ԱՐԵՎԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԼԵՌՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔԻՑ / Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Ապրել ու գործել միայն այն բանի համար,
որի համար արժե մեռնել,
և մեռնել միայն այն բանի համար,
որի համար արժեր ապրել:

Գարեգին Նժդեհ

Բա՛րև, մայրի՛կ, բա՛րև, մե՛ր ջան: Դու այս ուշ ժամին թեպետ քնած կլինես, բայց գիտեմ, որ դու ինձ լսում ես, որովհետև բոլոր մայրերն էլ արթուն են, երբ իրենց որդիներն են արթուն: Քնած ժամանակ անգամ արթուն են. զավակի արթնության մեջ նրանք միշտ են արթուն: Ես հիմա արթուն եմ, որովհետև պահակետում եմ, մայրի՛կ, շուրջբոլորս փռված լռությունն այնպես մաշկազերծ ու լեզվանի է, որ դարերի գաղտնի քչփչոցն անգամ լսելի է: Երկնքի անհունն ասես ինչ-որ տեղ գայթել և իր խորքից տեսիլք ու ցնորք է շաղ տվել ժամանակների վրա ճոճք կապած լռության վրա: Հայացքիս առաջ մեր անառիկ լեռներն են, ականջներիս մեջ` դարերի քչփչոցը, խոհերիս մեջ` լույսով պարագծված Հայոց աշխարհը, և ես որդիական զեկույցով քեզ ասում եմ` չկա ավելի վեհ զգացում, քան այն, որ հայրենիքի սահմանը պահելու պարտականությունը քեզ է վստահված: Հավատա, մայրի՛կ, պահակետում կանգնած զինվորի համար հայրենիքի վեհությունն ավելի է տեսանելի ու թափանցիկ. թիկունքում հարազատներդ են, ընկերներդ, քո ապրած ժամանակը, քո երկիրն ու ժողովուրդը, դիմացդ` թշնամիդ: Եվ դու կանգնած ես սահմանագլխին` սրբազան պարտավորությամբ գոտեպնդված. անամպ երկնքից կախված աստղերը հարազատի պես ճտվտում են, ընկերներդ զորանոցում խաղաղ քնած են, դու նայում ես կիսամութի մեջ ուրվագծվող լեռներին ու մտածում. երանի նրանց, ովքեր իրենց մեջ երկրի ու հայրենիքի գաղափար են կրում, ոչ երանի նրանց, ովքեր իրենց մեջ երկրի ու հայրենիքի գաղափարը չեն կրում, բայց ապրում են այդ երկրի ու հայրենիքի մեջ` առանց ցավ ու հրճվանքի, առանց նվիրական իղձերի, իրենց անբողբոջ ու ամուլ հիշողությամբ…
Ես ինձ համար հայտնագործել եմ, մայրի՛կ, որ Հայոց աշխարհը Աստծու պարտեզն է. երբ մեղքը շատանում է երկրի վրա, և չար ուժերն սկսում են իրենց խրախճանքը, Աստված իր երկնքից իջնում ու մտահոգ շրջում է Հայոց լեռներում: Ինձ թվում է, թե ես տեսնում եմ նրան, քայլում նրա ոտնահետքերով և մեկ անգամ ևս Աստծու աչքերով ճանաչում իմ երկիրը` Հայոց սրբազան աշխարհը: Տերը շրջում է մեր լեռներում, ու մեր լեռները շնչավորվում, Աստծու լույսով զորեղանում և Աստծու շնչով օծվում են: Ու ես լսում եմ մեր լեռների համր զրույցը: Ամենաքաղցր երաժշտությունը, մայրի՛կ, Աստծու շնչով օծված լեռների քրիստոնյա լռության մեջ է հյուսվում. ունկնդրում ես այդ լռությունը և տեսնում Կոմիտասին, նրա ձայնն ես լսում, ու հոգիդ թևավորվում է Համո Սահյանի շնչով` «Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…»: Թեպետ մահը` թուրքի դեմքով, ամեն օր է մեր դիմաց, բայց մենք շան տեղ չենք դնում, որովհետև գիտենք` մահից չվախեցողը մի անգամ է մեռնում, վախեցողը՝ ամեն օր ու ամեն պահի:
Հայրս, մահից չվախեցող իմ հայրը… Ես ծնվեցի ու չտեսա նրան. արցախյան գոյամարտում իր գործն արդեն արել, հիշողության մատյաններում իր անունը ոսկե տառերով գրել, իր մի պուտ արյունը իմ երակում թողել ու Եռաբլուրում հավերժությամբ ծրարվել էր: Ես հայր չտեսա, և ունայնության սևաթույր թուխպը նստեց իմ անպաշտպան գլխին. երազներիս մեջ, ասես դատարկ հիշողության ընդերքից, հայրս ձիավորված գալիս էր դեպի ինձ ու չէր հասնում, անընդհատ գալիս ու չէր հասնում: Զարթնում ու կարոտից վառվում էի, սիրտս ցավից կսկծում էր, վերմակը քաշում էի գլխիս ու անճարությունից թաքուն լաց էի լինում: Դու իմ աճի վկան էիր ու տեսար` ես հորս զինակից ընկերների շրջապատում մեծացա, նրանք հորս մասին լեգենդներ էին պատմում, ես նրանց լսում ու այդ լեգենդների հյուսվածքներում առնականանում էի: Ի՜նչ վեհ զգացում է, մայրի՛կ, երբ տեսնում ես, թե հորդ անունը լսելիս մարդիկ ինչպիսի պատկառանքով են ոտքի կանգնում: Եվ դա արժանապատվությունից ծնված հիշողության զորությունն է, որ չգոյությունն անգամ գոյության լույսով է ցոլացնում: Թեպետ ծնողի չգոյությունը ես չեմ հասկանում. լինել-չլինելու խաբկանքն ընդամենը կերպափոխության հանելուկ է` աչքդ աչքին չի առնում, բայց նրա օրհնության ծիրում ես: Ես դա անգամ մկանի լարվածությամբ եմ զգում, մայրի՛կ. երբ հոգիս ինչ-որ բանից նեղվում է ու տղամարդկային զրույցի կարիք եմ զգում, հորս հետ զրուցում ու խաղաղվում եմ: Զրուցում եմ այնպես, ինչպես հիմա քեզ հետ եմ զրուցում. մի տարբերությամբ, որ զրուցելիս քեզ տեսնում եմ, հորս` պատկերացնում:
Բայց այդ խխունջված պատկերացումն իր մեջ ինձանից թաքուն գաղտնիք ուներ պահած, որ մի օր հայտնության հմայումով աչքառաջ էր ելնելու: Եվ եկավ այդ օրը. ժամանակը ճաք տվեց հասած նռան նման, հրաշքը բողբոջեց չգոյության հովտում, ու սրտիս փափագը իրականություն դարձավ. ես տեսա հորս…
Քառօրյա պատերազմի առաջին գիշերն էր, մայրի՛կ: Մի անհասկանալի, ծանրախոհ մի թմբիր էր մեզ պատել, որ գնալով ահագնանում ու մթության խորքից սևամաղձ շնչի արձագանքներ էր բերում: Ժամանակը մի տեսակ նյարդային ցնցումներով պրկվում էր, օդը սեղմվում էր անըմբռնելի թանձրացումով, ու հանկարծ… մթության քողն ասես յաթաղանի շեղբով պատռվեց, լեռները գունատվեցին գարշապիղծ հևքից, ցնորքի լեզվակը թրթռաց բարձունքների կատարներին, ու թուրքը դեմառաջ եկավ սև հեղեղի ավերիչ թափով: Մի պահ մենք մեզ տեսանք գեշ երազի մղձավանջում, սարսափի դողէրոցքը մեզ մի պահ շամփրեց ու անցավ: Հետո մենք էինք ու մեր լեռների ոգին. մենք` անկախության զավակներս, լեռների պես թև թևի տված կանգնեցինք: Եվ դողէրոցքի մարման հենց այդ պահին էլ հորս տեսա. երկնքից հանկարծ մի լուսափունջ իջավ, մեր և թուրքի արանքում օդն ի կախ անշարժացավ, ու ես լուսափնջի մեջ հորս տեսա: Պարզորոշ ու հստակ: Լույսի մեջ կանգնած՝ ինձ էր նայում, ասաց. «Չվախենաս, տղա՛ս, իմ արյունը էս շներին բավական է, հանկարծ չվախենաս, տղա՛ս, ես քո կողքին եմ»: Հետո` հայրս ինձ խորհրդատու հրամանատար էր, ու ես զինվոր, ես նշանառու էի, ու թուրքը՝ թիրախ… «Խփի՛,- ասաց հայրս,- առաջ էն սևամռութին խփի. գորշերի մեջ նա է ամենավտանգավոր գորշը: Հիմա խփի աջից մոտեցող գորշին. թող նրա կյանքն էլ իր հաշիշափառ մշուշներում մարի: Ընկերոջդ կողմը նայի,- ասաց,- թիկունքից մոտենում են…»: Ես շրջվեցի ընկերոջս կողմը, ու նույն պահին նրա թիկունքում ծլած թուրքի ճիչը կոկորդում մնաց: Հայրս հրամայում էր` ես խփում էի: Հայրս խաչակնքում էր` ես կրակում էի: Օր ու գիշեր ես ու հայրս թուրքի դեմ կռվում էինք: Բայց ես անասելի լարվածությանն ու անքնության տանջանքին չդիմացա, ու երրորդ գիշերը աչքս կպավ: Արթնացա հորս տաք շնչից, կռացավ, ճակատս պաչեց ու հրամայեց. «Վե՛ր կաց, զինվո՛ր, վե՛ր կաց, տղա՛ս, դեռ կռիվ ունենք տալու, մի քիչ էլ դիմացի, ցավդ տանեմ…»: Ու ինքը դարձյալ լուսափնջի մեջ էր, ժպտալով ինձ էր նայում:
Քառօրյա պատերազմը վերջացավ, մայրի՛կ, ու հայրս իր լուսափնջի միջից ասաց. «Ես Աստծուց թույլտվություն էի վերցրել, որ գայի ու քո դժվար պահին կողքիդ լինեի: Վտանգն արդեն անցել է, տղա՛ս, ես գնամ, Աստծուն չնեղացնենք: Ապրես, շատ ապրես, էս ծանր փորձությունից պատվով դուրս եկար, պինդ կաց, մա՛նչս, իմ արյունս, իմ հույսս, քեզ բարի ու խաղաղ ծառայություն»: Եվ լուսափունջը թրթռաց ու հորս նորից երկինք տարավ:
Հետո… հայրս գնաց, մայրի՛կ, ու ես փռվեցի խրամատի հատակին, ու հեկեկոցիս ողբաձայնը տարածքը բռնեց: Ընկերներս խառնվեցին իրար, կարծեցին՝ լարվածությանը չեմ դիմացել ու խելագարվել եմ. նրանք ի՞նչ իմանային, մայրի՛կ, որ ես հորս գտել ու դարձյալ կորցրել էի, ի՞նչ իմանային, որ հայրս իր երկնքից իջել ու իր հող ու ջրի և իմ երակում պղպջակվող իր մի պուտ արյան համար դարձյալ կռիվ էր տալիս…
Մահը սահման չի, մայրի՛կ, հոր և տղայի միջև մահը մոռացության սահման չի. խավարի յոթ շերտ զնդանից անգամ հիշողությունը կենդանության պատրանք է ստեղծում, որ մարդ լինելու խորհուրդը չփոշիանա, բայց ես ասում եմ, մայրի՛կ, տղայից տղամարդ դառնալու ճանապարհին հոր ներկայություն է պետք. թիկունքում թաքնվելու համար չէ` առջևից գնալու և իր քայլի հաստատուն լինելը թիկունքից նայող հոր աչքերով ճշտելու համար: Այդ աչքը ինձ համար խուփ մնաց, ու իմ քայլը երբեմն ինքն իր մեջ խճճվեց: Բայց դե, կյանք է ու խնջույքի բացված սեղան չէ. քչի մեջ անկուշտը, շատի մեջ իրեն է լափելու, որովհետև անկշտության սահմանը անսահմանությունն է: Հիշո՞ւմ ես, մայրի՛կ, ագահության մասին խոսք գնալիս պապս ամեն անգամ Ջիվանու խոսքն էր մեջբերում.
Իմ խղճուկ տնակս ինձ բավական է,
Քեզ լինի, բարեկա՛մ, պալատդ պետք չէ:
Մեր երազածը պալատ չի, մայրի՛կ, բայց արժանավայել ապրելու հնարավորությունը ես քեզ խոստանում եմ. փառք Աստծու, համալսարանական կրթություն եմ ստացել, մասնագիտությունս պահանջված է, կաշխատեմ, կապրենք: Չմտածես, մայրի՛կ, լավ ենք ապրելու: Գիտեմ` մեր ապրած կյանքում անարդար իրողություններ շատ կան, բայց կյանքը թաց ու չորից է հունցված, մայրի՛կ. երազանքներով չխաբվենք` ցանկության և իրականության տուտերը իրար չեն գա առանց ջանք ու եռանդի: Եվ հետո, անարդարության որոնումը թույլի ու անճարի մխիթարանք է. արդարությունը չեն որոնում, արդարությունը սեփական վարք ու ճակատագրով են կռում ու կոփում: Եվ այդ արդարությունը դառնում է երկիր, որից չեն հեռանում, որովհետև արդարությունն իր հետ համոզմունք կբերի, թե` սա է մեր երկիրը, օտար ջրերը մեզ ափ չեն հանի: Եվ մենք, մայրի՛կ, պարտադրված ենք կառուցելու մեր երազած երկիրը` բարիք ստեղծող գյուղացու ձեռքով ու սահման պահող զինվորի կամքով, փողկապավորի պետական մտածողությամբ ու արվեստագետի մտքի ճախրանքով, երեխա ծնող մայրերի խաղաղ ապահովությամբ ու նրանց ամուսինների վաստակած խոնջանքով, սրտով ու խղճով, ինքնանվիրումի խենթությամբ ու կարոտի թրթիռով, սիրով, մեծ սիրով… Ատելության ծառը պտուղ չի տա, մայրի՛կ, որովհետև Աստված սեր է ու ատելության ծառը չի ջրի: Իսկ դու ասում ես` աչքդ կուշտ է, բայց ո՞ր մի անկուշտն ասաց` վայելեցի. անկուշտը ուտում է, բայց չի վայելում: Եվ հետո` կյանքը անընդհատ վերելք չի, մայրի՛կ, անկուշտ հզորի վայրէջքը շատ ցավոտ է լինում: Նրանք թեպետ արտաքուստ երջանիկ են, բայց այլոց ցավի հանդեպ քարացած սրտերում իրենց կյանքի կուշտ աղետն է քամված, և իրենք դա չեն գիտակցում. խոտ ու ծաղկի անգիտակից հրճվանքի մեջ են, իսկ Աստծու քաղցր ժամանակը գալիս ու ականջների կողքով անհարցմունք անցնում է: Հանքերում թաղված թանկարժեք քարերի մետաղափայլերով հմայված` նրանք դիզելու անհագուրդ մոլուցքին են տրվել ու իրենց ճանապարհին մորեխի բնազդով աղում են ինչ պատահի: Կյանքը նրանց համար որովայնի խրախճանք ու մրցավազքի մղձավանջ է: Նրանք թեպետ քիչ չեն, բայց Մաշտոցի ու Նարեկացու երկիրը, անակնկալ փողատեր դարձած ու իրենց մարդ լինելը մոռացած այդ կուշտ ուղեղների վարքով չափակշռելը խելամիտ չէ. ափսոս, որ անորակ թխած հացի համար հացթուխին չեն հայհոյում, երկրի կարգերն են հայհոյում: Բայց մոլախոտը միշտ էլ եղել է, հուսանք, որ երկրի քաղհանող ձեռքը նրան կպոկի ընտրյալի համար հատկացված հողից: Եվ գորշ ու մութ արահետը լայն ու լուսավոր ճանապարհ կդառնա: Ես նրանց արահետի ճամփորդը չեմ ու նրանց չեմ նախանձում, մայրի՛կ, եթե ամեն ինչ դեռ կորած չի ու լինելիության ճշմարիտ ընկալումը իրենց մեջ դեռ արթուն է, թող իրենք ինձ նախանձեն, թող նախանձեն զորանոցում քնած իմ ընկերներին, ովքեր տագնապի առաջին հրահանգով մեկ մարդու պես ոտքի կկանգնեն ու առանց աչք թարթելու` թշնամու վրա կգնան: Իրենց բաժինը քամին է բերել, իմ բաժինը կբերի ժամանակը, իրենք դղյակ ու ամառանոց ունեն, ես` մի ամբողջ Հայաստան և ես տերն եմ իմ երկրի, սահմանագծի ամենաբարձր կետում հպարտ մենության մեջ կանգնել ու պաշտպանում եմ իմ երկիրը` իմ Հայաստան աշխարհը, հորս պաշտպանած Հայաստան աշխարհը, պապերիս երազած Հայաստան աշխարհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։