ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԿՏԱԿ

Ավաղ, ես ապրում եմ ժամանակներում,
երբ այս զառամյալ հողագնդի վրա ամեն ինչ
սկսել է վերջանալ.
ցամաքում են գետերն ու լճերը,
օվկիանոսները ծով են դառնում, իսկ ծովերը` ճահիճ,
անտառներն այրվում ու մոխրանում են չոր լուցկիների նման,
իսկ ահա արդեն լրջորեն խոսում են
նավթի ու գազի վերջանալու մասին…
Ավաղ, ինձ ոչինչ չի մնում ժառանգելու իմ հետնորդներին,
ոչինչ, կամ գրեթե ոչինչ, որ հնարավոր լինի վաճառել,
կամ դնել բանկում և խաղաղ ապրել տոկոսների հաշվին:
Թերևս, միակ քիչ թե շատ արժեքավորն այս
սմքող հողագունդն է,
որը պառաված ձիու նման հետզհետե դանդաղեցնում է
ընթացքը,
և հուսով եմ, որ շուտով տնքոցով կանգ կառնի
ընդհանրապես,
և հենց այդ պահին թեթևացած սրտով այն կժառանգեմ ձեզ`
որպես անշարժ գույք:

PR

-Թագավորը մերկ է,- լրագրողների բազմության առջև
հանդիսավորությամբ հայտարարեց երեխան,
ապա ավելացրեց.- փրչոտ է և սեքսուալ է սարսափելի…
-Այո,- ասաց թագավորի խոսնակը հպարտությամբ,-
մեր թագավորը ոչինչ չունի թաքցնելու
իր սիրելի ժողովրդից:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

– Հարկավոր է բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը,-
մտահոգ տեսքով հայտարարեց թագավորը
մի նախընտրական գեղեցիկ առավոտ: – Բյուջեն
ամբողջությամբ կուղղենք այդ նպատակին:
Եվ կարճ ժամանակամիջոցում
շեշտակիորեն կբարելավենք իրադրությունը
բոլոր մեծ ու փոքր բանտերում,
կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում,
և գերեզմանոցներում հատկապես:
Եվ մեր բազմաչարչար ժողովուրդը
վերջապես կուղղի իր մեջքը,
թեթևացած շունչ կքաշի ու կապրի մարդավայել` բոլոր մեծ ու փոքր բանտերում,
կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում
և գերեզմանոցներում հատկապես:

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ

«Ի՞նչ եմ ուզում դառնալ» թեմայով
դպրոցական շարադրության մեջ
ընդամենը մի տող. «Ուզեմ թե չուզեմ՝ թագավոր»
գրել էր թագավորի տղան:

ՇԱՆ ԿՅԱՆՔ
(վեպ)

«Իմ կյանքը» – հատ-հատ տառերով
գրեց վերնագիրը, տակը հաստ գիծ քաշեց,
ապա գլուխը դրեց
սեղանին,
ընկավ դառը խոհերի մեջ
ծեր շունը:

ՆԱՄԱԿԸ

Երևի տարիներ շարունակ այս պահին էր սպասել,
որովհետև պարզապես դուրս նետվեց գրքի հետ միասին,
որը հանեցի պահարանից ինչ-որ տող ստուգելու համար: Տարիներ
շարունակ սպասել էր գրքերի արանքում
և հիմա դեղնած տերևի
նման ճոճվելով հանդիսավոր իջավ հատակին:
Ամենևին պատահական չէ այս համեմատությունը,
որովհետև տասնամյակների հնությունից դեղնած ծրար էր,
որի վրա անմիջապես ճանաչեցի հորս գեղեցիկ ձեռագիրը,
իսկ ձախ կողմում Չոկանու Վալիխանովի հուշարձանի
նկարն է,
որը, թեև չգիտեմ ով է, բայց նույնպես դեղնել է հնությունից:
Հայրս վաղուց չկա;
Բայց երբ վերցրեցի նամակը, պարզորոշ զգացի,
թե ինչպես է տրոփում նրա սիրտը
այս դեղնած ծրարի ներսում:

ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Հերթեր վաղուց չկան այս քաղաքում, բացի այն խանութներից
ուր ճամպրուկներ են վաճառում: Հարգի են մեծերն ու տարողունակները, թեև միջիններն ու փոքրերն էլ չեն մնում առանց գնորդների: Կան ճամպրուկներ նույնիսկ նորածինների համար: Սիրահարները ժամադրավայր են գնում ճամպրուկներով, որոնց մեջ կա այն ամեն անհրաժեշտը, ինչը պարտադիր է լուրն առնելուն պես անմիջապես ճանապարհ ընկնելու համար: Շենքերն էլ են այստեղ ճամպրուկատեսք – իրար կողքի խառնիխուռն շարված, ինչպես կայարանի սպասասրահում: Խիստ մոդայիկ են համարվում ճամպրուկաձև հետույքով կանայք,
և տղամարդիկ` ուսերից մինչև
հետույքը ներառյալ: Հանգուցյալներին էլ են դնում դագաղաձև ճամպրուկների մեջ, բարի ճանապարհ են մաղթում և խնամքով ու զգուշորեն հողին են հանձնում ուղեբեռի պես, որոշ ժամանակ անց անխաթար ետ ստանալու ակնկալիքով:
Իսկ երեկոյան նստում են պատուհանների մոտ, ինչպես գնացքում կամ օդանավում, վարագույրի ճեղքից երազկոտ հայացքով նայում են
հեռու-հեռվում ուրվագծվող Մեծ ու Փոքր Ճամպրուկներին և ցավից նվում է նրանց հոգին, վաղուց կորսված
այդ թանկագին ուղեբեռների համար…

ՄԻ ՕՐ

Ծանր է գրպանահատների, մանր ու մեծ ավազակների և զանազան այլ ստահակների կյանքը շուկ.
հարաբերություններ թևակոխած երկրներում.
ունևորները շրջում են ավտոներով ու թիկնապահներով
և հնարավոր չէ
մոտենալ նրանց գրպաններին,
նրանց տները մտնելն էլ խիստ վտանգավոր է,
զինված թիկնազորն է հսկում ամենուրեք:
Իսկ մյուսների և՛ գրպաններն են դատարկ, և՛ տները…
Միակ ելքը ցույցերին ու միտինգներին մասնակցելն է, որոնք բարեբախտաբար շատացել են վերջին շրջանում և որոնք
սովորաբար ավարտվում են խանութների
ու կրպակների ավերումով:
Այստեղ էլ վտանգավորն այն է, որ պիտի
քար առողջություն ունենաս`
ժամերով անձրևի ու ձյան տակ, ցրտին ու տապին տնկվելու,
բոլորի հետ «Կորչի՜» և «Կեցցե՜» ամբողջ կոկորդով
գոռալու համար:
Բայց է՛լ սարսափելին Ճառերն են, որոնք պարտավոր ես լսել,
որոնք տևում են ժամեր, որոնք տևում են անվերջ,
և հուսահատությունից, դառնությունից ու տաղտուկից
մի օր սիրտդ կարող է մարել, մի օր սիրտդ կարող է պայթել,
մի օր կարող է մինչև հոգուդ խորքը զզված թքես ու հեռանաս
ավերից ու թալանից և մանավանդ պայքարից
քաղաքական:

ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Աստղեր չկան այս կղզու երկնքում, թեև, միգուցե կան,
սակայն ծանր մտքերի տակ կքած մարդիկ
գետնից չեն կտրում հայացքը` ինչ-որ բան գտնելու հույսով-
երկնքում ոչինչ չգտան իրենց հետաքրքրող…
Չկան նաև թռչուններ, թեև, միգուցե կան, որովհետև երբեմն
փետուրներ են թափվում վերևից և էլի ուրիշ բաներ, օրինակ ծերտ ու
անպարկեշտ հայհոյանքներ, որոնք առատորեն հղում են
երկինք համբարձվող հանգուցյալները` հողի վրա առտնին գործերով դեսուդեն վազվզող իրենց հարազատներին:
Հատուկենտ ինքնաթիռներ են անցնում թևերն անշտապ թափահարելով
և սուզանավեր, որոնք օդում են լողում ջրի բացակայության պատճառով:
Թեև, միգուցե կան ուրիշ պատճառներ, ասենք, հավերժական հաշտությունը գայլադեմ ոչխարների և ոչխարադեմ գայլերի,
երբ այլևս ոչինչ չկա իրարից թաքցնելու,
որովհետև այլևս
ոչինչ չկա…

ՊԱՏԺԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

Եվ հիմա արդեն, երբ կյանքս իր ավարտական
փուլն է թևակոխել, – լիակատար վստահությամբ
կարող եմ հավաստել, որ իմ նախորդ կյանքերում
զարհուրելի հանցանքներ եմ գործել, անարդար եմ
եղել և միգուցե նաև տմարդի…Այլապես, ինչո՞ւ է
Տերն ինձ համար այսքան ծանր պատիժ սահմանել –
ծնվել ու գոյություն քարշ տալ այս քար ու քռայի մեջ,
և այս մարդկանց ոհմակի մեջ,
որոնք հաստատ վերջին անգամ են
ծնվել այս հողի վրա, որովհետև նրանց համար
Տերը դժվար թե կարողանա նոր պատիժ հորինել՝
նոր երկիր ու նոր կյանք
սրանից առավել անտանելի:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սարսափելի է, երբ տրամադրությունդ փչանում է
պայծառ եղանակին,
գարնանային արևոտ մի օր, – քիչ հեռվում գետն է հոսում`
ալիքվող ու հարահոս աղյուսակը Մենդելեևի,
ափին` կիրակնօրյա հանգստի է դուրս եկել մեծ փիլիսոփայի
ընտանիքը վիթխարի` և հայրը հին հունական խստությամբ
զգուշացնում է երեխաներին.
–Ոչ մի դեպքում չհեռանալ բանականությունից անդին,
վտանգներով լեցուն է անիմանալին…
Սակայն երեխաները անհնազանդ դուրս եկան
և խախտեցին իրենց իմաստուն հայրիկի պատվիրանը
և եղավ այն, ինչն այլևս իմաստ չունի թաքցնել նույնիսկ երեխաներից.
Պիղատոսը լվաց ձեռքերն ու քաշվեց իր սենյակների խորքը,
դեսուդեն հնչեցին կրակոցներ,
և տրամադրությունս փչացավ վերջնականապես:

ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Ժողովուրդների բարեկամության մասին ամենաշատը
սկսում են խոսել պատերազմների նախօրեին և կամ
ազգամիջյան կոտորածների կարճատև ընդմիջումներին,
երբ երկուստեք հոգնում են սուր ճոճելուց
ու միմյանց թրատելուց,
ու ևս մի քիչ` կխեղդվեն արյան ծովերի մեջ, ահա թե ինչու
փորձում են ժամանակ շահել դիակները թաղելու,
արդյունաբերությունը զարգացնելու համար…
Բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն` կրթությունը
կատարելագործելու նպատակով: Նոր դպրոցներ կկառուցվեն` մեծ պատուհաններով և հարմարավետ նստարաններով, նոր եկեղեցիներ` ավերվածների տեղում:
Նոբելյան և զանազան այլ մրցանակներ կշնորհվեն
գրողներին` արդարություն, գութ ու կարեկցանք, խաղաղություն գովերգելու համար: Բայց ամենաշատը կշահեն երաժիշտներն ու երգիչները, ամենուրեք` փակ ու հատկապես բաց դահլիճներում
կհնչեն երգ ու երաժշտություն,
հնարավորին չափ բարձր և ուժգին`
խլացնելու աստիճան…Որպեսզի այդ համընդհանուր
աղմուկ-աղաղակի մեջ չլսվի
վիթխարի գործարաններում
արտադրվող նոր զենք ու զրահի թխկոց-չխկոցը…
P.S. Չմոռանամ նշել ամենավտանգավոր պահը.
դա այն ժամանակն է,
երբ տագնապալի խոսակցություն կծավալվի
ծխելու վտանգավորության մասին, այն մարդկանց
առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց
պատրաստվում են գլխովին կոտորել
ընդամենը մի քանի օր հետո:

ԳԻՇԵՐ

Ինչո՞ւ չեն վերցնում հեռախոսը: Այս ո՞ւմ բջջայինն էր
ամբողջ գիշեր անպատասխան ճռվողում պատուհանիս տակ:
Լռեց միայն առավոտյան: Իսկ պատահական
խոսակցությունից
տեղեկացա, որ իսկական սոխակ է հայտնվել
շենքից քիչ հեռու
ինքնաբերաբար աճած փոքրիկ պուրակում:
Իսկական, փոքրիկ սոխակ: Իսկական փոքրիկ պուրակում:
Եվ հավանաբար (ուրիշ էլ ի՞նչ), իր սիրո պատմությունն էր անում ձայնը գլուխը գցած: Ի՞նչ է ուզում մեզանից
այդ փետրավոր տականքը,- անթաքույց փնթփնթում էր
բնակիչներից մեկը, որի կինը, ըստ հավաստի տվյալների,
անթաքույց դավաճանում էր ամուսնուն ոչ առանց հիմնավոր
պատճառների: Շենքի ընդդիմադիր թևի ներկայացուցիչը
թռուցիկներ էր տարածում, հայտարարելով, որ այս կերպ
իշխանությունները փորձում են շեղել ժողովրդի ուշադրությունը
օրվա հրատապ խնդիրներից: Հնչեցին նաև կարծիքներ,
որ վերոհիշյալ թռչունը մեր երկիր է ուղարկվել
հավանական հակառակորդի կողմից,
որը ձգտում է զանազան
սիրային գեղգեղանքներով թուլացնել մեր բանակի
մարտական ոգին: Կրթության տեսչության ներկայացուցիչը
կտրականապես պահանջեց տեղական իշխանություններից` հեռացնել սոխակին կրթօջախներից պատշաճ
հեռավորության վրա, այլապես նրա սիրային երգերը
կարող են անդառնալիորեն աղավաղել մատաղ սերնդի
բարոյական նկարագիրը:
– Տո դու ո՞վ ես, որ մեզ բան ես սովորեցնում,-
սոխակի ուղղությամբ մոլեգնած գոռում էր մի կին,
որը մարմինը
վաճառքի էր հանել, հոգին վաճառելուց անմիջապես հետո:
– Բա դու ո՞վ ես,- հանգիստ պատասխանեց սոխակն ու
ապահով թաքնվեց թփերի մեջ, սպասելով իրիկվան, որ շարունակի իր սիրո պատմությունը` ձայնը գլուխը գցած:

ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ

Իր ամենօրյա զբոսանքից տուն վերադառնալիս
մեծ եղավ Դարվինի զայրույթը, երբ տեսավ,
որ իր սիրելի կապիկը որերորդ անգամ
տունը տակնուվրա է արել,
խառնել ու ավերել է ամեն ինչ.
-Դու ե՞րբ ես մարդ դառնալու,- հառաչեց
նշանավոր գիտնականն ու վերջնականապես
հուսահատված փլվեց պատառոտված բազկաթոռին:

ԳՅՈՒՂԸ

Անեկդոտի նման կարճ ու սրամիտ էր այս գյուղը,
ամանորի նախօրեին, երբ բոլորը եռուզեռի մեջ են.-
տոնական սեղաններ են պատրաստում, եփում ու թխում են
քրտնմխած, իսկ երբ ամեն ինչ ավարտի են հասցնում,
հագնում են տոնական շորերն ու շարվում են սեղանների շուրջ,
ու կարմրատակած դեմքերով նայում են ճղճղացող
էկրանին ու սպասում. –
մի՞թե ոչ ոք չի մեռնելու այս գիշեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։