Յուրաքանչյուր ժողովրդի կենսունակության չափանիշը
երեք հարստությունների միասնությունն է`
գեղարվեստական, հոգևոր և բարոյական…
Սերգեյ Սարինյան
Լսարան էր մտնում դանդաղ քայլերով, մոտենում էր ամբիոնին, ու մինչև չէինք լռում, չէր խոսում: Արտաքուստ խստաբարո նրա կեցվածքում վեհանձն մի բան կար, աննկատ, բայց վճռական իր խոսքը հաստատելու ունակություն: Մի առիթով Սերգեյ Սարինյանը ասել է` «…այն ամենը, ինչ իմ մեջ կա, ամբողջապես արցախյան է… Արցախում է կազմավորվել իմ աշխարհայացքը, այստեղ եմ ես ճանաչել հեռավորության, երկնքի, բարձունքի, հորիզոնի, որոտի, կայծակի, գիշերների ու արշալույսների տիեզերական արժեքները: Իմ հոգեկան կերտվածքի անփոխարինելի մասունքներից են Արցախի բարբառը, բառը, արցախյան լեզվի հնչերանգը, ձայնը… թող պաթետիկ չհնչի խոսքս, բայց առանց Արցախի ես չեմ պատկերացնում իմ ֆիզիկական գոյությունը»: Չափազանց խստապահանջ, երբեմն շատ կտրուկ, բարկացկոտ ու ծայրահեղ խիստ: Իր պահանջները շատ մեծ էին ու բարձր, բայց կարծես մարտահրավերներ լինեին, որոնք պետք է ձգտեինք հաղթահարել: Երբեմն խոժոռ թվացող դեմքի արտահայտությամբ, բայց նաև երեխայի պես անկեղծ ու զուլալ, անհատական հատկանիշներ, որոնք չեն սերմանվում, ծնվում են ու տրվում ի վերուստ: Մերժողական վերաբերմունք ուներ ձևապաշտության հանդեպ, արդարամիտ էր, արդարադատ, հաստատակամ: Կարելի է թվարկումները շարունակել` ընդգծելու համար Սերգեյ Սարինյան անհատի կերպարը, սակայն այդ ամենը կենսաձև ու գործելակերպ դառնալու համար պահանջվում է կամք ու համոզմունք, իրականություն դարձնելու քաջություն: Ահա վերջիններս են, որոնք տրված են եզակիներին, որակներ, որ տարիների ճանապարհ անցնելով խտացվում ու ներկայացվում են անհատի մեջ` դարձնելով նրան ժողովրդի արժանավոր զավակը: Սերգեյ Սարինյանը շուտ տեսնում էր լավը և գնահատում: Վրիպումը, անփույթ վերաբերմունքը տանել չէր կարողանում: Նա գիտեր, որ մարդու միտքն ու արարիչ ձեռքերը կարող են վերափոխել, կառուցել, ստեղծել: Մարդիկ հպարտանում էին նրանով, մեծարում, իր հետ հաշվի նստում, բայց նա ներքուստ բավարարված չէր. «Հեշտ չէ անհաղորդ մնալ քաղաքի անցուդարձին, մայթերի քայլքին, շուկաների լիությանը և, առհասարակ, գրական, հասարակական միջոցառումներին, օտարացմանը… Իմ մեջ մշտապես եղել է անլուծելի մի պայքար, մի հակասություն, որ ավելի շատ անպատճառ է եղել…»: Նրա յուրաքանչյուր օրը կենսագրության նոր էջ էր: Ժամանակակիցները գիտեն, որ նա միշտ մերժել է պաշտոնները` աներեր ու անշեղ մնալով իր ընտրած ուղուց ու նախանշված ճանապարհից: Ավելի քան յոթ տասնամյակ Սերգեյ Սարինյանը քայլեց ժամանակի գրական ու գիտական կյանքին համաքայլ, տվեց արդեն եղած ու ստեղծվող գրական ստեղծագործությունների գիտական արժևորումներն ու գնահատականը:
Վեց տասնամյակից ավելի աշխատեց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում: Հինգ տասնամյակից ավելի ղեկավարեց ինստիտուտի Հայ նոր գրականության բաժինը: Սերգեյ Սարինյանի «Հայ գրականության երկու դարը» ( 5 հատոր), «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ» (1955), «Հայկական ռոմանտիզմ» (1966), «Րաֆֆի» (1957), «Մուրացան», «Լևոն Շանթ» գործերը պատկանում են հայ քննադատական մտքի արժեքավոր ֆոնդին: Զարմանալի մի կանխազգացումով որոշեցի, որ այդ օրը պետք է գնամ իրեն տեսնելու: Ողջունեց, զրուցեցինք: Սպասում էր, թե ես ինչ-որ խնդրանքով եմ եկել, գրքեր տվեց, ինչպես սովորաբար: Ու էլի, անպատճառ մի կանխազգացումով այդ օրը չէի ուզում հրաժեշտ տալ նրան, խնդրեցի լուսանկարվել… «…այժմ իմ մտածումների, մտահոգությունների հոգեկան տագնապների առարկան Արցախն է, նրա ճակատագիրը, որի հայելում արտացոլվում է միջազգային քաղաքականության քառադեմ այլանդակությունը: Տարածքային ամբողջականության ստատուսը գաղութատիրական բռնության մնացուկն է, որից չեն կարողանում ազատագրվել մեծ տերությունների պետական թերուսները: Ո՛չ պատմություն, ո՛չ գենոմիկա, ո՛չ մշակույթ, ո՛չ տեղագրություն, այլ` միայն գռեհիկ շահասիրություն… Հուսով եմ, որ տիեզերական բանականությունն ի վերջո ճշմարիտ լուծում կտա արարչության ամենագեղեցիկ սուբյեկտի` արցախյան աշխարհի հավերժական գոյությանը»,- 90 ամյակի առիթով տրված հարցազրույցներից մեկում Սարինյանը կիսվում է իր մտահոգություններով:
Մեզ բոլորիս թվում էր, որ Ս. Սարինյանը պետք է ապրեր երկար, շատ երկար ու պիտի հանգչեր, ինչպես մայրամուտի արև, քանի որ արևի պես պետք էր… Բայց ինչպես ինքն էր ասում. «Անիմաստ է միջամտել բնության օրենքին ու Աստծո տնօրինությանը…»: