Բոլորովին վերջերս լույս տեսած «Պերճ Զեյթունցյանի ժամանակը» մենագրությունը (273 էջ¤ բեղուն թատերագետ, գրող, թարգմանիչ, նաև իմ կարծիքով գրականագետ Լևոն Մութաֆյանի 31-րդ գիրքն է, որը վերստին հաստատում է հեղինակի բազմագիտակությունը, ընդհանրացումներ կատարելու բնատուր օժտվածությունը, 20-րդ դարի և մեր օրերի ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության հնարավորինս իմացությունը:
Գրքի առաջաբանը արդեն ազդարարում է, թե Պերճ Զեյթունցյանի գրական աշխարհ մուտքը, որը 1958-ին էր, անսպասելի էր ու հետաքրքիր: 18-ամյա գրողը հայ ընթերցողի սեղանին դրեց «Նրա առաջին ընկերը» պատմվածքների ժողովածուն, որն իր ասելիքով շատ տարբեր էր խորհրդահայ գրականության համար ընդունելի բովանդակային-գաղափարական ավանդույթից:
Պ. Զեյթունցյանը հայրենադարձ ծնողների զավակ էր` եկած Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից: Հայրենիքում հաստատվելու ջերմ ցանկությամբ տարագիր ծնողները թողել էին իրենց անհամեմատ բարեկեցիկ կյանքը, եկել հետպատերազմյան Երևանը, ուր մարդիկ ապրում էին` կրելով բազում տնտեսական դժվարություններ: Դրան հետևեց 1949-ի աքսորը, շատ հայրենադարձներ հայտնվեցին Սիբիրում` միայն ու միայն շեշտված ազգային մտածողություն ունենալու պատճառով: Այս քաղաքական անցուդարձը իր կնիքն է դնում ապագա գրողի մտածողության վրա, ուր հիմնական ասելիքը մղվում է դեպի շարադրանքի ենթաշերտ:
Այդ տարիներին փոխարինելու եկան ապրելու ու ստեղծագործելու նոր օրեր` 20-րդ դարի 60-ական թվականները: Վարդան Աճեմյանը բեմադրեց «Իմ սիրտը լեռներում է» հրաշք պիեսը` Վիլյամ Սարոյանին միանգամից դարձնելով արվեստի սիրահարների` հասուն թե երիտասարդ, պաշտելին: Մինչև հիմա էլ մի առանձին ջերմությամբ եմ հիշում Մեք Գրեգոր` Վահրամ Փափազյանին, Ջոնի` Վարդուհի Վարդերեսյանին, Բեն Ալեքսանդր` Բաբկեն Ներսիսյանին, Ջոնիի տատիկ՝ Արուս Ասրյանին, պարոն Կոսակ` Խորեն Աբրահամյանին, որոնք մեծ գրողի պիեսի մեջ փայլեցին իրենց անկրկնելի դերակատարումներով: Այդ նորացված ժամանակին համահունչ առավել ազատ ու անկաշկանդ սկսեց գրել երիտասարդ Պերճ Զեյթունցյանը` ժամանակակից հայ կյանքը, Հայաստանի պատմական անցյալը, մարդկության համընդհանուր ճակատագիրը դարձնելով իր գրականության նյութ:
Հրաշալի ձևով Լ. Մութաֆյանը պատկերում է Պերճ Զեյթունցյանին զուգահեռ հանդես եկած տաղանդավոր արձակագիրների ու դրամատուրգների երևան գալը հայ գրականության անդաստանում` առաջին հերթին Հրանտ Մաթևոսյան, ապա Զորայր Խալափյան, Վարդգես Պետրոսյան, Նորայր Ադալյան, Ռուբեն Հովսեփյան:
Լ. Մութաֆյանին մտահոգում է նաև այսօրվա երիտասարդական արձակը. «Իմ մտահոգությունը վերաբերում է նոր սերնդի արձակի նկատմամբ ընդհանուր դիրքորոշմանը, ըստ որի այդ սերնդի մեջ մեկ-երկուսն են միայն, որ շարունակում են մեր ազգային ավանդները, ստեղծում ազգային կերպարներ, իսկ մյուսները, իբր գալիս են օտար ազդեցություններից: Ես չգիտեմ, երբ կծնվի այն արձակագիրը, որ կկարողանա նաև մեն-մենակ արտահայտել կերպարների, կոլորիտի ու ազգային խառնվածքի ողջ բարդությունը: Տա՛ Աստված` շուտ ծնվի» (էջ 13-14¤: Այս մեջբերման իմաստն այն է, որ վերոհիշյալ պարտադիր հատկանիշն ունեին թե՛ Պ. Զեյթունցյանը և թե՛ վերևում հեղինակի կողմից թվարկված արձակագիրները:
Լ. Մութաֆյանը Պ. Զեյթունցյանի ստեղծած արձակն ու դրամաները քննում է` աչքի առաջ ունենալով համաշխարհային գրականության հանրահայտ մեծերի` Բորխեսի, Ջոյսի, Կաֆկայի, Ֆոլկների, Քամյուի շրջանառվող երկերը: Գրաքննադատը Զեյթունցյանի արձակում և դրամաներում մատնացույց է անում նեոռեալիզմի տարրերը, որոնք հատկապես փայլեցին 20-րդ դարի 60-ականներին` իտալական կինոյում, և որոնց սցենարները կարդում էինք այդ նույն թվականների «Иностранная литература» ամսագրի շատ հարուստ համարներում: Մանրամասն վերլուծելով «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպը` Մութաֆյանը այն կապում է էկզիստենցիալիզմի մեթոդի հետ և Զեյթունցյանին համարում գրական այդ մեթոդը մեզանում ներմուծողներից:
Պ. Զեյթունցյանի որոշ գործերում գերիշխող է մենության թեման, այս առումով նրա այդօրինակ ստեղծագործությունները կապվում են Ալբեր Քամյուի գործերի հետ: Քամյուն շատ էր կարևորում ներքին մարդուն, որը սովորական աչքի համար անտեսանելի է: Իր պատմվածքներից մեկում նա տվել է սիրո իր բանաձևը. «Եթե քեզ չեն սիրում, դա անհաջողություն է, իսկ եթե դու չես սիրում, դա դժբախտություն է»:
Զեյթունցյանի դրամատիկ տաղանդը երևան է գալիս «Երևանյան օրերի խրոնիկա» կինոնկարում, որն իրականություն դարձավ անվանի կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանի համագործակցությամբ: Ֆիլմի ասելիքը և պահանջը երբեք չի հնանալու. մարդն իր համար, ապրելուց բացի, պետք է մտածի նաև ընդհանուրի շահի մասին, այլապես խախտվում է մարդկայնության այն տարրական պահանջը, որը դրված է քրիստոնեության հիմքում, և ոչ միայն:
Պատմական հզոր անհատները և տվյալ ազգի ճակատագիրը գրողն իրավացիորեն շաղկապում է իրար: Նրան հուզել են մեր անցյալի այնպիսի անուններ, ինչպիսիք էին Տիգրան Մեծը, Արշակ Երկրորդը: Պատմական թեմայի զեյթունցյանական անդրադարձը երկակի դրսևորում ունեցավ` նախ որպես «Կործանված քաղաքի առասպել» դրամա և ապա` «Արշակ Երկրորդ» վեպ:
«Արշակ Երկրորդ» վեպը լույս է տեսել 1977-ին` հայ ընթերցողին ներկայացնելով 4-րդ դարի 50-60-ական թվականների հայոց պատմության նոր մեկնություն: Այս վեպը պետք է մրցակցեր Րաֆֆու գլուխգործոցի` «Սամվելի» և Ստեփան Զորյանի «Պապ թագավոր» ու «Հայոց բերդը» վեպերի հետ, որոնք նույն պատմական իրականության մեկնաբանություններն էին նոր ժամանակներում: Րաֆֆուն թերևս ծանոթ չէին Ամմիանոս Մարկելլինոսի պատմության այն հատվածները, որոնք մեծաքանակ նյութ էին պարունակում Արշակ Երկրորդի ու Պապ թագավորի գահակալության ժամանակների վերաբերյալ: Ստեփան Զորյանը մեծապես օգտվել էր լատին պատմիչից, որովհետև արդեն կար այդ պատմության ռուսերեն թարգմանությունը, և նրա վեպերը դրանից միայն շահել էին: Ամմիանոս Մարկելլինոսի պատմությանը ծանոթ մասնագետը հեշտությամբ կհասկանա, թե ինչու ֆրանսիացի հայագետ Սեն-Մարտենը այդքան բարձր է գնահատում Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը». լատին պատմիչը և հայ պատմիչը շատ նույնական են պատմում որոշ պատմական անցքեր:
Լ. Մութաֆյանը պատմական թեմատիկային անդրադառնալիս երևան է հանում թե՛ Պ. Զեյթունցյանի և թե՛ իր խոր ծանոթությունը հայ ժողովրդի պատմությանը: Արշակ Երկրորդի պատմական ժամանակահատվածի անդրադարձի հիմքը Արշակավանի երևույթն է` մի հանդուգն նախաձեռնում 4-րդ դարի համար, որը, սակայն, դատապարտված էր կործանման:
Գրքում նույնքան մանրամասն վերլուծված է «Ավերված քաղաքի առասպելը» դրամայի սունդուկյանական ներկայացումը, որում Արշակի կերպարը մարմնավորում էր Խորեն Աբրահամյանը, և Մութաֆյանի բնորոշմամբ` դա մի բեմադրություն էր, «որը երևույթ դարձավ պատմական դրամաների բեմադրությունների պատմության մեջ, նոր սկիզբ արձանագրեց» ¥էջ 199¤: Բեմադրությունն իրականացրել էր Հրաչյա Ղափլանյանը, և Արշակի կերպարը դրամայում ներկայանում էր նոր մեկնաբանմամբ: Գրքում բացահայտված է նաև նույն դրամայի առավել մերօրյա մեկնաբանում` Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Երկու բեմադրություններն էլ, ըստ գրաքննադատի, հաջողված են` չնայած ընդհանրության եզրերը մեծ չեն: Ստացվում է, որ ամեն սերունդ ունի իր Արշակ Երկրորդն ու իր Փառանձեմը` անցյալի մեկնաբանման իր նոր մոտեցումները: Չզարմանանք, որ մի օր էլ 4-րդ դարի Հայաստանի իրականությունը բեմի վրա ներկայացվի այսօրվա հագուստներով, ինչպես հաճախ Արևմուտքում ու Ռուսաստանում արդիական զգեստներով Շեքսպիրի պիեսներն են խաղում, կամ Վիեննայում երգում են Վերդիի «Տրավիատան»:
Արշակ Երկրորդից հետո Զեյթունցյանն անդրադարձել է Տիգրան Մեծին: Սա ավելի բարդ խնդիր էր, որովհետև մեզանում Հայոց մեծագույն արքայի պաշտամունքը դեռևս չի արմատավորվել էություն դառնալու և նրանից զորության ուժը ներառելու առումով: Հիշենք, թե ինչ էր ասում Տիգրան Մեծի մասին նշանավոր պատմաբան, եզակի բյուզանդագետ ու հայագետ Նիկողայոս Ադոնցը. «Տիգրան Մեծն իր արժանավայել տեղը պետք է զբաղեցնի Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին` պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»: Լ. Մութաֆյանը մեջբերում է թատերագետ Վարսիկ Գրիգորյանի այն կարծիքը, թե Զեյթունցյանը Տիգրանի կերպարի արժեքը փոխել է այսօրվա օգտին:
Հիրավի, Պերճ Զեյթունցյանի լավագույն պիեսը նվիրված է 1915-ի ցեղասպանությանը. դա «Ոտքի, դատարանն է գալիս» գործն է, որը երբեք էլ չի հնանալու, որովհետև վերժամանակյա իրողություն է. նրանում մի ողջ ժողովրդի միլիոնավոր զոհերի վրեժը լուծած Սողոմոն Թեյլերյանի կերպարն է: Ի դեպ, 2003-ին Նյու-Յորքում լույս տեսած Սամանտա Պաուերի «A problem from Hell» ¥«Դժոխային խնդիր»¤ գիրքը, որը նվիրված է ցեղասպանությունների պատմությանը, սկսվում է Սողոմոն Թեյլերյանի կերպարով և հայոց ցեղասպանության դատապարտումով: Գրքում դրված է իր անմեղ հայրենակիցների նահատակության արդարացի վրեժը լուծած հայորդու` Սողոմոն Թեյլերյանի մեծադիր լուսանկարը: Նրանում կա նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի դիմանկարը` երիտթուրքերի կազմակերպած հայերի սպանդը մերկացնող փաստաթղթերով:
Լ. Մութաֆյանը պատմական իր ակնարկով, պիեսում գործող բազմաքանակ հերոսների բնութագրումներով սպառիչ մեկնաբանում է տալիս պիեսի թե՛ պատմական և թե՛ գրական նշանակությանը: Ցեղասպանության թեման շարունակվում է «Մեծ լռություն» դրամայով, որի անդրանիկ բեմադրությունը եղել է 1982-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Դրամայի կենտրոնական դեմքը մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանն է` Գուժ Մանուկյանի դերակատարմամբ: Կատարված ողբերգությունն այն աստիճան ցնցել էր զգայուն բանաստեղծին, որ նա անել վիճակից իրեն բոլորովին մենակ էր զգում, անապատային մենակություն և լռություն, որն, ինչպես Մութաֆյանն է նկատում, Հենրիկ Հովհաննիսյանի բնութագրմամբ կոչվում է «տևական ներհայեցողության վիճակների արդյունք» ¥էջ 194¤:
Քրիստոնեությունը, մարդու և կրոնական սրբությունների խնդիրը ևս զբաղեցրել է Պ. Զեյթունցյանին: «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» պիեսը քննում է Հուդայի դավաճանության պրոբլեմը, որն այսօր էլ դրսևորվում է ամենատարբեր ձևափոխություններով: Հիսուս Քրիստոսը և Հուդան դարձել են մարդկությանը հավերժորեն ուղեկցող խորհրդանիշեր: Դա յուրօրինակ Չարի ու Բարու պայքար է, որն իրական կյանքում ավելի հաճախ ավարտվում է չարի հաղթանակով: Հրաշալի է, որ գրաքննադատը այս պիեսը վերլուծելիս բազում առնչություններ է մեջբերում Հուդայի կերպարի միջազգային ընկալումներից: Նա նաև դիտարկում է, թե դավաճանությունը գենետիկ հիմք ունի և միջավայրն ու շրջապատը երբեմն չեն էլ կարող փոխել մարդու գենետիկ հակվածությունը դեպի դավաճանությունը:
Քրիստոնեության էությունը գրողը վերստին քննում է «Խոր վիրապ» պիեսում, որի նյութը քաղել է Ագաթանգեղոսից: Չմոռանանք, որ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ Մեծը համաքրիստոնեական երևույթներ են: Գրիգոր Լուսավորչի մարմարե փառահեղ արձանը կանգնեցված է Վատիկանում: Նրա և Տրդատ Մեծի անունները մտել են աշխարհի շատ հանրագիտարաններ: Պիեսում թատերագետը մատնացույց է արել պարադոքսալ շատ շրջադարձեր, իմաստալից երկխոսություններ, որոնք պատմականությանը հաղորդում են արդիականություն:
Լ. Մութաֆյանն իրավացիորեն նկատում է, թե բոլոր գրողներն էլ ունեն շատ հաջողված և սովորական գործեր ու իր շեշտադրումը կանգ է առել Պերճ Զեյթունցյանի գրական նվաճումների վրա: Պ. Զեյթունցյանին նվիրված մենագրությունը գիտական է ու հետազոտական, նրանում բարեխղճորեն հաշվի են առնված Սերգեյ Սարինյանի, Հենրիկ Հովհաննիսյանի, Արամ Գրիգորյանի կարծիքները և հենց իր` Լևոն Մութաֆյանի բազում գրքերից բերված վկայակոչումներ:
Լևոն Մութաֆյանի «Պերճ Զեյթունցյանի ժամանակը» մենագրությունը հայ գրականության պատմաբաններին է մատուցում տաղանդավոր գրողի հիանալի դիմանկարը: