Օրերս վերագործարկվեց ՀԳՄ պաշտոնական կայքը: 2005 թվականին հիմնվելուց հետո, տարբեր հանգամանքների բերումով, այն գրեթե մեկ տասնամյակ չէր թարմացվել ու նորացվել, ինչը որոշակի բացեր էր առաջացրել ՀԳՄ գործունեությունը ժամանակին ու բազմակողմանիորեն գրական հանրությանը ներկայացնելու գործում: Ուրախալի է, որ այն դարձյալ իր դռներն է բացում գրասեր հասարակության առջև Հայաստանի գրողների միության 80-ամյակի հոբելյանական այս օրերին՝ ներկայանալով ոչ միայն նոր բովանդակությամբ, այլև նոր ձևավորմամբ, նյութերի մատուցման եղանակների բազմազանությամբ:
ՀԳՄ կայքից օգտվողները նրա էջերում կգտնեն ոչ միայն Գրողների միության պատմությանն ու օրենսդրությանը, կառուցվածքին ու գործունեության սկզբունքներին, այլև այսօրվա աշխատանքային հևքին՝ կայացվող որոշումներին, կազմակերպվող միջոցառումներին, գրական կապերին, հանդիպումներին, քննարկումներին վերաբերող բազմակողմանի նյութեր: Կծանոթանան ՀԳՄ անդամների վերաբերյալ նորացված տեղեկատվությանը, տարվա գլխավոր իրադարձություններին, գրական-մշակութային ընթացիկ կարևոր երևույթներին, կհետևեն օրվա նորությունների լրահոսին: Որոշակի հետաքրքրություն կներկայացնեն «Հրապարակումներ», «Հայտարարություններ», «Գրական արխիվ», «Զրույցներ, հարցազրույցներ» և այլ բաժինները:
«Վազող տողը» կտեղեկացնի հաջորդ շաբաթվա կարևոր միջոցառումների մասին: Կայքում իր մշտական տեղը կունենա «Բանավեճի ակումբի» տեսագրված տարբերակը, իսկ այլ միջոցառումների տեսագրությունները տեղ կգտնեն «Տեսադարան» բաժնում: