ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող արձակագիր ու թատերագիր Խորեն Արամունին ընթերցողին է ներկայացրել «Ձնհալ» վեպը, որը կարող է վերագրվել Ցեղասպանության արտացոլման թեմային, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի անդրադարձումներին: Մի թեմա, որը հատկապես վերջին շրջանում շատերին է պարտադրել պատմական իրականության գեղարվեստական կերպարը որոնել ու հաստատել նոր պատումների և դրանց համահունչ ու համարժեք գեղարվեստական-արտահայտչական սկզբունքների և դրսևորումների մեջ: Որքան հեռանում ենք 1915-ի ողբերգական իրադարձություններից, որքան մեղմվում է ցավը, այնքան մեծանում է անհրաժեշտությունը մղվել դեպի պատմական իրադարձությունների հոգեբանական բացատրություններն ու մեկնաբանությունները, մարդկային ճակատագրերի մեջ տեսնել ու արժևորել մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը:
Բազմաժանր և բեղմնավոր է որպես գրող Խորեն Արամունին, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ, որն ստեղծագործում է էպիկական սեռի գրեթե բոլոր ժանրերում, իր ուշագրավ փորձերն անում թատերգության մեջ՝ իբրև գլխավոր ուղղություն ունենալով ավանդական դրամայի սկզբունքը: Գրական հանրության կողմից հատկապես բուռն ընդունելության արժանացավ գրողի «Խաշաթաղ» վեպը, որն իր կոմպոզիցիայի առանձնաձևայնությամբ, շարադրանքի արտասովորությամբ ուշագրավ իրողություն է արդի վեպի ճանապարհին: Երգիծական վեպն աստիճանաբար բացահայտում է իր ներքին շերտերը, դրամատիկական ուշագրավ լիցքերը և վերածվում թախծոտ ու տխուր երգիծանքի՝ առաջնային դարձնելով ողբերգական ֆարսը:
Միանգամայն նոր գրական-գեղարվեստական իրողություն է «Ձնհալ»-ը, որի նմանը չի եղել մեր ազգային գրականության մեջ: Այս բացառիկությունն առաջին հերթին վերաբերում է վեպի կառուցվածքին, այն ուշագրավ հնարանքին, որն իբրև կառուցվածքի ձև ու սկզբունք է ընտրել գրողը: Խորեն Արամունին հրաժարվել է վիպական արձակի համար բնորոշ ու պարտադիր նկարագրականությունից, հեղինակի «ներկայությունից» և վեպը կառուցել երկխոսությունների վրա՝ դրանց միջոցով ձևավորելով դիպաշարային ընթացքն ու պատումնային ամբողջականությունը: Երկխոսությունը, իբրև հերոսների փոխհարաբերությունների և ինքնարտահայտման ձև ու միջոց, բնորոշ է դրամային, որտեղ գործող անձի կողմից ներկայի մեջ արտասանվող խոսքն ընկալվում է որպես կառուցվածքային միավոր: Նկարագրությունները, խոհն ու հուշը ներկայացվում են ոչ թե հեղինակային միջնորդավորմամբ, այլ հենց գործող անձի կողմից: Արամունին այս վեպում ևս դիմել է այդ ձևին, սակայն բացառել դրամայի համար չափազանց կարևոր ու անհրաժեշտ հեղինակային միջնորդությունը՝ ռեմարկը, գործողություններն անգամ վերապահելով երկխոսություններին: Ուրեմն, բարդ խնդիր է դրել իր առջև գրողը և հասել այդ խնդրի ուշագրավ լուծմանը և արձանագրել գեղարվեստական մի նոր իրողության ծնունդ մեր գրականության մեջ:
Խորեն Արամունուն հաջողվել է վեպի համար բնորոշ մենախոսական հարթությունների կողքին կառուցել երկխոսություն-գործողությունների ինքնահատուկ հարթություններ, որոնք էլ Դոստոևսկու պոլիֆոնիկ վեպի տեսությունը դնում են միանգամայն նոր ելակետերի շրջանակների մեջ, ձևը դարձնել որպես բովանդակության մատուցման նպատակային միջոց և հնարանք: Արամունին հրաժարվել է 20-րդ դարի վիպական գրականության համար դիմորոշ դարձած պատրանք-իրականություն անցումախաղայնությունից, ինչին նաև կարող ենք կաֆկայական կոմպոզիցիա բնութագիրը տալ և վիպական կոմպոզիցիան ամբողջապես հենել «դեկորացիաների» փոփոխության սկզբունքի վրա՝ առավելապես մղվելով դեպի հերոսների ներաշխարհների բացահայտումները, հոգեբանական խնդիրների արծարծումները:
«Ձնհալը» վեպի գործողությունները կատարվում են մեր օրերում՝ Թուրքիայում, Վրաստանում, Հայաստանում և ԱՄՆ-ում: Ցեղասպանությունը նկարագրող որևէ դրվագ ու հիշողություն չկա, չկան արյունալի տեսարանների նկարագրություններ, սակայն վեպի «գլխավոր հերոսը» Ցեղասպանությունն է, որովհետև նա է ծնել հոգեբանական կոնֆլիկտները, նա է դարձել գործող անձերի միջև ձևավորված հակամարտությունների շարժառիթն ու պատճառը, խոչընդոտներ ծնողը: Ցեղասպանությունից հետո փրկվածները, որոնք մնացին Թուրքիայում, իրենց գոյությունն ապահովելու համար ստիպված եղան թրքանալ, դառնալ մուսուլման: Եվ այսօր Թուրքիայում քիչ չեն մահմեդականացած հայերը, որոնցից ոմանք արդեն վերադառնում են իրենց ակունքներին, բացահայտում են իրենց մեջ նստած հային, ջանքեր են գործադրում դարձ ապրելու դեպի քրիստոնեություն: Խորեն Արամունու վեպի առանցքում այս խնդիրն է, դարձի գաղափարն է, որի առանցքում հայտնվում է Սուսան-Սյուզին, թուրք հորից և հայությունը պարտակած մորից սերված աղջիկը, որն ապրել է հայերի հանդեպ ձևավորված ատելությամբ՝ հպարտանալով իր թուրքական ծագմամբ, իր մահմեդականությամբ: Մայրն իր համար միշտ Գյոզալ է եղել և թրքուհի, շրջապատում թուրքականությունն է եղել իշխողը: Ու հանկարծ Սուսան-Սյուզին հանդիպում է հայ զբոսաշրջիկների և հայ վարդապետի, որոնք էլ առիթ են դառնում բացահայտելու մոր մեծագույն գաղտնիքը, Գեղուհու փոխակերպումը Գյոզալի: Հոգեկան մեծ կորով և ուժ էր պետք Սյուզիին՝ չկոտրվելու, չընկնելու, չհրաժարվելու մորից, ով աշխարհում իր միակ հարազատն էր: Գերագույն ճիգեր գործադրելով՝ նա համակերպվում է մոր հայ լինելու իրողությանը, սակայն մահվան համազոր էր այն գիտակցումը, որ ինքը կիսով չափ հայ էր, որ պատկանում էր մի ժողովրդի, որի հանդեպ միշտ ատելություն է եղել: Առավել ծանր էր գիտակցելը, որ իրեն հանդիպած վարդապետը գրեթե մորեղբայրն էր… Գրողը չբավարարվելով այս հայտնությամբ, Սուսան-Սյուզիին տանում է ԱՄՆ, որտեղ նա սիրահարվում է հայ տղայի, ում ընտանիքի համար ևս անընդունելի էր թուրքի ներկայությունն իրենց միջավայրում, քանզի ողջ էր Կարենի մեծ մայրը, ով Ցեղասպանության հիշողություններով ապրող ծնողների զավակ էր, ապրելով ԽՍՀՄ-ում՝ հայտնվել էր Ալթայի երկրամասում, ապա եկել Միացյալ Նահանգներ՝ հեռանալու ծանր հիշողություններից…
Իրադարձությունների և դրանց հոգեբանական շերտերի ու ներքնաշերտերի բացահայտումներն են դարձել Խ. Արամունու հետազոտման նյութը, ուստի գրողի ստեղծած երկխոսություններն ու մենախոսությունները հուզական մեծ լիցքեր են պարունակում իրենց մեջ, այդ ամենի շնորհիվ ամբողջացնում կերպարները, որոնցից յուրաքանչյուրն ավարտուն է, գեղարվեստորեն ամբողջական: Դժվար է գործող անձի «խոսքային դրսևորումներով» ստեղծել նրա կերպարը, առանձնացնել կերպարային բնութագրիչները: Սակայն Արամունու հաջողությունն առաջին հերթին սա է, կերպարային-բնութագրական խոսքային երանգների միջոցով հասնել կերպարի ձևավորմանը, նրա բնութագրի առանձնակիությանը: Վեպում ամենաամբողջականն ու բարդը Սուսան-Սյուզիի կերպարն է, նա ենթարկվում է հոգեբանական փլուզումների, ապրում հուզական պոռթկումներ և տարուբերումներ, մերթ տատամսում ու երկնչում, մերթ դառնում համառ ու վճռական: Սուսան-Գյոզալ, Սուսան-Վարդապետ, Սուսան-Կարեն հարաբերություններն են նպաստում կերպարի բոլոր շերտերի յուրովի մատուցմանը, այն հոգեբանական կերպարանափոխությանը, որը դառնում է կերպարի գերխնդիրը, ամեն ինչ ենթարկում իրեն: Հենց կերպարանափոխումն էլ ինքնատիպ ընթացք է հաղորդում կերպարի էվոլյուցիային, գրական կերպարը դիտարկում հուզական և հոգեբանական բազմազանությունների և հակադրությունների մեջ: Սուսանն ապրում է բոլորի մեջ, սակայն միայնակ է, զատված բոլորից, որովհետև նա դեռ չի կարողանում պարզել իր ինքնությունը, գտնել ճակատագրական այն հարցի պատասխանը, թե ով է ինքը, ի վերջո ո՞ր ազգության ներկայացուցիչն է: Ի վերջո տեղի է ունենում այն «ձնհալը», որի հայտնությունը որքան անսպասելի, նույնքան էլ տրամաբանական է: Այս յուրատեսակ «ձնհալն» ապրում են նաև Կարենը, նրա հայրն ու մեծ մայրը, որոնք աստիճանաբար սկսում են հասկանալ Սուսան-Սյուզիին, թափանցել այն մեծ ողբերգության մեջ, որը Սուսանինը լինելով՝ շատերինն է: Գործող անձանց Սուսանի հանդեպ դիրքավորելիս, Խորեն Արամունին առանձնացնում է Կարենին, նոր սերնդի ներկայացուցչին, որը Սուսանին նայում է ոչ թե ազգային պատկանելության, այլ՝ սիրո հայացքով, կարծես պատրաստ հաշտվել այն մտքի հետ, որ իր սիրած աղջիկը թրքուհի է: Սա էլ յուրատեսակ հաշտեցում է, որովհետև նոր սերունդը չի ցանկանում ընկալել պատմական ողբերգությունը, հայ-թուրք հակամարտությունը: Սա անցյալի հիշատակների ժխտումը չէ, այլ՝ մի նոր իրավիճակի հաստատում, երբ անցյալի արժևորումը չջնջելով երբեք՝ պիտի գալ դեպի ժամանակի հայեցակարգերը, բարոյական այն հաշտեցումը, առանց որի աշխարհը կվերածվի աններդաշնակ խճողվածքի: Ահա այստեղ է գրողի քաղաքական հայացքը, որը երբեք ճակատային դրսևորում չի ստանում, այլ յուրովի անդրադարձվում է հերոսների համոզմունքներում՝ առանց գաղափարաբանական շեշտավորումների:
Որքան էլ իր կառուցվածքով, վիպական կոմպոզիցիայի ինքնատիպությամբ Խորեն Արամունու «Ձնհալ» վեպը նորություն է մեր գրականության մեջ, այնուհանդերձ, կերպարաստեղծման ընթացքում գրողը հավատարիմ է մնացել վիպական-դրամատիկական կերպարների ստեղծման ավանդական միտումներին՝ մղվելով դեպի հոգեբանական արձակը, այդ արձակին բնորոշ կերպարակառուցման ավանդույթը: Կերպարների «ավանդական կոնստրուկցիան» օգնում-նպաստում է հերոսների հոգեբանական բնութագրերի ամբողջացումներին, իրականություն-հոգեվիճակ համադրումներին, որոնք գրողի ուրույն ձեռքբերումն ու հաջողությունն են: Այս առումով պետք է առանձնացնել Գյոզալ-Գեղուհուն, իր ողջ կյանքում հայության ճիչն իր մեջ խեղդած կնոջը, որը միշտ էլ հարմար առիթ է փնտրել իր մենիկ աղջկան ճշմարտությունը ներկայացնելու համար: Գրողը հետաքրքիր է ներկայացնում Գյոզալի ապրումներն ու տառապանքը, այն մեծ ցավը, որի մեջ շուլալված ապրել է՝ վախենալով բացահայտել իր ինքնությունը: Եթե Կարենի մեծ մոր համար հայ լինելը հպարտություն է, անգամ՝ երջանկություն, ապա Գյոզալի համար տառապանք է եղել, ցավ ու վիշտ, բայց ոչ երբեք խարան, որովհետև ապրելով ատելության մեջ՝ իր էության մեջ չի դավաճանել իր արյանն ու իր հոգու հայրենիքին, իր լեզվին: Կարենի, նրա հոր, Հայաստանում և ԱՄՆ-ում ապրող հայերի համար անհասկանալի է մահմեդականացած հայ «ֆենոմենը», անհասկանալի են այն ապրումները, որոնք տանջում են Սուսանին, որն այս դեպքում հայության մի ողջ հատվածի խորհրդանիշն է դառնում, կերպար-բողոք և կերպար-ընդվզում: Սակայն գրողն աստիճանաբար գտնում է հաշտեցման ճանապարհը՝ ներկայացնելով այն մեծ ողբերգությունը, որը բաժին էր հասել Գյոզալին և մյուսներին: Վեպի առաջին մասը պայմանականորեն կարող ենք «Գյոզալ» կոչել, որովհետև այստեղ գրողի խնդիրն է եղել առաջնային դարձնել հենց Գյոզալ-Գեղուհու ճակատագիրը, նրան դարձնել բոլոր մահմեդականացած հայերի հավաքականությունն ու խորհրդանիշը:
Խորեն Արամունու «Ձնհալ» վեպը թեմայի ուշագրավությամբ և առանձնակիությամբ ևս մեր գրականության մեջ եզակիներից մեկն է, հետևաբար այն գեղարվեստական հիմնավոր արժեք ներկայացնելուց զատ, շոշափում է արդիական և բարդագույն մի խնդիր, որը հետայսու կապակցվելու է Ցեղասպանության պատմությանն ու իրականությանը: