Երախտիքի խոսք

 Երախտիքի խոսքԱրցախյան գոյամարտին ու նրա անմեռ հերոսներին նվիրված բազմաթիվ հատորներ են գրվել, որոնց մեջ՝ նաև լրագրող Ռուբեն Գրիգորյանի «Նամակ Եռաբլուրից» մինի պոեմ-չափածոն (հեղինակն այսպես է բնորոշել իր ստեղծագործությունը):
Գիրքը Դուշմանի (Վարդան Ստեփանյան) հետմահու զրույցն է մոր` տիկին Զարուհու հետ և կոչ-հրահանգ մեզ` ապրողներիս, որ մեր սրբությունները պինդ պահենք ու անկատար չթողնենք Եռաբլուրում և մյուս սրբավայր դարձած բլուրներում ամփոփված անմահների գործը:
Մինի պոեմի 26 հատվածները խորհրդանշում են Վարդանի ապրած տարիները, նրա ոչ սովորական ու իսկապես առինքնող կենսագրությունը, նրա որդիական խոնարհումը մոր, հայրենի հողի ու սիրելի ժողովրդի նկատմամբ: Տիկին Զարուհին որդի է դաստիարակել նախ Հայրենիքի, հետո ընտանիքի համար, ու Վարդանն ամեն ինչ արել է մոր պատգամներն իրագործելու համար:
Ճիշտ է, այսօր տիկին Զարուհին, որպես մայր, ցավով է խոսում թոռնիկ չունենալու մասին, բայց Վարդանի ու Վարդանների զավակներն են ազատ Հայաստանում, ազատ Արցախում ծնվող բոլոր բալիկները, որոնց երջանկության մասին երազանքն էին փայփայում Արցախյան գոյամարտի բոլոր մասնակիցները` կին թե տղամարդ, երիտասարդ թե տարիքն առած…
Հողը, երկիրը Հայրենիք են դառնում հերոսների գիտակցված անձնազոհությամբ, և հաղթում են անմահ նահատակները: Այդ հաղթանակն այսօր Արցախն է, մեր երախտագիտությունը հերոսների, հատկապես` նրանց դաստիարակած մայրերի հանդեպ:
Ռուբեն Գրիգորյանի մինի պոեմն այդ երախտագիտության արտահայտություններից է, ապրողներիս ու գալիք սերունդների խոնարհման դրսևորումը մեր արիասիրտ մայրերի ու նրանց քաջազուն զավակների նկատմամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։