Ապրիլի 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի ուսանողների հրավերով հավաքվել էին Համո Սահյանի հավատարիմ ընթերցողները: Ցերեկույթը բացեց բան. գիտ. դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը: Նա ասաց, որ երախտապարտ է Սահյանի բանաստեղծական աշխարհին, որի շնորհիվ հնարավոր է եղել ասֆալտապատ ու ասֆալտախեղդ քաղաքում կենդանի պահել հողի հետ կապը: Գրադարանի տնօրինուհի Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` Սլավոնական համալսարանի դասախոսներին, գրողի որդուն` Նաիրի Սահյանին, բան. գիտ. դոկտոր Շչորս Դավթյանին, երգահան Արսեն Համբարյանին և մյուսներին: Ասմունքի մրցույթի մասնակիցները ներկայացրին գրողի բանաստեղծություններից, նրա կյանքից դրվագներ և գրականության գրական նշանավոր դեմքերի մասին մտքերից: Ներկաները հուզմունքով և անթաքույց ուրախությամբ լսեցին ուսանողների ելույթները, իսկ համալսարանի դասախոսներ, բան. գիտ. թեկնածուներ Նաիրա Իսկանդարյանը, Ժենյա Ռոստոմյանը, գրող Հովիկ Վարդումյանը, Արսեն Համբարյանը և գրադարանի փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանը գնահատեցին նրանց ասմունքը:
Շչորս Դավթյանը ներկայացրեց Համո Սահյանի քառահատոր ժողովածուի առաջին և երկրորդ հատորները, խոսեց բանաստեղծի հետ երկար տարիների բարեկամության մասին: Նաիրի Սահյանն արժևորեց հոգևորի դերը մեր կյանքում և ուսանողներին կոչ արեց շատ կարդալ, լավ իմանալ հայ գրականության մեծերի թողած հարուստ ժառանգությունը: Արսեն Համբարյանը կատարեց Սահյանի տեքստերով իր գրած երգը և մի քանի հայրեններ:
Ամփոփիչ խոսքում Մ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և մայիսի 6-ին նրանց հրավիրեց Սլավոնական համալսարան, որտեղ կշարունակվեն հոբելյանական միջոցառումները: Նա ասաց, որ ուրախ է իր սաների համար. նրանք անպայման կգտնեն իրենց կածանը Սահյանի տողերի մեջ անմահացած բազմաթիվ արահետների մեջ: