանի դեպքում չէ, որ բանտարկել էր հայ միտքը և հայոց ոգին արթուն պահող անհատներին զրկել ազատությունից: Ցավով ենք իմանում Աշխենի հուշերից, թե Թումանյանն ու Մուշեղը ինչպիսի ծանր օրեր են ապրել բանտում. «Հիշում եմ, երբ մի անգամ ես Մուշեղի համար նշենու բացված ճյուղ վերցրի, Մուշեղը զարմացավ ու միամտաբար հայտարարեց. «Ո՞նց, արդեն ծառերը ծաղկո՞ւմ ենե: Ինչպե՜ս նա մեզ հուզեց…ե: Աշխարհին պայծառ հայացքով նայող բանաստեղծը փիլիսոփայորեն իմաստավորում է իր անցած ճանապարհը՝ ճակատագրի հեգնանքով նա իր 40-ամյակը դիմավորում է բանտում, որտեղ էլ ծնվում է « Վայրէջք ե բանաստեղծությունը:
Քառասուն տարի ճանփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու:
(«Փետրվարին, տեսակցության ժամանակ, նա ինձ թուղթ փոխանցեց և ասաց, որ այնտեղ բանաստեղծություն է գրել: Դա «Վայրէջքե բանաստեղծությունն էր՝ գրված 40-ամյակինե): Միայն այս ստեղծագործությունը չէ, նաև «Մի կաթիլ մեղրըե լեգենդը ծնունդ է առել ոչ սովորական պայմաններում, որոնց ստեղծման պատմությունը բացահայտում է Թումանյանի կյանքի մի կարևոր էջ, քանի որ ծննդյան օրը բանտում անցկացնելը կրկնվում է նրա կյանքում…
Գրական-ստեղծագործական կյանքին փոխարինել էր վեց ամիս տևած բանտային կյանքը, և ցավալին նաև այն էր, որ որդին՝ Մուշեղն էլ նույն խցում էր և միասին էին անցկացնում իրենց հոգեմաշ օրերը:
Ցարիզմի վարած քաղաքականության հետևանքով դժվարին օրեր էր ապրում մեր ժողովուրդը: Այդ օրերին շատերին են բանտարկում, որոնց մեջ եղել են գրողներ, ուսանողներ, գյուղացիներ, նույնիսկ մեծահարուստներ: Վախի այս մըթնոլորտում ազատության մեջ գտնվողներից շատերն են դադարում այցելել Թումանյաններին. «Այն օրերին շատերն էին ձերբակալված: Բայց և նրանք, ովքեր մնացել էին, դադարել էին այցելել մեզե: Պատմական այս անբարենպաստ ժամանակում հայ ժողովրդի և նրա մշակույթի հոգսերով ապրող բանաստեղծը չպիտի հայտնվեր այնտեղ. Թումանյանի նման մարդու համար ոչ միայն անհարիր, այլև հոգեսպան վիճակ էր, որին գումարվում են նաև ընտանեկան հոգսերը: Այս ամենը կեղեքում է բանաստեղծի հոգին: Նման պայմաններում անգամ Թումանյանը չի ցանկացել ընկճել ընտանիքին՝ ձգտելով անհոգ երևալ նրանց: Տեսակցության ժամանակ, անտեսելով իր վիճակը և որտեղ գտնվելը, հետաքրքրվել է երեխաների կրթության հարցերով, ընտանիքի նյութական վիճակով, անգամ նրանց առօրյայով. «Նրան անհանգըստացնում էր մեր նյութական կողմը: Թամարը կրծքի երեխա էր, հայրիկը անհանգստանում էր, որ իր մասին հոգալով մենք երեխային առանց հսկողության կթողնենքե: Թումանյանի անհանգըստությունն արդարացվում է, որովհետև նա լավ էր ճանաչում իր ընտանիքին, գիտեր, որ նրանց միակ մտահոգությունը բանտում գտնվող իրենց հարազատն է, և ընտանիքն այդ դեպքում կմոռանար իրեն էլ, երեխաների կրթության գործն էլ կմատնվեր անուշադրության:
Միայն ընտանիքի հոր նկատմամբ չէր այս հոգատարությունը: Աշխենի գրառումները բացահայտում են, որ ընտանիքի անդամները չեն կորցնում իրենց զգոնությունն ու նվիրվածությունը միմյանց հանդեպ և քննության պատրաստվող Աշխենից թաքցնում են Թումանյանի ազատության հետ կապված հարցերը. «Ես ոչինչ չկարողացա իմանալ, ինձնից թաքցնում էին: Ես շտապեցի քննության, որպեսզի արագ հանձնեմ ու ազատվեմե:
Վերջապես Թումանյանների հարկի տակ ուրախություն է թևածում, Մուշեղն ազատվում ու տուն է գալիս, իսկ բանաստեղծի համար 5000 ռուբլի գրավական են պահանջում. «… Իմանալով այդ մասին` Ֆիլիպ Վարդազարյանն անմիջապես եկավ մեզ մոտ, շնորհավորեց և ասաց, որ հենց առավոտյան այդ գումարը կվճարի: Ինչպե՜ս ես նրան համբուրեցի: Իրենից հետո եկավ Աղայանը, համբուրեց մեզ բոլորիսե:
Բանտից ազատված Թումանյանը որքան էլ անհամբերությամբ պիտի շտապեր ընտանիքի գիրկը, միևնույնն է, նախ երախտագիտության զգացումը նրան տանում է ընկերոջ մոտ.
«Մեկ օր անց հայրիկը տուն եկավ: Նա եկավ կառքով, ճամփին Ֆիլիպի մոտ էր մտել, հետո տուն` գունատ, նիհար, չէր կարողանում լույսին նայել, աչքերն արտասուքով էին լցվումե: Բանտային կյանքն իր գործն արել էր:
Ոչինչ չէր կարող ընտանիքին այնպիսի ուրախություն պատճառել, ինչպիսին սիրելի հայրիկի ներկայությունն էր: Ընտանիքի ապրած ողջ ուրախությունը ամփոփված է դստեր՝ Աշխենի խոսքում, որն ամեն ինչ ասում է. «Մեր տունը կենդանացավ…»: