ԱՂՈԹՔԻ ՇՆՉՈՎ
Մարդկային հոգու ծփացող ջրերի մեջ, տիեզերքում վերուվարող տարանուն լիցքերի բախումներից դուրս` Հայկ Հրայրն իր ոգեղեն կղզին արարեց` բանաստեղծի երազների հովիտը, որտեղից մարդկությանն է հղում սիրո, կարոտի իր լուսեղեն մանվածքը: Իրականի և անիրականի անցումներն այնպես աննկատ են մնում, և երկրային-երկնային սահմանն այնպես միահյուս է, որ թվում է` սովորական քայլքով, հարազատ փողոցներով կարող ես վեր ելնել, շրջել երկնքով մեկ ու վերադառնալ: Բանաստեղծի համար երկնային տարածքները նույնպես Աստծուց շնորհված ուղիներ են` ոգեղեն ճախրանքի տանող: Նրա բանաստեղծությունները շարքից շարք դառնում են ավելի եթերային, լուսեղեն ու թափանցիկ: Դրանք ասես սիրո սաղմոսներ և մեր մեղավոր հոգիները մաքրող աղոթքներ լինեն, որոնք ցպռունկ լցված են բանաստեղծի թանձրացած կարոտներով:
Հայկ ՀՐԱՅՐ
… Գրկում եմ քեզ
Եվ հեռանում մեն մենակ,
Ինձ չփնտրես այս գիշեր,
Թող գիշերը լինի
սիրուս ընկերը,
Որ կարոտեմ
առավոտին քո բերած…
Բարի գիշեր ինձ չասես,
Ես մնում եմ աննկատ
Աստղալույսի ցոլքի մեջ,
Որ չտանի լուսաբացը քեզ
խանդով
Իր թևերին` բարուրած…
Ինձ չփնտրես այս գիշեր,
Թող կարոտեմ
առավոտին քո բերած…
Նռան գինի
…Շրթունքներդ նռան գինի`
Կգաս մի օր,
Լուռ կժպտաս,
Կասես` խմիր համբույրներս
Կարմի՜ր-կարմի՜ր
Կարոտների…
Ու ճաք կտա
Ու կդողա,
Կաթի՜լ-կաթի՜լ
Սրտիս վրա
Համը այրող սարսուռներիդ`
Որպես նռան կարմիր գինի…
Ու կարևի,
Կշիկանա,
Կրակը խաս կաթիլների
Բյուրեղներում մեր կրքերի`
Որպես նռան կարմիր գինի…
Հատիկ-հատիկ,
Կաթիլ-կաթիլ,
Կքամվի մեր երակներում
Արբունքը Ծիր Կաթինների
Երկինքներից
կարմի՜ր-կարմի՜ր…
Այս բաժակը
Այս բաժակը
Չի դատարկվում,
Չի հեռանում…
Կաթիլ-կաթիլ
Հուշ է խմում
Քո աչքերից,
Իմ կարոտի արբունքով լի
Կարասների՜ց…
Այս բաժակը
Սպասում է,
Որ փշրվի,
Փշաքաղվի,
Քո ափերում`
Քո շուրթերի
ջերմությունի՜ց…
Այս բաժակը
Ինձ չի լքում,
Հավատում է,
Աղոթում է,
Որ կխմի
Կենացը քո վերադարձի
Քո՜ շուրթերից,
Քո շուրթերի`
Սարսուռների՜ց…
Սիրո անձրև
… Ինչպես երկնքից
Անձրևն է իջնում
Աղոթքից ծնված,
Թող որ թաթախվի
Մեր սերը անէ`
Սիրո ջրերին
Երկնքից կախված…
Դու պարուրիր ինձ
Քո աղոթքներում`
Ես ծարավում եմ
Քո հայացքների
Ջրերի ձայնին…
Թող նրանք հոսեն
Իմ էության մեջ
Ջրվեժների պես,
Երկնքին հպված…
Թող ծարավը մեր սիրո
հրաշքի
Աստղերին քսվի,
Որ շաղվի ճամփան
Մեր կարոտների
Անտես հույսերի
Հրեղեն լույսին…
Կնքիր ինձ սիրուդ երկնքի
կանչով
Դու իմ անձրևն ես
Աղոթքի տեսքով,
Թող հնչեն բոլոր մեղեդիները`
Չգրված, գաղտնի,
Դու իմ աղոթքն ես
Անձրևի ձայնով…