ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրող, գրականագետ, գրական-մշակութային գործիչ
ԱԼԲԵՐՏ ՕՀԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Բեղմնավոր ու արդյունավետ կենսագրություն
Մարդիկ կան, որոնց գոյությունն ու գործունեությունը, մանավանդ հայրենիքից հեռու, թվում է բնական ու օրինաչափ: Կարծես հենց այդպես էլ պիտի լինի՝ հայ գրականության որևէ մեծի հոբելյա՞նը պիտի նշվի, գրական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառո՞ւմ կազմակերպվի, փոխադարձ թարգմանական կամ գիտական գրքեր տպագրվեն թե պարզապես գրական առօրյա բազմաբղետ հարցեր ու խնդիրներ կարգավորվեն, Մոսկվայում կա մի անուն, ում առաջինը հիշում և ում առանց վարանելու դիմում են բոլորը՝ Գրողների միության ղեկավարությունից մինչև ամեն մի գրող, մշակույթի գործիչ կամ սիրահար՝ Ալբերտ Օհանյանը: Այս անունը այնքան հեռուներից է գալիս (անցյալ դարի, քիչ մնաց ասեի՝ մեր թվարկությունից առաջ, 60-70-ական թվականներից), որ, թվում է, եղել ու լինելու է միշտ, որևէ հաստաբուն ծառի կամ ժայռի նման մի բան: Այնքան բնական, որ շատ անգամ նույնիսկ չես էլ անդրադառնում, թե որքա՜ն ջանք ու աշխատանք, քանի՜- քանի տքնաջան ժամեր, օրեր ու տարիներ են պետք նման անուն ու համարում ձեռք բերելու համար: Բավական է նշել, որ Ալբերտ Օհանյանի տարբեր ժանրի ստեղծագործությունները ծննդավայր Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում և արտերկրներում տպագրվում են սկսած 1960-ական թվականներից: Նա հեղինակ է Ռուսաստանի և ԱՊՀ ազգային գրականությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական մի շարք ուսումնասիրությունների, ռուսական հանրագիտարանում զետեղված հոդվածների: 1970-1991 թթ. Հայաստանի գրողների միության երաշխավորությամբ Ա.Օհանյանը եղել է հայ գրականության մասնագետ-գրախոսը մոսկովյան «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում և մեծապես նպաստել հայ գրողների երկերի ռուսերեն հրատարակմանը: Երկար տարիներ՝ 1975-1991 թթ., որպես ԽՍՀՄ ՎԱԿ-ի (ԲՈՀ) հումանիտար գիտությունների բաժնի փորձագետ, իր զեկուցումներով և գրախոսականներով նա նպաստել է հայ բանասիրական կադրերի պատրաստմանը, թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների հաստատմանը:
Ալբերտ Օհանյանի հայանպաստ գործունեությունը շարունակվել է Հայաստանի անկախացումից հետո, Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին ևս: Նաև նրա կազմակերպչական ջանքերով է, որ ռուս կամ այլազգի շատ գրողներ ու լրագրողներ մեկնել են Ստեփանակերտ, Ռուսաստանյան ու արտերկրի մամուլում տպագրվել են ճշմարտապատում նյութեր Ղարաբաղյան պատերազմի մասին:
Պատահական չէ, որ գրական, մշակութային, հասարակական բեղմնավոր և արդյունավետ գործունեության համար նա արժանացել է Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Հարենիքը ևս բարձր է գնահատել նրա բազմամյա վաստակը՝ օրերս նրան պարգևատրելով ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Ալբերտ Օհանյանը այսօր ևս լի է կենսական ու ստեղծագործական եռանդով, նույն ոգևորությամբ, երբեմն անվարձահատույց պատասխանատու պաշտոններ է վարում ռուսաստանյան մի շարք գրական կազմակերպություններում, և համոզված եմ, որ իր այդ անմարելի էներգիան նա դեռ երկար տարիներ կծառայեցնի հայ գրականության և գիտության քարոզչությանը մեր երկրի սահմաններից դուրս, հայ, ռուս և նախկին խորհրդային այլ ժողովուրդների միջև գրական-մշակութային կապերի ամրապնդմանը:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ