ՉԽՈՍՏՈՎԱՆՎԱԾ ՍԵՐ / Վազգեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վազգեն  ԱՌԱՔԵԼՅԱՆԱղջնակը, որը ապրում էր մեր թաղում` շիկավարս էր, երկար մազերը` գարնան ջրվեժ, թեթևոտն ու նրբիրան, այտին փոսիկ,- մեր շրջապատում ամենագեղեցիկն էր: Անսահման բարի էր, ուշադիր բոլորի նկատմամբ: Հետը խոսելիս հայացքը խոնարհ էր, աչքերում ծփում էր երկնքի ջինջ մովը: Ոչ ոք,- մանավանդ պատանիներս,- անտարբեր չէր կարող անցնել նրա կողքից: Ծնողների հետ ապրում էր մեր տանից մի քանի տուն այն կողմ: Նրանց տան բակում խշշում էր մի բազկատարած ընկույզի ծառ, որի թևեր-ճյուղերը դուրս էին եկել ցանկապատից այն կողմ, իր պտուղները բաշխելով անցորդներին: Ունեին ծիրանի ծառեր, կեռասներ, թթենիներ և խաղողի հաստաբազուկ որթեր, որոնցից կուրծք-կուրծք կախվում էին խաղողի ճութերը: Հայրը խոհեմ ու լուրջ, ծանրաբարո մարդ էր, մայրը` գեղջկուհու տիպարով տիկին: Ծեր տատը` կորաքամակ, ամառ-ձմեռ շալը մեջքին կապած, տան դռան քարին նստած, ճաղերը ձեռքին: Թոռնուհին շատ էր նման տատին, նրա մանկության կրկնությունը:
Ինչպես ասացի՝ գեղեցիկ էր աղջնակը: Դպրոցը նոր էր ավարտել: Շուրջը պտտվում էին մոտիկ և հեռու թաղերի տղաները, բայց ինքը անտարբեր էր բոլորի նկատմամբ: Իրենից կրտսեր ուներ երկու եղբայր և մեկ քույր, որոնց էլ «հսկում» էր շարունակ, ամբողջ օրը նրանց հետ էր: Հետևում էր նրանց դասերին, ամեն ինչով օգնում հարազատներին:
Մենք մտերիմ էինք, մեր մեջ չկար ոչ մի զգացմունք, ոչ մի ներքին թաքուն համակրանք` մեկս-մեկի նկատմամբ, մանավանդ որ սովորել էինք նույն դպրոցում համ էլ, հարևաններ էինք, ամենօրյա դուռ-դրկիցներ: Հաճախ էր անցնում-դառնում մեր դռներով ընկերուհու հետ, որն էլ ուներ սև-խոշոր աչքեր, որոնց նայելիս հուզվում էի, չգիտեմ ինչո՞ւ, հետը խոսելիս թոթովում: Ես որ այդ հարցերում «ճարտար» էի և բոլոր պայմաններում «ջրից չոր էի դուրս գալիս», այդ սևուլիկի առաջ խեղճանում էի: Կարծեմ ինքն էլ անտարբեր չէր իմ նկատմամբ, բայց թե հետո ինչ եղավ, որ մեր հարևանի աղջնակը օր-օրի սկսեց խույս տալ այդ ընկերուհուց, պարզապես խզեց կապերը նրա հետ, ինձ համար մնաց անհայտ: Մեկ անգամ էլ խոսք բացեցի սևուլիկ ընկերուհու մասին, նա խույս տվեց, էլ չպնդեցի հարցս, զգացի որ տհաճ էր իր համար, որ ես հարցնում եմ ու հետաքրքրվում նրանով: Ի՞նչ էր կատարվել, նրանց միջով ի՞նչ սև կատու էր անցել,- այդ մասին ես հետո իմացա, հանկարծակի, տարիներ անց, երբ երեքս էլ արդեն ընտանիքավորվել էինք, երեխաներ ունեինք, հոգսի և պարտականության հաճելի «լծի տակ» էինք ամբողջովին: Հետագայում պատահականությունը շատ բաներ պարզեց ինձ համար:
Մեր թաղի ամենագեղեցիկը ամուսնացավ անակնկալ և գնաց մեր թաղից Ռուսաստան և երկար տարիներ լուր չունեի նրանից, իսկ ընկերուհու մասին առավել ևս, քանի որ ես էլ այդ թաղից տեղափոխվել էի արդեն` տուն, ընտանիք, հոգս ու երեխաներ, որոնց պտույտում մոռացվեցին շատ բաներ, անբացատրելիության աստիճան փոխվեց կյանքը:
…Անցել էր քսան տարուց ավելի, երբ իմ ազգականի աղջկա հարսանիքին էի հրավիրված: Քաղաքամերձ այդ ճոխ ռեստորանում, որտեղ կատարվում էր հարսանիքը, հավաքված էին ամեն խավի ներկայացուցիչներ: Հարսանիքը, երկկողմանի խնամիները, նրանց բարեկամներն ու հարազատները, երգն ու պարը, նվագը, թամադայի հմուտ ղեկավարումը,- ստեղծել էր մի անհոգ ու թեթև միջավայր, ուր կարող էիր մոռանալ առօրյա հոգսերդ ու մտորումներդ քեզ տալով` կոնյակի, օղու և այլ խմիչքների արբունքին: Մի խոսքով՝ մարդիկ ուրախանում էին լիաբուռն: Կյանքի հոգսը ժամանակավոր իր տեղը զիջել էր խինդին ու ուրախությանը:
Ես հարսանիք էի եկել մենակ, կինս բացակայում էր քաղաքից, իսկ ազգականիս չէի կարող մերժել, քանի որ շատ էինք մտերիմ, և նա խիստ էր կարևորում իմ ներկայությունը խնամիների միջավայրում: Չկարողացա մերժել, և այդ օրս «պարպեցի» այդ լուսավոր դահլիճում: Ես, որ ի ծնե լռակյաց եմ և խոսելու մեջ ժլատ, չցուցադրվող, բնավորությամբ էլ մարդախույզ ու անհետաքրքիր, այդ օրն էլ ինձ գտա մենակ և իմ միակ առավելությունն այն էր, որ բաժակից կում-կում ըմպում էի արևահամ կոնյակը և ուսումնասիրում լռելյայն շուրջս նստած մարդկանց, մտքով գուշակում նրանց բնավորությունները, պաշտոնները, ընտանեկան վիճակը և այլ մանրամասներ, հորինում պատմություններ, որոնք հետագայում տեղավորեի իմ ստեղծագործությունների մեջ: Գուշակելը, պայծառատեսությունը հատուկ է արվեստի աշխարհի ներկայացուցիչներին, իսկ այն ինձ մոտ, ասես «կայծակնային» էր, երևակայական իր մոտեցումներում ավելի ճշմարտանման: Ինչևէ, ռեստորանում նստած եմ ընկերոջս կողքին և իմ դիմացը` խնամին ու իր ազգականներն էին` կանայք ու այրեր` խառնիխուռն, մեջտեղում՝ պարասրահը, անկյունում՝ նվագախումբը, մի խոսքով` ամեն ինչով հարսանիք, իր փեսայով, հարսով, ընկերներով ու մտերիմներով շրջապատված ամբողջություն:
Արդեն բավականին ժամանակ նստած էինք, խմվել էին բազմաթիվ կենացներ, ուտեստեղեն «բլուդներ» թարմացվել, իսկ գիշերը աննկատ առաջանում էր: Կոնյակի ումպ-ումպ վայելելը բերում էր հաճելի թմրություն և երազելու «մղում» քեզ ինքնաբերաբար, փռելով մտքիդ առաջ փափուկ հովիտներ, անրջաբեր տարածքներ: Մեր դիմաց, սեղանին մոտ, նստած էին այր ու կին՝ իրենց մտերիմներով: Հաճախակի հայացքս «բռնվում» էր այդ զույգի վրա և իմ գուշակման «կոդը» սկսում էր աշխատել: Ամուսինը քիչ հասակավոր, ճաղատ, հագնված էր անթերի ճաշակով, կինը` բարալիկ, նուրբ շրթունքներով, սև խոշոր աչքերով… բայց սպասի՛ր-սպասի՛ր, այս աչքերը որտե՞ղ եմ տեսել, միտքս չի գալիս, անգամ խմած կոնյակը չի լուսավորում իմ հիշողության խորշերը, ծածուկ-թաքուցյալ անկյունները, ուր մոռացության վարագույրներ կան իջեցված: Ես գուշակ-պայծառատեսս անկարող էի գտնելու թելի ծայրը, որի թիկունքում տարիների կծիկն էր թաքնված: Տիկինն էլ անուշադիր չէր իմ նկատմամբ, երբեմն նայվածքը երկար էր սևեռվում իմ կողմը և «հանգչում» անորոշ վրաս, շուրթերին մի մտերմիկ-աննշմար հարցական ժպիտ, իսկ աչքերը, աչքերը խոսում էին…
Հնչեց Շտրաուսի չքնաղ վալսը: Եվ սրահը լցվեց կախարդական մեղեդիներով, սահուն ու թեթև զույգերով: Հոգնել էի և քիչ էլ գինով, ուզեցի դուրս գալ սրահից և բակում թարմանալ: Դուրս եկա և բակի դռան մոտ հանդիպեցի տիկնոջը, որն էլ ժպտում էր ինձ հին ծանոթի նման: Ես անակնկալի եկա: Նա ընդհուպ մոտեցավ ինձ.
– Բարև ձեզ, ինձ չեք հիշում, չեք հիշում ձեր փողոցի այն գեղեցկուհուն, որի ընկերուհին էի և շատ էի գալիս նրանց տուն, և մենք հաճախակի ենք հանդիպել իրար:
Հոգուս միջով անցավ հուշերի մի երամ և աչքիս առաջ գծագրվեց մեր թաղը, մեջք-մեջքի հենված իր ցածլիկ տներով, այն շիկավարս աղջիկը, իրենց բակը, մայիսյան խնդությունից «լացող թթենին», ցանկապատին հենված ծաղկած յասամանի զանգակները և իր… ընկերուհին, որ այժմ իմ դիմաց էր կանգնած, աչքերում մի թախծոտ տրտմություն, մի անմեղ հարցմունք:
– Դուք այն ժամանակ ինձ չէիք նկատում, չէիք հասկանում, որ ձեզ համար էի գալիս ձեր թաղը` ընկերուհուս ի տես, սակայն նա ինձ հիասթափեցրեց և կտրուկ, առանց պատճառի, ինձ հետ խզեց իր կապերը, երբ նրան խոստովանեցի քո նկատմամբ իմ համակրանքի մասին: Նա հոնքերը խոժոռեց, ապա հատ-հատ արտասանեց, որ ես իզուր հույսեր եմ փայփայում, քանզի այդ տղան սիրած աղջիկ ունի և խնդրեց` էլ չայցելել իրեն, ծնողների համար հաճելի չէ իմ ներկայությունը իրենց տանը: Ես վիրավորված հեռացա ընկերուհուցս, բայց չմոռացա ձեզ, մտածելով, որ գուցե ինքն է ձեզ սիրում և ինչպես ասում են՝ ինձ «պաղեցնում» է… Վերջը, երբ հետագայում իմացա, որ նա ամուսնացել է ուրիշի հետ և գնացել օտար երկիր, ապշանքի մեջ էի, իսկ եթե քեզ չէր սիրում, ինչո՞ւ էր ինձ հեռացնում: Այս ամենը մութ մնաց ինձ համար մինչև այսօր: Երբ ձեզ հարսանիքում տեսա, առաջին պահից ճանաչեցի: Որքա՜ն տարիներ են անցել: Հիմա բոլորս էլ ընտանիք ունենք, երեխաներ, բայց պատանի տարիների հիշողությունները, առաջին սիրո հմայքները մեզ ուղեկցում են շարունակ, ապրեցնում անցյալի ձայներով:
Ես լուռ էի, չգիտեի ինչպես բացատրել նրան, որ իմ մտերմությունը իր ընկերուհու հետ (մեր հարևանի աղջկա) «հարևանային» էր, ընկերային, որպես թաղեցիներ, մեր մեջ ոչ մի կապ չկար, զգացմունքային բնույթ չէր կրում: Սակայն այդ պահին ամուսինը եկավ, տիկինը միացավ նրան հեռացան: Ամուսնուն ինձ հետ չծանոթացրեց, ավելի ճիշտ՝ խույս տվեց: Չհասցրի նրան ասել, որ ես իր ընկերուհուն չեմ սիրել, համակրել եմ միայն իրեն, իր սև-խոշոր աչքերը հաճախակի հիշել մենավորության և տխրության պահերիս թե գարնան գիշերներին, ամառվա ծաղկածուփ օրերին թե աշնան ու ձմռան ալևորվող տարիներին՝ պատանի օրերում շնչած յասամանի բուրմունքի պես:
Տիկնոջ հետ հանդիպումը ինձ համար եղավ այն գաղտնիքի բացահայտումը, որն էլ հանկարծ իմ գուշակման բնածին ինտուիցիայի մի պահի սկսեց «աշխատել», շողաց կայծակի պես գտած պատճառը` «մեր հարևանի աղջիկը գուցե սիրել է ինձ, ամաչել է խոստովանել», որի հետևանքով էլ հյուսվել է այս պատմությունը: Պատմություն, որի արմատները կորած են հեռուներում` անհայտության մեջ` կարոտի՛, ցավի՛, սպասմա՛ն անուրջների հողերում:
Երբ վերադարձա հարսանյաց սրահ, տիկինն ու այրը չկային, հեռացել էին վաղ: Չգիտեմ ինչու հոգուս մեջ նվում էր մի հին կարոտ, մի ծեր հուշ, և՛ ափսոսանքի, և՛ ցավոտ խնդության ալիքներ: Որպեսզի այդ բոլորը մոռանայի, ես ինձ ամբողջովին տվի «բաժակին» և միացա ընկերոջս դստեր հանդիսությանը: Ընկերս զարմացած ինձ էր նայում, իմ նախկին լռակյացությունը և այժմյան բռնկուն ակտիվությունը չէր կարող ըմբռնել: Նա չէր կարող հասկանալ, թե ինչ էր կատարվում իմ ներսում, ինչ փլուզումներ ու ալեկոծումներ էին ուղեկցում ինձ: Դրսում գարնան գիշերն էր խշշում և կյանքը թվում էր էլի գեղեցիկ ու թովչալի, պատանության «վրնջուն» տարիների պես, այրության հոգսերով լեցուն, ծերության անսպասելի հետևանքներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։