ԷԴՈՒԱՐԴ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՏԻՊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

57251188_2122113044576193_3560567002651164672_n

 

Էդուարդ Ավագյանը 1967-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր և գրական հանրությանը հայտնի է իր բանաստեղծություններով, արձակով ու թարգմանական հարուստ գործունեությամբ: Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացությունը, գեղարվեստական ճաշակը նպաստել են, որ նրա հայերենով են հնչել Ջեկ Լոնդոնի բազմաթիվ գործեր, Պ. Շելլիի ընտիր քերթվածները, Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետներն ու կոնցոնները, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծությունները, Միխայիլ Պրիշվինի պատմվածքներն ու վիպակները, տարբեր ժողովուրդների հեքիաթներ և բազմաթիվ այլ գրողների գործեր: Թարգմանական աշխատանքը հարստացրել է նրա գիտելիքների պաշարը, ավելացրել բազմագիտակությունը: Էդուարդ Ավագյանը նաև հիանալի մանկագիր էր և թարգմանություններ է կատարել նաև այլազգի մանկագիրներից:

Ինչպես ամեն մի իսկական գրող, նա ավելին է գրել, քան տպագրել է: Էդ. Ավագյանը թողել է անտիպ բանաստեղծությունների պատկառելի քանակ՝ սկսած 1942-ից մինչև կյանքի վերջին տարիները: Այս բանաստեղծությունների թեմատիկան ևս էվոլյուցիոն ընթացք է ունեցել: Սակայն երիտասարդ տարիներին գրված բանաստեղծություններում զգացվում է մարդկային կյանքի հոգսաշատ ու տագնապներով լի կյանքը:

Երիտասարդ Էդուարդ Ավագյանի պոեզիայի վրա ազդել են Պետրոս Դուրյանի ու Վահան Տերյանի քերթվածները: Այս բանաստեղծությունը, թվում է, Տերյանն է գրել.

Սիրառատ, խնդառատ աշխարհում//Ես անսեր, վշտահար կշրջեմ,// Մոռացման սարսափում և ահում//Հուսահատ, հուսառատ կանրջեմ:

Երիտասարդ բանաստեղծը երգում է սեր, գարնան զարթոնքը, կյանքի դժվարությունները հաղթահարելու պայքարի կամքը, քննում է կյանքի ու մահվան խնդիրները, գործի անմահության պրոբլեմը, նախնիների հիշատակները.

Միտք եմ անում, որ հանճարը, որ գիտունը հույզերով դեռ,//Պիտի մնան այս աշխարհում իրենց գործի պես անմեռ…

Հիանալի բանաստեղծություն է նվիրել Խաչատուր Աբովյանին, որ Հայաստանի ցավերն ու վերքերը համարել է սեփականը և դրանք թեթևացնելու ու բուժելու համար երկար անքուն գիշերներ է անցկացրել:

Դիմելով մուսային՝ Էդ. Ավագյանը խնդրում է չհեռանալ իրենից, որովհետև մուսան ամենացանկալի ու ամենահուսալի ընկերն է.

Մի՛ գնա, մուսա, թող երգեմ սիրով,//Թող ապրեմ կյանքի այրող հույսերով…

Ավագյանը տիրապետում է բանաստեղծական պոետիկայի հնարքներին, և նրա խոսքը հիշվող է ու տպավորիչ.

Ի՞նչ ես ուզում, չգիտեմ,//Ինչո՞ւ տխուր ես, տրտում,//Լաց ես լինում տխրադեմ,//Ցավդ պահած քո սրտում:

Երիտասարդ տարիներին Էդ. Ավագյանը մշակել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված հայ հին վեպի «Արտաշես և Սաթենիկ» հատվածը, ժողովրդական ավանդություն ունի՝ նվիրված արևածաղկին:

Հայտնի է, որ ռուս բանաստեղծուհի Վերա Զվյագինցևան հաճախ է թարգմանել հայ բանաստեղծներին, գնահատելով այդ նվիրումը՝ Էդուարդ Ավագյանը նրան ձոնել է  իր բանաստեղծությունը:

Բանաստեղծի ստեղծագործության թեմաներից են մայրը, աղջիկները, վաղամեռիկ աղջկա անամոք ցավը, կինը՝ լրագրող, թարգմանիչ, գրող Սվետլանա Ավագյան-Դոբրովոլսկայան, ով նրա ոչ միայն ստեղծագործության մուսան էր, այլև կյանքի հաստատուն հենարանը: 2013 թ. Սվետլանա Ավագյանը՝ հրաշալի թարգմանիչ, ռուսերենի ընտիր իմացությամբ, տպագրել է «Տարբեր ճակատագրերում» վեպ-վավերագիրը նրա հանդիպումների մասին մեր ժամանակների նշանավոր մարդկանց հետ: Այդ հանդիպումներում մշտապես ներկա է Էդուարդ Ավագյանը:

«Ինչքան քիչ բան է հարկավոր» բանաստեղծությունը շարադրված է քրիստոնեական վարդապետության ոգով: Իրականում մարդուն շատ քիչ բան է հարկավոր, և շատին ձգտելն ու ագահությունը դառնում են չարիքների պատճառ: Էդ. Ավագյանը տարբեր տարիների գրել է հայրենասիրական երգեր, որոնցում հավաստում է իր հայրենիքի խաղաղասեր ու ազատատենչ լինելը: Միաժամանակ պայքարի խրոխտ ոգին ուղեկցել է հային, որպեսզի նա պահպանի իր որդուն ու հանապազօրյա հացը:

Հուզիչ է հայ Բագրատունիների Անի մայրաքաղաքին նվիրված քերթվածը: Բանաստեղծը Անին տեսնում է Ախուրյան գետի այս ափից. այն այնքան մոտիկ է և այնքան հեռու.

Սիրտս տնքում է ցավից ահավոր,//Չէ՞ որ դու իմն ես, իմը չես նորեն…

Բանաստեղծի վաղ շրջանի հայրենասիրական երգերում տեսնում ենք մեծ լավատեսություն, որը գուշակում է իր հայրենիքի խաղաղ ու երազային կյանքը:

Էդ. Ավագյանի վերջին շրջանի բանաստեղծություններում ուրույն տեղ ունի Արցախի ճակատագրի խնդիրը, որը նրա մուսային տվել է նոր ներշնչանք ու խրոխտ պայքարի ոգի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։